ԿարևորՀասարակություն

Ծխելը վնասակար է, ծխախոտի ցուցադրումը՝ արգելված

Հունվարի 1-ից ուժի մեջ է  մտել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքը։  Հարցը կարգավորվում է  «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով՝ ընդունված 2020թվականին։ Դրա հիմնական դրույթները  գործում են արդեն 1 տարուց ավել, մյուսներն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար, որպեսզի հանրությունն ու տնտեսվարողը պատրաստվելու ժամանակ ու հնարավորություն ունենան։

Ծխելը վնասակար է առողջությանը, մահացու է, առաջացնում է թոքի քաղցկեղ, սիրտ-անոթային հիվանդություններ, վնասում է ձեր  ապագա երեխային․․․ծխողներն այս զգուշացումները տեսնում են անընդհատ՝ ծխախոտի տուփի վրա։ Ծխախոտի տուփերը, ծխախոտային արտադրատեսակները ու այն ամենը, ինչը հիշեցնում է ծխախոտի մասին, վաճառասրահներում այլևս տեսանելի վայրերում չեն տեղադրվի։ Հարցը կարգավորվում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած հակածխախոտային օրենսդրական փոփոխությամբ։ Օրենքը խախտողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Սա նշանակում է, որ քաղաքացին կարող է մոտենալ վաճառակետին, ասել՝ ինչ ծխախոտ է ուզում ու ստանալ այն՝ առանց ամբողջ տեսականին տեսնելու։ Այս կարգավորմանն այսօր անդրադարձել են կառավարության նիստում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խնդիրը ներկայացրել է թվերով․

«Հայաստանում, ընդհանուր առմամբ, 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է։ Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են՝ 51 տոկոսըյուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխող է։ Մեր քաղաքականությունն ու հանձնառությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այդ օգտագործման արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը»։

Առողջապահության նախարարությունը կարևորում է փոփոխությունը՝  նշելով, որ  վաճառակետերում ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների աչքի ընկնող ցուցադրությունը գրավում է հատկապես երիտասարդներին, դեռահասներին։ Գովազդն անում է իր գործը, ու դրական վերաբերմունք է ձևավորում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների նկատմամբ: Խնդիրը առողջապահական է, բայց ոչ միայն։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանն ասում է, որ Հայաստանը հետևում է միջազգային փորձին, որտեղ նույնպես խստացնում են ծխախոտի շուկան։ Նրա խոսքով, սակայն, Հայաստանի համար՝ հանրային առողջության տեսակետից, առաջնային խնդիրը սա չէ, հատկապես որ լուրջ հետազոտություններ այս առումով չեն իրականացվել․

«Ինչ վերաբերում է առողջապահական խնդրին, ապա այստեղ էլ մենք պետք է զգույշ լինենք, որովհետև Հայաստանում հանրային առողջությունը միայն ծխել կամ չծխելով չէ պայմանավորված։ Մեր մոտ ավելի գլոբալ պատճառներ կան այս տեսանկյունից։ Վերջին տարիների դեղերի ներմուծման ծավալների աճը, ընդհանուր հիվանդությունների քանակը, կորոնավիրուսի հետևանքով հարակից հիվանդություններով մահվան դեպքերը ցույց են տալիս, որ հանրային առողջության խնդիրը Հայաստանում կարգավորված չէ, ու դա միայն ծխախոտով չէ պայմանավորված»։

Տնտեսագետը կարևորում է նաև այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ օրենքի հետևողական կիրառումից հետո։ Դրանք լինելու են տնտեսական ոլորտից, ազդելու են ծխախոտի շուկայի, արտադրության ու ներկրման, նույնիսկ տուրիզմի վրա։ Լսենք Գագիկ Մակարյանին․

«Երբ մենք միանգամից խստացնում ենք ծխախոտի շուկան, պետք է հաշվի առնենք, որ դա կարող է վնասել տարբեր շահերի։ Օրինակ, բացօթյա սրճարաններում ծխելու արգելքը կարող է վնասել տուրիզմին՝ նվազեցնելով եկամուտը, ներքին ծախսերի քանակը, որը տուրիստը իրակացնում է։ Այսպիսով կսահմանափակվեն տուրիստի՝ բավականություն ստանալու հնարավորությունները»։

Տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը կարծում է, որ փոփոխությունները տեղին են ու շուկան կարող է հարմարվել դրանց։ Կառավարության նիստում Ասոյանը անդրադարձել է օրենքի կիրառման ընթացքը վերահսկող մեխանիզմներին․

«Իրականում, այս ոլորտի վերահսկողությունը շատ մեծ և ընգրկուն ասպեկտ ունի։ Այս առումով, վերահսկողական ուղղությունները դրված են մի քանի տեսչական մարմինների վրա։ Այդ աշխատանքներին մասնակից են նաև տեղական ինքնակառավարման մարմինները, Ոստիկանությունը։ Մենք 6 ամիս առաջ արդեն իսկ իրազեկման լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել բիզնես սեկտորում, որպեսզի հնարավորինս նախապատրաստվենք այս նոր կարգավորումներին ու հուսով եմ, որ բիզնեսը որոշակի առումով ադապտացվել է, վերահսկողությունն էլ պատշաճ կարգով կիրականացվի»։

Գագիկ Մակարյանն այստեղ վերապահումներ ունի։ Ասում է՝ ինչքան էլ փորձեն խստացնել ու վերահսկել, միևնույն է, մեծ արդյունքի չենք հասնելու․

«Վերահսկողությունն էլ կարող է այդքան հեշտ չլինել ո՞ր ժամերին, ե՞րբ, ուշ գիշեր, ցերեկ․․․։ Գիտեք, որ մեր մոտ, բացօթյա սրճարանները, մանավանդ տաք եղանակին, մինչև լույս աշխատում են համարյաինչպե՞ս ենք բոլորի վերահսկողությունը իրականացնելու»։

Համաձայն հետազոտությունների՝ ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է ծխախոտի գովազդի ազդեցությունը դեռահասների վրա՝ մինչև 83%-ով․ առողջապահության նախարարությունն է տեղեկացնում։ Հիշեցնում է, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնելու հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա վայրերում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման արգելքը: Կա հույս, որ օրենքի կիրառումը կնպաստի նաև դիաբետի, քաղցկեղի, սրտանոթային ու թոքերի քրոնիկ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, կնվազեցնի մահվան դեպքերը։

Back to top button