ԿարևորՀասարակություն

Միգրանտների բուժզննումը՝ պարտադիր, քաղաքացիություն ստանալը՝ ավելի բարդ․ ի՞նչ է փոխվում նոր կարգավորումներով

Ռուսաստան մուտք գործող աշխատանքային ներգաղթյալներն ու օտարերկրյա քաղաքացիները, որոնք մուտքի արտոնագիր չունեն, պետք է պարտադիր մատնադրոշմ հանձնեն, լուսանկարվեն և բուժզննում անցնեն։  Աշխատանքային միգրանտները պարտավոր են այդ ընթացակարգերն անցնել Ռուսաստան մուտք գործելու պահից 30 օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում այդ երկրում  նրանց ժամանակավոր կեցության ժամկետը կկրճատվի: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն է պարզաբանում․

«Բուժզննման մեջ ներառված են հետևյալ կետերը․ անձը պետք է ապացուցի, որ չունի կախվածություն թմրանյութերից կամ հոգեմետ դեղերից առանց բժշկի նշանակման։ Հաջորդը՝ պետք է չունենա շրջապատի համար վտանգավոր վարակիչ հիվանդություն։ Եվ վերջինը՝ պետք է բացառվի մարդու իմունային անբավարարության վիրուսի առկայությունը»։

Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 29-ից, սակայն կիրառման մեխանիզմները դեռևս չեն գործում՝ ասում է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Նրա տեղեկացմամբ՝ արդեն հրապարակվել է պոլիկլինիկաների ցանկը, որտեղ միգրանտները պետք է բուժզննում անցնեն։  Դրանք, սակայն,  հրաժարվում են միգրանտներին ընդունել՝ պատճառաբանելով, թե  տեղյակ չեն նոր կարգի մասին։

«Մոսկվայում և Մոսկվայի շրջանում  ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները, որոնք աշխատելու համար պարտավոր են պատենտ ունենալ, այն ստանում են Սախարովա կենտրոնից, որը հիմա պատրաստ է և մատնահետքը վերցնել, և անալիզներ անել։ Բանն այն է, որ նրանք պետք է հերթագրվեն և իրենց հերթը կարող է երկու շաբաթ անց հասնել։ Խնդիրն այն է, որ եթե անձը գնա հունվարի 15-ին, իսկ իրեն նշանակեն 15 օր հետո, ամսի 28-ին իր ժամկետն արդեն կավարտվի, մինչդեռ ինքը պարտավոր էր արդեն այդ մատնահետքը հանձնած և անալիզները տված լիներ։ Նշանակում է, որ անձը ուղղակի կդառնա անօրինական, որովհետև արդեն իսկ  խախտում կունենա։ Առնվազն մուտքի արգելք կվաստակի երեք տարի ժամկետով»։   

Բեժանյանի խոսքով՝ իրավիճակն այսպիսին է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի տարածաշրջանում և Մոսկվայում։ Որոշ վայրերում էլ դեռևս չեն ստացել մատնահետքի սարքերը։

Մեկ այլ նախագծով էլ Ռուսաստանում նախատեսում են  պարզեցնել քաղաքացիություն ստանալու կարգը։  «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» դաշնային օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է Պետդումա։ Սակայն,  Բեժանյանի կարծիքով, այն  ոչ թե պարզեցնում է ընթացակարգը, այլ հակառակը։

«Այս պահի դրությամբ, եթե անձինք ամուսնանում են և նույնիսկ համատեղ երեխաներ չունեն, ապա կարող են քաղաքացիություն ձեռք բերել։ Փոփոխությամբ այդ կետը հանվում է։ Միայն համատեղ երեխաների առկայության պարագայում կարող է անձը դիմել քաղաքացիություն ստանալու համար։  Իսկ ընդհանուր կարգով երբ դիմում էին, ստանում էին ժամանակավոր բնակության կարգավիճակ, հետո ժամանակավոր կացություն, հետո երեք տարի անց կարող էին դիմել քաղաքացիության համար։ Սա  արդեն գրեթե անհնար է դառնում։ Մնալու են կին-ամուսին, երեխա-ծնող և Ռուսաստանում հազվադեպ, պահանջված մասնագիտություն ունենալու հիմքերը»։

Նոր օրենքի նախագծով նեղանում է այն մարդկանց շրջանակը, որոնք  կարող են քաղաքացիություն ստանալ, միևնույն ժամանակ ավելանում է առնվազն 20  կետ, որոնցով հնարավոր է զրկել քաղաքացիությունից։ Օրինակ, եթե հայրը 20 տարի առաջ մեղադրվել է որևէ բանի մեջ, ապա դա հիմք է որդուն քաղաքացիությունից զրկելու համար։ Կամ՝ անձը 20 տարի առաջ աշխատել է որևէ կազմակերպությունում, որը հիմա Ռուսաստանում անցանկալի է համարվում, սա ևս քաղաքացիությունից զրկելու հիմք է ։

ՌԴ-ում հայ աշխատանքային միգրանտների մոտավոր թիվը 437 հազարից ավելի է, անօրինական միգրանտների մոտավոր թիվը՝ շուրջ 61 հազար։ Չնայած ՌԴ-ում կատարվող հանցագործությունների ընդամենը 3 տոկոսն է կատարվում միգրանտների կողմից, այդուհանդերձ, միգրանտ և հանցագործ բառերի միջև հավասարության նշան է դրվում՝ ասում է մասնագետը։ Թեև ՌԴ-ն միգրացիոն աշխատակիցների կարիք ունի, սակայն չի դադարում միգրացիոն օրենսդրության խստացումներով  մտրակի քաղաքականություն վարել։

Back to top button