Դասական երաժշտությունը և մենք

«Վալսերի արքա»․ այսպես են կոչում Յոհան Շտրաուս-որդուն․ «Դասական երաժշտությունը և մենք»

Ամբողջ աշխարհում, մասնավորապես Վիեննայում չկա պարահանդես, որի ժամանակ չհնչի Յոհան Շտրաուսի վալսերից որևէ մեկը: Նրա երաժշտությունը կարելի է ասել Ամանորի համերգների, պարահանդեսների խորհրդանիշ է դարձել և չնայած Յոհան Շտրաուսն է «Վալսերի արքան», արդարացի չի լինի, եթե չհիշեմ մյուս տաղանդավոր Շտրաուսներին. հորը և Յոհանի երկու եղբայրներին՝ Յոզեֆին և Էդուարդին:

Յոհան Շտրաուսը երազում էր հայտնի դառնալ, գրել վալսեր՝ գուցե հորից ավելի լավերը և դա նրան հաջողվեց։ Հոր գեղեցիկ վալսերի կողքին հայտնվեցին, քանակով գրեթե կրկնակի գերազանցող, նրա մեկը մյուսից չքնաղ վալսերը: Հոր հանճարեղ որդին նոր կյանք հաղորդեց այս ժանրին:

Յոհան Շտրաուսի վալսերը՝ նրա կյանքի արտացոլումն են: Ու թեև ամեն ինչ չէ, որ հարթ է եղել կոմպոզիտորի կյանքում, ¾-ի մեջ ուրախություններով ու տխրություններով, հաղթանակներով ու անհաջողություններով լի պտույտները լուսավորում են մարդկանց սրտերը, ուրախությամբ լցնում հոգիները:

Շտրաուսը հատկապես մեծ ճանաչում է ձեռք բերել առաջին հերթին կատարման անկրկնելի ոճով ՝ ջութակ նվագելով, նա միաժամանակ ղեկավարում էր նվագախումբը և անում էր դա այնքան գեղեցիկ ու արտիստիկ, որ գերում էր բոլորին անխտիր: «Վալսերի արքա» կոչումից բացի, իր փայլուն նվագի շնորհիվ ձեռք էր բերել նաև «Վիեննայի առաջին ջութակ» անունը:

Իսկ կոմպոզիտորի վալսերը եղել և մնում են սիրո և տոնի խորհրդանիշ: «Եթե ես իսկապես տաղանդ ունեմ, ապա դրա համար կարող եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել սիրելի Վիեննային»,-ասել է կոմպոզիտորը: Վիեննան էլ հատկապես Շտրաուս-որդու շնորհիվ «Երաժշտության մայրաքաղաք» լինելուց բացի ձեռք է բերել «Վալսերի քաղաք» անվանումը։

Շտրաուսի «Գարնանային ձայներ» վալսը՝ աշխարհի ամենահայտնի վալսներից մեկն է, որը կոմպոզիտորը գրել է 1882 թվականին: Մեկ տարի հետո այն կատարվել է Ան Դըր Վին թատրոնում՝ բարեգործական համերգի ժամանակ: «Գարնանային ձայների» մասին ասում են, «այն ստեղծվել է, որ մարդկանց երջանկություն բերի», ինչպես որ երջանիկ էր ինքը՝ կոմպոզիտորը իր կնոջ՝ ստեղծագործական մուսա Ադելի Դոյչի հետ: Այս վալսը Շտրաուսը գրել է ամուսնության նույն 1882 թվականին 57 տարեկանում:

Կոմսուհի Թերեզա Պոլինան կոմպոզիտորին առաջարկում է պարահանդեսի համար գրել նոր՝ խորհրդավոր, հեքիաթային մի գեղեցիկ վալս: Կոմպոզիտորին ոգեշնչելու և կատարյան լռություն ապահովելու համար կոմսուհին առաջարկում է նրան տեղափոխվել բնության գրկում գտնվող իր տուն: Մի օր, ձիով զբոսնելիս Շտրաուսը հանկարծ լսում է եղջերափողի կախարդական հնչյունները: Հենց այդ երաժշտությունն էլ ոգեշնչում է նրան գրելու «Վիեննական անտառի հեքիաթները վալսը»:

Առաջին իսկ հնչյուններից մեր հայացքների առջև կարծես բացվում է Վիեննական անտառը իր դարավոր կաղնիներով, արևի լույսով ու ջերմությամբ ներծծված կանաչ բացատներով, որտեղ երբեմն կարծես սիրահարների ուրախ ծիծաղն է հնչում, իսկ վալսի վառ, հյութեղ երաժշտությունը հնչում է որպես սիրո և պատանեկության օրհներգ: 1867 թվականին, Փարիզում, համաշխարհային ցուցահանդես է բացվում։ Շտրաուսը որոշում է այլ երաժշտական ստեղծագործությունների շարքում կատարել նաև «երկնագույն Դանուբի վրա» վալսը:

Նախնական տարբերակով ստեղծագործությունը գրվել էր որպես խմբերգային գործ Վիեննայի արական երգչախմբային ընկերության համար, սակայն առաջին կատարումից հետո, որը ըստ կոմպոզիտորի անհաջող էր անցել, Շտրաուսը այն հարմարեցնում է նվագախմբի համար: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացված վալսը ծափահարությունների փոթորիկ է առաջացնում։ Կարճ ժամանակում այն հրատարակվում է միլիոնանոց տպաքանակով։ «Երկնագույն Դանուբի» փարիզյան համբավը հասնում է Վիեննա։

Այս վալսը, եթե չգիտեք, կարծում եմ չեք էլ կռահի, թե ում կարող է ոգեշնչած լինել: Պարզվում է, որ նրա գեղեցկությունը անտարբեր չի թողել նույնիսկ «սարսափ» ֆիլմերի արքա Ալֆրեդ Խիչկոկին: «Վիեննական վալսեր» կինոնկարը՝ հայտնի ռեժիսորի միակ երաժշտական ֆիլմը, չափազանց անսովոր աշխատանք էր նրա համար, բայց դե, սարսափ ֆիլմեր նկարողին էլ կարող է հուզել գեղեցիկ երաժշտությունը:

Յոհան Շտրաուսը գրեց 496 ստեղծագործություն, այդ թվում՝ 168 վալս: Դեռ կյանքի օրոք Յոհան Շտրաուսն այնքան հայտնի էր, որ 1895 թվականին նրա 70-ամյակը մեծ շուքով նշեց ողջ Եվրոպան։ Նա, ստեղծել է այնպիսի հմայիչ երաժշտական «մարգարիտներ», որոնք երբեք չեն կորցնի իրենց գրավչությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button