ԿարևորՀասարակություն

Ավանդական լավաշը․ թոնրից՝ արտադրամաս, արարողությունից՝ բիզնես

Նախկինում թոնրի մեջ Նոր տարվա լավաշ թխելը հատուկ արարողություն էր, և դրան նույնիսկ հմայական զորություն են վերագրել։ Այսօր շատ գյուղերում թոնիրը կիրառությունից դուրս է եկել՝ ավանդական լավաշը թխվում է ոչ ավանդական եղանակով։ Արարողությունը դարձել է արագացված մեխանիկական գործընթաց, որը նպատակահարմար է բիզնեսի տեսանկյունից։

Ազգահոգեբան Կարինե Սահակյանը տարիներ շարունակ հացի փառատոն է կազմակերպել, հավաքել ու պահպանել է հացի հետ կապված յուրաքանչյուր ավանդույթ։ Ասում է՝ Ամանորի հացը հմայական զորություն ունի, խմորը հունցելիս՝ թթխմորը պետք է բերեին երջանիկ ընտանիքներից։

«Եթե այդ ընտանիքը մահ էր ունեցել, թթխմոր չէին վերցնում։ Անպայման թթխմորը վերցնում էին այն ընտանիքից, որտեղ հարսանիք էր եղել, որպեսզի հմայական զորությամբ իրենք էլ ունենային նման բարեբերություն և երջանկություն։ Այդ օրն անպայման ալյուր են մաղել, ալյուրմաղին կրկին մասնակցել են բախտավոր կանայք՝ միմյանց փոխանցելով բարեբերության խոսքեր»։

Այսօր գյուղերում թոնրատներ շատ կան, սակայն թոնրով հաց թխելը կենցաղից դուրս է եկել։ Հայկական լավաշն ու թոնիրն այսօր առավելապես կիրառվում են բիզնեսում։ Մայիսյան գյուղից Կարինե Խաչատրյանը Գյումրիի առևտրի սրահներից մեկում ամեն օր թոնրով հաց է թխում, սակայն մանկության տարիների գյուղական ավանդույթներն ու ամանորի հացի արարողությունը կարոտով է հիշում։   

«Շատ էր Նոր տարվա հացը, շատ էինք թխում ու մեկ այլ ձևի ուրախ էինք։ Թոնրի շուրջ էինք հավաքվում, ես մայրիկիս էի օգնում, գնդերն էի կրում, գրտնակում։ Հացի անուշ հոտը մինչև հիմա չեմ մոռանում։ Մամաս ասում էր, մինչև 7 հացը չլրանա՝ չենք ուտի, որ օջախում վատ բան չպատահի»։

Ավանդական լավաշ թխելու արարողություն տեսնելու համար «Ռադիոլուր»-ը մեկնեց Սառնաղբյուր, գիտեինք, որ այս գյուղում թոնրագործ վարպետ է ապրում։ Թոնրատներից, սակայն, ծուխ չէր բարձանում։

Սառնաղբյուրցի Մարմար տատի մեկսենյականոց տան կենտրոնում թոնիր կա թաղված, այնպես՝  ինչպես 100 տարի առաջ։ Երդիկին մի մեծ անցք կա, որտեղից թոնրի ծուխն է բարձրացել։ Հնում տները թոնրատան նման էին, ասում է Մարմար տատը։ Քաղաքում մեծ ու կահավորված տուն ունեն, բայց նա գյուղական պարզ ու հարազատ կենցաղն է սիրում։ Մարմար տարի հարևանությամբ թոնրագործ վարպետ Սպարտակն է բնակվում, Շիրակի մարզում թոնրագործին լավ են ճանաչում, գործը պապենական է։

Սպարտակ Ասլանյան․«Հորեղբայրս էլ էր թոնիր պատրաստում, հորեղբորս որդիները։ Այն ժամանակ մեր գերդաստանից մի 10 տուն թոնիր էր պատրաստում, պահանջարկը շատ էր, ժողովրդին թոնիր շատ էր պետք։ Հետո «խոպանի» սեզոնը բացվեց, բոլորը փախան, գնացին, հիմա միայն ես եմ մնացել»։

Վարպետ Սպարտակն ասում է՝ իր հավաքած թոնիրները ամենադիմացկունն են, բայց ափսոս՝ գյուղերում էլ պահանջարկ չկա։ Փոխարենը՝ պահանջարկը մեծացել է ռեստորաններում, վաճառասրահներում, և ոչ միայն Հայաստանում։ Սառնաղբյուրցի վարպետի թոնիրներին ծանոթ են նաև ռուս գործարարները։ Պատահել է՝ թոնիրը Սառնաղուրից Ռուսաստան տեղափոխելիս վնասվել է, ու այլ ելք են գտել։

«Իրենց կավը վառելու ժամանակ տրաքե գը, ցխե, մեր կավը էստեղից էնդեղ կտանեն, որ ռեստորաններում խորոված տան, հաց թխեն։ Ռուսներն արդեն սովորել են մեր հայկական ուտելիքին ու լավաշին»։  

Հաց թխելու ընթացքում պարտադիր է եղել թոնրում տարեմուտի գաթա և ճմուռ պատրաստելը․ ճմուռի համար պետք էր ընդամենը ամանով յուղը դնել թոնրի շուրթին ու տաք հացը փոքր կտորներով լցնել մեջը։ Կարինե Խաչատրյանը կարոտով է հիշում։

«Թոնրի տակն էինք դնում կոպեկով գաթան, շատ յուրահատուկ էր»։

Թոնրում լավաշ թխելու ավանդույթն այսօր դուրս է մղվել կենցաղից, բայց լավաշ թխելը ոչ թե մոռացվել է, այլ նորացվել ու դարձել շահավետ բիզենս՝ հատկապես տոներին ընդառաջ։ Գյուղերում գործում են հացի արտադրամասեր, որտեղ լավաշ թխում են և՛ էլեկտական վառարաններում, և՛ թոնիրներում։ Տանտիրուհիների գործը հեշտացել է՝ լավաշը սեղաններից չի պակասի։

Back to top button