ԿարևորՀասարակություն

Վթարներն ու վրաերթերն աճում են․դատախազությունը միջոցներ է ձեռնարկում

2021թվականի 11 ամիսներին Երևանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը ավելացել են շուրջ 20 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Շատացել են նաև պատահարները, որոնց հետևանքով քաղաքացիներ են մահանում։ Ներկայացնելով ՃՏՊ-ների ընդհանուր պատկերը` Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը հայտնել է, որ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում պատկերը փոխելու ուղղությամբ։

Միայն 2021 թվականի ընթացքում և միայն Արշակունյաց պողոտայի վրա, մահվան ելքով 4 վրաերթ է տեղի ունեցել՝ արձանագրում է Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը։

«Առնվազն 2-ը հենց այս հետիոտնային անցման վրա է տեղի ունեցել։ Այն որոշակի խնդիր ունեցող տարածք է։ Հաշվի առնելով մի փոքր վերևում արագաչափի առկայությունը՝ վարորդները, որպես կանոն, արագաչափը տեսնելիս դանդաղեցնում են իրենց արագությունը, արագաչափն անցնելուց հետո հավաքում են արագություն և այդ արագությամբ պայմանավորված հետիոտնային անցման վրա տեղի է ունենում վրաերթ»։

Պատճառներից մեկը ու թերևս ամենակարևորը լուսացույցի բացակայությունն է, որի մասին բնակիչները բազմիցս են ահազանգել Ճանապարհային ոստիկանություն ու  քաղաքապետարան։

«Հուսով եմ, որ 2022 թվականի առաջին եռամսյակում այս տարածքը կկարգավորվի համապատասխան կարգավորվող լուսացույցով»։

Լուսացույցը լավ է, բայց ոչ միշտ է կանխում վրաերթը՝  նկատում է երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը։

«Լուսացույցն էլ չի օգնի։ Շատ դեպքեր հենց լուսացույցի առկայությամբ են տեղի ունեցել։ Այո, անհրաժեշտ միջոցառում է, բայց հետիոտնային անցման դիմաց պետք է նաև արհեստական խոչընդոտ լինի, որ վարորդը արագությունը իջեցնի»։

Ճանապարհատրանսպորտային նմանատիպ պատահարները, իհարկե,  անզգուշության հետևանք են, բայց նաև շատացել են դեպքերը, որոնց հետևանքով քաղաքացիներ են մահանում, ուստի դատախազությունն էլ իր հերթին է ուսումնասիրում պատճառները․գնում են  յուրաքանչյուր ՃՏՊ–ի հետքերով։

«Հիմնական պատճառները՝ արագության գերազանցում, ոչ սթափ վիճակում վարելը, վարորդական իրավունք չունենալը, կեղծ վարորդական վկայական ունենալը, որի վերաբերյալ բազմաթիվ քրեական գործեր ունենք, ճանապարհի տվյալ հատվածի ոչ պատշաճ կահավորումը ճանապարհային նշաններով, լուսավորության բացակայությունը»։

Դատախազությունը պատկան մարմիններին միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի այդ խնդիրները հնարավորինս կարճ ժամկետներում վերացվեն։

«Բազմաթիվ միջնորդությունների արդյունքում համապատասխան նշաններ են տեղակայվել և Սեբաստիա փողոցում, որտեղ այս տարի ունեցել ենք 6 մահվան ելքով վթար, և Շիրակի փողոցում, և Արշակունյաց փողոցում, որտեղ տեղի են ունեցել մահվան ելքով  4-ական դեպքեր։ Բոլորովին վերջերս, չհասած հետիոտնային անցումներ, ՃՈ–ի կողմից կատարվել են սպիտակ գծանշումներ՝ որոշակի անհարթություններով, որոնց վրայով ավտոմեքենան երթևեկելիս որոշակի ձայնարձակում է տեղի ունենում, և վարորդների զգոնությունը էլ ավելի է կենտրոնանում երթևեկության վրա»։

Թեև լինում են դեպքեր, երբ ոչ երթևեկության կահավորանքն է վթարի կամ վրաերթի պատճառ դառնում, ոչ էլ վարորդի ոչ սթափ լինելը կամ արագությունը։ Երբեմն վթար-վրաերթը տեղի է ունենում հենց հետիոտնի պատճառով։

«Թյուր պատկերացում կա, թե երթևեկության կանոնների խախտումը հիմնականում տեղի է ունենում վարորդի կողմից։ Մեր փորձը ցույց է տվել, որ դեպքերի զգալի հատվածը տեղի է ունենում նաև հետոտնի մեղքով, հասարակ օրինակ՝ ոչ հետիոտնային անցումով ճանապարհը հատելը։ Շատ դեպքերում մենք ունենում ենք մահվան ելքով ՃՏՊ, որը տեղի է ունենում հետիոտնի մեղքով և վարորդի կողմից կանխման հնարավորության բացակայության պայմաններում քրեական գործի վարույթը կարճվում է»։

Դատախազի միջնորդագրի հիման վրա Երևանի քաղաքապետարանը առաջիկայում  կներկայացնի Երևան քաղաքի ընդհանուր ճանապարհային հանգույցը պատկերող քարտեզ, որտեղ արտացոլվելու է ՃՏՊ-ի կոնկրետ վայրը, և համապատասխան մասնագետների քննությամբ պարզվելու են դեպքի բոլոր մանրամասներն ու պատճառները։

«Կպարզվի՝ այդ վթարը տեղի է ունեցել վարորդի, հետիոտնի մեղքո՞վ, թե՞ ճանապարհի տվյալ հատվածը կահավորելու խնդիր ունենք։ Այդ բոլորը կվերլուծվի միջնորդագրի մեջ, և քարտեզում  համապատասխան պայմանական  նշանների տեղադրմամբ կունենանք կոնկրետ վթարի առաջացման պատճառը»։ 

Դատախազության այս նախաձեռնությունը  երթևեկության փորձագետը ողջունում է, թեև  մեծ սպասելիքներ չունի։

«Այո, շատ ճիշտ, կիրթ ամեն ինչ ներկայացված է, բայց դա ընդամենը միջոցառումների 1 տոկոսն է և ոչ թե ուղղված է նախականխմանը,  այլ հետագա կանխմանը։ Նախականխում կլինի, երբ,  օրինակ, բոլոր հետիոտնային անցումները լուսավորվեն, որպեսզի դեռ չեղած վթարը կանխվի»։

Ընդհանուր առմամբ ՃՏՊ–ները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են  շուրջ 20 տոկոսով ։ Շատացել են նաև վրաերթերը․  2021 թվականի 11 ամիսների տվյալներով տեղի է ունեցել 71 վրաերթ, գրանցվել է  75 մահվան դեպք։

Back to top button