Խոշորացույց

Ասա ինչպես ես հանգստանում, ասեմ` ինչպես ես աշխատում. «Խոշորացույց»

Երբ լրագրող էի, աշխատանքային օրենսդրությունը խմբագիրներին  հնարավորություն էր ընձեռել լրացուցիչ չորս օր արձակուրդ վերցնել։ Այն ժամանակ կառավարությունում հավատարմագրված լրագրողներով որոշեցինք մի բան անել, որ նման հնարավորություն ունենանք մենք, քանի որ անարդար էինք համարում`  խմբագիրները հանգստանան, մենք` ոչ։  

Երբ լրագրողներս հասանք հաջողության եւ օրենսդրության փոփոխության արդյունքում խմբագիրների փոխարեն նման լրացուցիչ արձակուրդ ունենալու հնարավորությունը տրվեց լրագրողներին, ես արդեն խմբագիր էի։


Ինչպես սկսեցինք տոնել Նոր տարին, եւ ինչպես, հակառակ խորհրդային հակաքարոզչությանը, չմոռացանք մինչ այս ձեւավորված ավանդույթները` Մարիամ Հովսեփյանի ռեպորտաժում։

Երբ Ամանորի ու Սուրբծննդյան երկարատեւ հանգստի շրջան սահմանվեց, դա ինձ համար չէր։ Երբ աշխատում ես լրատվական ծառայությունում, տոնական օրերը, միեւնույնն է, քեզ համար չեն։ Անցած տարի երկու տասնամյակից ավելի ձգվող աշխատանքս լրատվական ծառայությունում ավարտվեց, մտածեցի, որ ես էլ Ամանորի երկարատեւ հանգիստ կունենամ, բայց փոխվեց օրենսդրությունը եւ մոտ տասնօրյա հանգստի «գնացքը» ինձ «դիպչելով» անցավ դեպի անէություն։

Երբ ընկերներիցս մեկին վերջերս հանգստի այս «զրկված» հնարավորությունների մասին էի պատմում,  կատակով շեշտեց. «Ասա կառավարությունը հետեւիցդ է ընկել»։

Եթե ավելի լուրջ մոտենամ խնդրին, պիտի գոնե ինքս ինձ հարց տամ, իսկ ինչի՞ համար են մարդկանց հանգստյան օրեր տալիս եւ ինչո՞ւ էր ինձ պետք լրացուցիչ հանգստյան օրը։ Որքան էլ ցինիկ հնչի, հանգստյան օրերը դրանք ամենեւին մարդասիրական բնույթ չունեն, դրանք տնտեսական ու շատ ռացիոնալ նպատակ են հետապնդում։ Հանգստյան օրը նրա համար է, որ մարդը կտրվի իր աշխատանքային առտնին հոգսերից եւ աշխատանքի վերադառնա լրացուցիչ լիցքերով։ Սա, ինչպես տնտեսագետները կասեն, պետք է օգնի արտադրողականության աճի բարձրացմանը։ Այսինքն` որքան լավ հանգստանանք, այդքան ավելի լավ կաշխատենք։

Անկախ հանգստյան ու տոնական հաստատված օրերից Հայաստանում կան մարդիկ, որոնք աշխատում են 365 օր։ Նրանց մասին է Հռիփսիմե Հովհաննիսյանի ռեպորտաժը

Բայց ինչպես ենք մենք հանգստանում, ինչպես ենք կտրվում մեր սովորական հոգսերից, մենք, որպես հասարակություն, ունե՞նք հանգստանալու եւ աշխատելու ձեւավորված մշակույթ։ Սրանք, ըստ իս, ամենեւին ավելորդ հարցեր չեն։  

Եթե հանգստյան օրերին չեմ կտրվում աշխատանքային ու ամենօրյա հոգսերից, եթե  հանգիստն անցկացնում եմ բազմոցի վրա` հեռուստացույցի մոտ կամ համակարգիչը ձեռքիս, արդյո՞ք այդ հանգիստը ինձ համար անհրաժեշտ է, արդյո՞ք դրանից հետո ես աշխատանքի վերադառնում եմ` աշխատանքս կարոտած։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այ այս հարցերի պատասխանն ենք փորձել գտնել «Խոշորացույցում»  պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի օգնությամբ։

Back to top button