ԿարևորՀասարակություն

Կեղծ ու հերքված լուրեր․ 2021թ-ն՝ ամփոփ

2021-ին  տարածված ու հերքված լուրերի պակաս չկար։ Ապատեղեկատվությունը բազմաժանր էր ՝  կորոնամիֆերից՝ 5G աշտարակներից, պոչով երեխաներից մինչև վարչապետի նմանակ ու Երևանի սուպերմարկետներում հայտնված ադբեջանցիներ։ Բայց՝ ամեն ինչ հերթով։

Հունվարին լուր տարածվեց, թե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում պատրաստվում է նոր փաստաթուղթ  ստորագրել, որով տարածքային զիջումներ են նախատեսվում։ Ըստ նույն  լուրերի՝  փաստաթուղթը գաղտնի ուղարկվել էր արդարադատության նախարարություն՝ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Նախարարությունը հերքեց լուրը։

Մոսկվայում հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 11-ին։ Նոր տարածքներ չզիջվեցին, սակայն փաստաթուղթ ստորագրվեց։ Հանդիպման օրակարգը տնտեսական բնույթի էր՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում։

Տարածքներ զիջելու մասին լուրերը հերքեց նաև Տավուշի մարզպետարանը։ Հայտարության մեջ նշելով․

 «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի»:

antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը հունվարի 15-ին նկար տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում ու գրեց, որ Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետում Հայաստանի ՊՆ և ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարում: Պաշտպանության նախարարությունից պարզաբանեցին

«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջինները ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»։

Ըստ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունների՝ փետրվարի 11, 12 և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել։ Մինչդեռ  Խնձորեսկի գյուղապետարանը փետրվարի 11-ին տեղեկացրեց, որ հոտն արածեցնող գյուղացու անասունների մեծ մասը զինված ադրբեջանցիները տարել են ։

Իսկ փետրվարի 13-ին Ագարակ և Եղվարդ գյուղերի հատվածում կրակոցներ էին հնչել։ Այն պատկերող տեսանյութ հրապարակեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

Հայաստանում տեղադրում են 5G աշտարակներ և դա արվում է պետական մակարդակով՝ դեկտեմբերի 1-ին հայտարարեց «Առողջ Հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանը։ Պնդման հիմքում  գովազդային վահանակն էր 5G գրությամբ։ Իրականում այն բանկերից մեկինն էր, և խոսքը ոչ թե 5G կապի, այլ 5-րդ սերնդի սպառողական վարկերի մասին էր։

Հայկական և ռուսական կողմերը տարբերվող հայտարարություններ տարածեցին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Հայկական կողմը նշում էր, որ «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին։ Ռուսական կողմի հայտարարության մեջ այս ձևակերպումը բացակայում էր։

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Նույն օրը Armcomedy քաղաքական-հումորային հաղորդաշարի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, թե «Արմավիրում ծնված փոքրիկին անվանեցին Ջո Բայդեն»։ Լրատվականները չվարանեցին տարածել հումորն իբրև իրականություն։

 «Գենետիկ փոփոխված երեխաներ»՝ մորթով, երեք ձեռքով, չորս ոտքով ու նույնիսկ պոչով, ֆեյսբուքյան գրառումը պնդում էր, թե պատվաստված կանանցից հենց նման երեխաներ են ծնվում։ Գրառման հեղինակը թուրք պահպանողական քաղաքական գործիչ Ֆատիհ Էրբեկանն էր։ Նրա՝ պոչավոր երեխաների մասին հայտարարությունը թուրքական մամուլում ևս տարածում էր գտել և նույնիսկ դարձել ծաղրի առարկա։ Էրբականի պնդումները կեղծ են․ չկա որևէ գիտական տվյալ Moderna-ից և  Pfizer-ից հետո նման երեխաների ծննդի մասին։ Լուսանկարները խմբագրված էին և շրջանառվում էին 2015թ-ից։

«Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան ալիքում գրել էր, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո սկսել է նմանակ օգտագործել։ Գաբրիելյանովը որպես ապացույց հրապարակել էր տեսանյութ, որում երևում էր արտաքնապես Փաշինյանին նման տղամարդ։ Այս տեսանյութում երևացող կոստյումով տղամարդը Արթուր Հակոբյանն էր։ Այդտեղ  նա մարմնավորում է հենց Փաշինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հոլովակի պատրաստման ժամանակ։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հունիսի 16-ին հրապարակել էր մի լուսանկար, որում միևնույն սեղանի շուրջ նստած էին ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և հայտնի գործարար Ջորջ Սորոսը։ Այսպիսով օգտատերը վերարտադրում է հայտնի նարատիվը՝ մեղադրելով նախկին նախագահներին Ջորջ Սորոսին Հայաստան «բերելու» մեջ։ Իրականում 2013-ին հրապարակած տեսանյութի սքրինշոթն է։ Տեսանյութի նույն դրվագում ոչ թե Ջորջ Սորոսն է, այլ ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

Ժամանակակից աշխարհում տեղեկատվական կասկածելի հոսքերին դիմակայելն ու հակազդելը պետության առաջնահերթ խնդիրներից են։Կեղծ տեղեկատվությունը նույնքան վտանգավոր է, որքան բժշկի սխալ ախտորոշումը։

Back to top button