Գերդաստաններ

Գառզու. հանրահռչակ նկարչից մինչև լրագրող ու էսսեիստ․ «Գերդաստաններ»

20-րդ դարի անվանի նկարիչներից մեկն իր մասին այսպես է գրել. «Էությամբ,  աշխարհզգացողությամբ ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ, նրա տաղանդի՝ մի փոքր փայլատակումը։ Հպարտ պիտի զգամ ես ինձ, եթե սիրեն և գնահատեն իմ արվեստը»։

Նրա երազնաքը կատարվեց, նրան ճանաչեց աշխարհը, նրանով հպարտացավ ողջ Փարիզը, իսկ յուրաքանչյուր հայ նրան պահեց իր սրտի ամենանվիրական  անկյունում։

Նա ծնվել է նոր տարեմուտին․ 1907 թվականի հունվարի 1-ին՝ Հալեպում։ Իսկ Գառնիկ Զուլումյանի ընտանիքը Հալեպ էր գաղթել Արևմտյան  Հայաստանի Տիգրանակերտ` այժմ Դիարբեքիր քաղաքից։ Հայրը լուսանկարիչ   էր և այդ աշխատանքով կարողանում էր պահել իր ընտանիքը: Սակայն շուտով այդ ընտանիքի խաղաղ կյանքն ընդհատվում է եղեռնի արհավիրքների պատճառով։ 9-ամյա Գառնիկն իր աչքերով է տեսնում հայրենակիցների սպանությունները, շուտով մահանում է նաև հայրը։

1918 թվականին նա մոր ու քրոջ հետ Հալեպից տեղափոխվում է Եգիպտոս՝ Կահիրե։ Այստեղ սկսում է սովորել Գալուստյան վարժարանում, իսկ 1924 թվականին նորից մեկնում, այս անգամ՝ Փարիզ։ Ընդունվում է Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախում Մոնպառնասի Գրան Շումիեր ակադեմիան։ Նկարչի որդին՝ Ժան Մարի Գառզուն է շարունակում պատմությունը։

1926 թվականին Փարիզում ապրուստի միջոց հայթայթելու համար Գառնիկը կտորեղենի նախշազարդման էսքիզներ էր անում, ճեպանկար դիմապատկերներ և  այլ աշխատանքներ։ Շուտով սկսվում է ստեղծագործական որոնումների շրջանը։ Աբստրակցիոնիզմին փոխարինելու է գալիս սյուրռեալիզմը։ 1929 թվականին «Ալքազարի հին պարտեզները» գործը նրան բերում է առաջին հաջողությունը։ Իսկ 1949 թվականին Գառզուն ստանում է Հոլմարկի մրցանակ՝ «Հովիվը և մոգերը» նկարի համար։ Սկսվում է մրցանակների ու փառքի շրջանը՝ պատմում է արվեստաբան Նունե Թադևոսյանը։ 

1957 թվականին ծնվեց նրա «Ապոկալիպսիս» նշանավոր նկարաշարը, որը ցնցեց ողջ  Ֆրանսիան, հետո՝ աշխարհը։ Այն մարդատյացության և պատերազմի քննադատության մասին էր, այն դեմ էր մարդուն սպանող ցանկացած արհավիրքի։

«Ապոկալիպսիս»-ից երկու տարի անց՝ 1959-ին ծնվեց «Երկրային դրախտ» շարքը,  որը կյանքի գեղեցիկի մասին էր։ Գառզուի գործերում իրականությունն ասես գծերից կազմված մի աշխարհ լինի, որը երևում ու չի երևում միաժամանակ, որը կա ու չկա։ Գառզուի կինը՝ Նանեն, ֆրանսուհի էր, էությամբ սակայն կարծես հայ լիներ։ Հիմա ժամանակն է խոսելու արդեն նկարչի որդու՝ Ժան Մարի Գառզուի մասին։

Նա ծնվել է 1986 թվականին, պրոդյուսեր է, ռեժիսոր, էսսեիստ, երկար ժամանակ աշխատել է որպես ֆրանսիական ՕՌՏՖ հեռուստատեսության մշակութային ծրագրերի ղեկավար, հրատարակել է մի քանի  գրքեր ցեղասպանության թեմայով։ Տաղանդավոր նկարիչը երկարակյաց էր, մահացավ 93 տարեկանում, բայց նրա ճանաչված արվեստն է, որ կապրի դարերով, այն ինքնատիպ է, ոչ ոքի չկրկնող։ 

Նկարները՝ https://www.bak.am

Back to top button