ԿարևորՀասարակություն

Լավ կողպեք ձեր քարտը․ զեղծարարն իր հեռախոսով էլ կարող է ձեզ թալանել

Նորագույն տեխնոլոգիաները, մի կողմից, հեշտացնում են մեր կյանքը, մյուս կողմից էլ բարդացնում այն։ Ֆինանսական գործարքները հիմնականում կատարվում են անկանխիկ, բանկային քարտերով, որոնք արդեն մեր օնլայն դրամապանակն են։  Եվ եթե չհետևենք անվտանգության կանոններին, ապա օնլայն դրամապանակը ևս հեշտությամբ կկորցնեք։ 

Ժամանակակից աշխարհում կանխիկ փողն աստիճանաբար զիջում է դիրքերը ու պարտվում բանկային քարտերին։  Քարտերով հարմար է վճարել ցանկացած վայրում, ցանկացած ծառայության  համար` սուպերմարկետից  մինչև  ռեստորան ու բենզալցակայան։ Իսկ եթե կանխիկ գումարի անհրաժեշտություն կա, պետք է պարզապես գտնել մոտակա բանկոմատը։

Եվ, ի վերջո, կորցնելով քարտը՝ չենք կորցնում ամբողջ  գումարը, ինչը չես ասի դրամապանակը կորցնելու դեպքում: Վերջին պնդումը, սակայն,  այդքան էլ միանշանակ չէ։ Պարզվում է ՝ օնլայն դրամապանակը կորցնելն էլ դժվար չէ։ Նորագույն տեխնոլոգիաները, մի կողմից, հեշտացնում են մեր կյանքը, մյուս կողմից էլ՝ բարդացնում այն։ Բանկային քարտերը նախ թողարկվում էին  մագնիսական ժապավեններով,  որոնց կեղծման տարբերակները  ժամանակի ընթացքում գտնվեցին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է «Արարատ բանկ» ընկերության պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Հայկ Հարությունյանը։

«Կարողանում էին կեղծել, տպել քարտեր մագնիսական ժապավենի տվյալներով։ Հետագայում փոխարինման եկան արդեն չիպերը։ Չիպի կեղծման դեպքեր դեռևս չեն հայտնաբերվել»։

Չիպերով քարտերն ապահով էին, բայց ժամանակատար։ Ինչու ծախսել թեկուզ 1 րոպե, եթե գործարքը կարող է ակնթարթներ տևել։ Անհպում վճարման հնարավորությամբ քարտերը, կամ ինչպես հաճախ ընդունված է ասել wifi-ով քարտերը բանկային վերջին նորամուծություններից են։ Այս դեպքում ոչ սպասել է պետք, ոչ էլ PIN հավաքել։ Մինչև 20 հազար դրամի գործարքը հնարավոր է ակնթարթորեն կատարել։ Բայց եթե քարտային մյուս տեսակների դեպքում  պաշտպանության վահանը PIN կոդն է, ապա անհպում քարտերի դեպքում այդ վահանը չկա։ Սա, մի կողմից,  հարմարավետ է, մյուս կողմից՝ ռիսկային։

«Մտավախություն ունեինք, որ զեղծարարությունները շատ կլինեին, բայց մարդկանց մոտ քարտերով սպասարկման մշակույթը արդեն զարգացել է, և եթե մի ժամանակ մարդիկ քարտը որպես քարտ էին դիտարկում, ապա հիմա հասկանում են, որ դա իրենց ամբողջ դրամապանակն է»։

Ոստիկանությունից էլ մեզ հայտնեցին, որ անհպում քարտից գումարային կորուստների մասին բողոքներ դեռևս չեն ստացել։ Փոխարենը այլ երկրներում է նախադեպերը շատ, և այդ առումով ամենառիսկայինը  հանրային տրանսպորտն է։ Թեև  Հայկ Հարությունյանն այստեղ լուրջ ռիսկեր չի տեսնում։ Զեղծարարին բացահայտելն, ասում է,  դժվար չէ։

«Գումարը, որը տրանսպորտից կգողանան ձեզանից, մուտք կլինի տվյալ տնտեսվարողի բանկային հաշվեհամարին։

Իրականում այս ռիսկը կա, և անհպում քարտերը ամենախոցելին են այդ առումով։ Իսկ ուրիշների գումարները տնօրինելու համար տերմինալ գտնելը  բոլորովին էլ պարտադիր չէ․  հեռախոսն էլ բավական է։ Մեդիափորձագետ Ալեքսադր Մարտիրոսյան.

«Հատուկ ծրագրային ապահովմամբ կարողանում են գումար փոխանցել հեռախոսից հեռախոս, կամ հեռախոսից քարտ։ Դա  NFC  համակարգն է, որը համարվում է վճարային համակարգ։ Եթե քաղաքացին երկաստիճան անվտանգություն է միացնում, փոխանցումները միայն հաստատումով է դարձնում, ռիսկեր գրեթե  չի լինի»։ 

Բոլոր ռիսկերը բացառելու համար մասնագետը հիշեցնում է՝ կան նաև հատուկ դրամապանակներ, որոնցում ձեր քարտն ու գումարները լիովին պաշտպանված են  «հարձակումներից»։

«Հատուկ քեյսեր կան հիմա, եթե դրանց մեջ են պահվում քարտերը, դրանք թույլ չեն տալիս, որ այլ հեռախոսի կամ այլ տերմինալի միջոցով գումարի կանխիկացում տեղի ունենա։ Ես թերևս չգիտեմ Հայաստանում նման դեպք արձանագրված։  Միևնույն ժամանակ, չի էլ բացառվում, որովհետև  տ եխնոլոգիաների ոլորտն այնպիսի ոլորտ է, որտեղ ցանկացած լուծում ունի նաև իր հակառակ կողմը»։

Ամեն դեպքում, եթե դուք կորցրել եք ձեր քարտը, կամ այն գողացել են, մասնագետները հորդորում են անհապաղ բլոկավորել այն՝ կորուստներից խուսափելու համար։

Իսկ ամենաճիշտ լուծումը  քարտը ստանալիս նաև sms հաղորդագրություններ ստանալու ծառայությունն  ակտիվացնելն է, որի միջոցով  կծանուցվեք ձեր քարտով իրականացվող ցանկացած գործարքի մասին։ Միշտ հիշեք, եթե կորցնեք ձեր քարտը, բանկը դրա համար որևէ պատասխանատվություն չի կրում։ Ճիշտն  ավելի  ուշադիր լինելն է։

Back to top button