ԿարևորՀասարակություն

21 քաղաքական ակնթարթ․ մի ամբողջ կյանք՝ մեկ տարվա ընթացքում

Եթե պայմանականորեն հաշվենք, ապա հեռացող 2021 թվականին քաղաքական իրադարձություններն ավելին էին 21 քաղաքական դրվագից: Անցնող տարին վերհիշելու համար «Ռադիոլուր»-ը խմբավորել է իրադարձությունները, որոնք, պարզվում է, այնքան շատ էին, որ «բավարար» կլինեին մի քանի տարվա ակտիվ քաղաքական կյանքի համար: Բայց Հայաստանը հասցրեց մեկ անկնթարթում, ասել է, թե մեկ տարվա ընթացքում «ապրել» մի ամբողջ քաղաքական կյանք:

2021–ը առաջինն էր 8–րդ գումարման խորհրդարանի համար։ Հետպատերազմյան շրջանում խորհրդարանական կառավարմամբ երկրում գլխավոր քաղաքական  փոփոխությունը խորհրդարանի ընտրությունն էր։ 4 ամիս պատգամավորներն աշխատեցին այնպես, ինչպես մարտի դաշտում՝ ծեծ ու ջարդ քաղաքական խոսքի փոխարեն, անգամ ջրի շիշը համարվեց սառը զենք և վերացավ պատգամավորների սեղանից։

Պատերազմից հետո այսպես ամրագրվեց յուրաքանչյուր ուժի քաղաքական կշիռն ու վարկանիշը, որը հետագայում՝ տարվա ընթացքում,  քաղաքական ուժերը հարկի և անհարկի պետք  է հիշեցնեին իրար։     

3 տարի առաջ  նա Հայաստանի քաղաքական դաշտը բաժանեց սևի ու սպիտակի, երկու տարի առաջ դրեց աշխարհի 10 վառվռուն տոնածառներից մեկը, իսկ այս տարվա ավարտից մի քանի օր պակաս՝ հեռացավ: 2021-ի սկզբին դրա ոչ մի նախանշան չկար, իսկ վերջին՝ պարզ է՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարուքյանը 2022-ի տոնածառի լույսերը կվառի արդեն իր տանը։ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ու մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրներով զբաղվելու պարտականությունը ստանձնեց Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Արվածի ու անելիքի մասին՝ հին ու նոր քաղաքապետերից․  

«Կներեք, որ ինչ-որ բան չհասցրեցի անել»

«Բարեփոխումները մեկ անձ չի կարող իրականացնել»։

2021-ին միջազգային հանրությանը նա շատ է դիմել, իսկ երկրի ներսում շատ էին նրան դիմողներն ու նրա մասին գրողները․ նոր տարին հազիվ սկսած՝ Արման Թաթոյանը կթողնի Մադրու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ Ինչով կզբաղվի  Հայաստանի 4-րդ Պաշտպանը՝ դեռ հայտնի չէ, բայց տարվա ընթացքում իշխանությունը նրան մի քանի անգամ մեղադրեց քաղաքականությամբ զբաղվելու փորձերի համար։

Թաթոյանը ոչ միակն էր, ոչ առաջինը․ տարվա սկզբին քիչ էր մնում քաղաքականացվեր ամենաապաքաղաքական կառույցը՝ Պաշտպանության նախարարությունը։  Տարին սկսվեց ու ավարտվեց ՊՆ բարձրագույն հրամկազմի փոփոխություններով: Հեղաշրջման փորձ կատարելու հիմքով հեռացվեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, իսկ գրեթե 7 ամիս անց ՍԴ-ն վճռեց. պաշտոնանկությունը իրավաչափ էր:

«Եվ ես էլի ասում եմ՝ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա , մյուսները պետք է շարունակեն իրենց աշխատանքը«։

2021-ին, հետպատերազմյան զարգացումների համատեքստում, կարևոր էին միջազգային դատարական ատյաններում Հայաստանից ներկայացվող հայցերը։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում՝ Հաագայում, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Ստրասբուրգում, Հայաստանը հանդես եկավ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Մի մասով միջանկյալ միջոցների որոշումներ կայացվեցին, որոշ հայցեր չբավարարվեցին։ Միջազգային իրավական հարթակներին զուգընթաց՝ չնախատեսված ակտիվ զարգացումներ են տարածաշրջանում և դրա շուրջ:

Հայաստան–Ադրբեջան– Ռուսաստան եռակողմ երկրորդ պայմանագիրը կնքվեց տարեսկզբին՝ հունվարի 11-ին, իսկ տարվա վերջին հատվածում ակտիվացավ երրորդի սպասումը։ Փաստաթուղթ չստորագրվեց, բայց որ լինելու է և այն էլ մեր երկրի շահերին համապատասխան՝ վարչապետ Փաշինյանն էր ասել․

«Այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, և, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները ապահովի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին»:

Պայմանավորվածությունների մի մասը պահպանվեց, մյուսը՝ ոչ, արդյունքում, տարվա ընթացքում տարածաշրջանում զարգացումներ էին գրանցվում ՝ կայծակնային արագությամբ:

Ապաշրջափակման հարցերով աշխատանքային խումբը մարտին պետք է ներկայացներ առաջարկների փաթեթ, բայց դրա հրապարակումն անընդհատ հետաձգվում էր: Տարվա ավարտին հայտնի դարձավ, որ առաջարկները վերաբերում են ոչ միայն երկաթուղուն, քննարկվում է նաև ավտոմոբիլային ճանապարհների հարցը։ Դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Վրաստանում հայտարարեց. 

«Հնարավորություն է առաջացել, որ կարող ենք համաձայնության գալ, երկաթուղային, երկաթուղու վերականգնման մասին է, 2-3 տարվա ընթացքում»: 

Մինչև տարեվերջ սահմանագծման ու սահմանազատման հարցերը ամենաքննարկվողներից էին։ Ինչպե՞ս սահմանագծել, ո՞ր քարտեզներով առաջնորդվել, 31 հազար կիլոմետր, թե՞ 29 800 քառակուսի կիլոմետր. որքա՞ն կլինի Հայաստանի տարածքը գործընթացից հետո՝ կորոշվի քարտեզներով՝ բանակցությունների միջոցով։ Խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Արման Եղոյանին լսենք․  

«Տեղ կա՝ ձեռնտու է, տեղ կա՝ ձեռնտու չէ,,, բայց 26 թվականին Հայաստանը 31 հազար քառակուսի կիլոմետր էր ․․․ օրակարգում կա, որ դա բերվի․․․ իհարկե, կա»:

Տարվա սկզբում ՌԴ-ն նախաձեռնեց և պնդեց սահմանագծման ու սահմանազատման անհրաժեշտությունը, տարվա վերջում ԵՄ-ն էլ միացավ պահանջին՝ հստակեցնելով– մասնակցելու է աշխատանքներին՝ փորձագիտական մակարդակով:  

2021-ի ընթացքում պարբերական հանդիպումների համար Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում ձիթենու ճյուղ ստացան։ 

Ճյուղի խորհուրդը բացատրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ ձիթենին խորհրդանշում է խաղաղություն և բարեկեցություն:

Հայ-ադրբեջանական գործընթացները չկարգավորած՝ ակտիվացավ հայ–թուրքական հարաբերությունների հարցը։ Տարվա սկզբին դժվար էր պատկերացնել, իսկ տարվա վերջին արդեն նշանակված բանագնացներ կան՝ երկու կողմից։ Որպես հարաբերությունների նոր փուլի առաջին քայլ՝ ազդարարվեց Հայաստան-Թուրքիա ավիաչվերթների մասին: ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստ է օգտվել առաջին թռիչքից.

«Դուք կասկածում եք իմ պատրաստակամության վրա: Մի՛ կասկածեք:

2021–ը խորհրդանշող իրադարձությունները հաստատ 21–ից շատ են, ու բոլորը չենք հիշի։ Բայց նշենք նաև  մեր երկիր ուրախություն ու հաղթանակ բերած մանկական «Եվրատեսիլ»–ն ու դրա հաղթողին։  

Եկող տարում ուժգին քամիները թող շրջանցեն Հայաստանը:

Back to top button