ԿարևորՀասարակություն

Երկրին՝ անառիկ սահման, երեխաներին՝ անհոգ մանկություն․ ամանորյա մաղթանքներ առաջնագծից

Ինչպե՞ս են Նոր տարին դիմավորում նրանք, որ իրենց տնից հեռու՝ պաշտպանում են բոլորիս մեծ տան՝ Հայաստանի սահմանները։ Ամանորից երկու օր առաջ Սյունիքի մեր թղթակից Արմեն Դավթյանն է  եղել մարզի մարտական հենակետերում ու զրուցել զինվորների հետ։

2023-ի Ամանորը Ռազմիկ Պետրոսյանը կդիմավորի տանը, ընտանիքի հետ, իսկ այսօր դեռ Սյունիքում է, ծառայում է հայրենիքին ու կզորացրվի 18 օրից։ Ռազմիկն ու ընկերները մարտական հենակետում են։ Տոներին ընդառաջ՝ հենակետեր այց է կազմակերպվել Սյունիքի փոխմարզպետի նախաձեռնությամբ։ Զինվորներին ամանորյա ծանրոցներ են տարել՝ քաղցրավենիք, սուրճ, ծխախոտ, լապտերիկ ու անհրաժեշտ այլ պարագաներ։ 44-օրյա պատերազմի մասնակից Ռազմիկն ասում է՝ բանակում Ամանորը այլ զգացողությամբ են դիմավորում, տանն այդպես չէ․

«Ստեղ ավելի զուսպ, ավելի հպարտ  ձևով ենք մենք դիմավորում։ Մեզ վրա լիքը պատասխանատվություն կա։ Մենք էստեղ կանգնած ենք, ու ամբողջ ազգը Նոր տարի է անում։ Մենք դրանով մեզ լավ ենք զգում»։

Ասրյան Ռազմիկը Էջմիածնից է։ 10 ամիս՝ ծառայության մեջ է։ Առաջին Նոր տարին է բանակում դիմավորելու․

«Ամանորը դիրքերում եմ նշելու, ընկերներիս հետ։ Թող հայ ազգը ուժեղ լինի, հաջողակ տարի լինի բոլորիս ու սփյուռքի համար, ամենալավ բաներն եմ մեր ազգին ցանկանում»։

Մարտունեցի Լևոն Անտոնյանը բանակ է զորակոչվել 1 տարի, 6 ամիս առաջ։ Եվ կես տարի, ու տուն կգնա։ Լևոնը մասնակցել է 44–օրյա պատերազմին, վիրավորել․  

«Թող այս նոր տարում Աստված բոլորի նպատակներն իրականություն դարձնի։ Բոլորս ունենանք մարտական ոգի, ու մեր ակնկալիքները 2022–ը թող իրականացնի»։  

Այցելության համար զինվորները շնորհակալ են, բայց շնորհակալություն, հենակետի հյուրերն ասում են՝ պետք չէ․

«Մենք էլ շատ շնորհակալ ենք վերաբերմունքի համար։

-Մենք ենք ձեզ շնորհակալ, ախպերս, մեր պարտականությունն է»։

Հենակետ եկած հյուրերին սուրճ են հյուրասիրում, պատմում, որ հունվարի առաջին տասնօրյակում շատերը զորացրվելու են, ու ժամանակը քիչ է․ իրենց փոխարինող նորեկներին սովորեցնելու շատ բան կա։ Ռազմիկ Պետրոսյանը դիմում է նորակոչիկներին․

«Մաղթում եմ, որ իրենք հանգիստ լինեն, որովհետև իրենք գալիս են աշխարհի ամենակարևոր բանակում՝ Հայաստանի զինված ուժերում ծառայելու։ Թող առողջ լինեն, ուշադիր լինեն ու անփորձանք հասնեն իրենց ծնողներին»։

Զինվորը մաղթում է, որ եկող բոլոր տարիներ խաղաղ լինեն, իսկ Հայաստանի սահմանները՝ միշտ անառիկ։ Ռազմիկ Պետրոսյան․

«Ցանկանում եմ, որ գալիք 2022թվականը հայ ազգի համար լինի խաղաղ, բարեհաջող տարի, որ Հայաստանի Հանրապետության սահմանները լինեն անառիկ, հայ մանուկները լինեն երջանիկ ու անհոգ»։ 

Հյուրերի հետ մտնում ենք բոլոր մարտական հենակետերը, զրուցում առաջնագիծը հսկող զինվորների հետ։ Շնորհավորանքներն ու բարեմաղթանքները շատ են, բայց ամենից առաջ՝ երախտիքի խոսքեր տղաներին․Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայան

«Տղերք ջան, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, որ այս ծանր շրջանում ծառայում եք հայրենիքին։ Բոլորիդ գալիք Նոր տարին շնորհավոր, բոլորիդ ընտանիքներին երջանկություն, դուք էլ բարով, խերով ծառայեք, հասնեք ձեր ընտանիքներին» ։ 

Հրաժեշտ ենք տալիս սահմանը պահողներին։ Նրանք՝ մեզ, մենք՝ իրենց մաղթում ենք Ամանորը ուրախ դիմավորել, որ տարին լավը լինի։

Back to top button