Մոռացված ֆիլմերի ստվերները

Ճապոնական Հաչիկոյից տարիքով մեծ հայկական Հաչիկոյի պատմությունը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Ժամանակը հաճախ բուժում է վերքերը, բայց անկարող է ամոքել կորստի ցավը։  Այդպիսի խոհեր ես ունենում, երբ դիտում ես Գրիգոր ՄելիքԱվագյանի «Քայլերգ» ֆիլմը։ Անցյալ դարում նկարահանված և երբեք չցուցադրված ֆիլմի թափառող ստվերները վերջերս «հարություն են» առել։

«Ով սիրո՜ւն, սիրո՜ւն» երգի բարիտոնային գեղեցիկ ելևէջներով արտաբերված բառերը միակն են, որ կարող ես լսել Գրիգոր Մելիք-Ավագյանի կարճամետրաժ «Քայլերգ» ֆիլմում։ 60-ականների երկրորդ կեսին նկարահանված 22 րոպե տևողությամբ այս ֆիլմը առանց հուզմունքի և հիացմունքի հնարավոր չէ դիտել։

Սիրանույշ Գալստյան

«Լիրիկական ֆիլմ՝ մարդկային ողբերգական կորուստների մասին,- այսպես է բնորոշում Գրիգոր Մելիք-Ավագյանի «Քայլերգ» կարճամետրաժը կինոգետ Սիրանույշ Գալստյանն ու ավելացնում,- հետո շատ են այդպիսի ֆիլմեր նկարահանվել, բայց այս ֆիլմի մասին ոչինչ չենք իմացել։ Ինչքա՜ն տխուր է…»։

Կինոռեժիսոր, Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի հիմնադիր Վիլեն Զաքարյանին և Գրիգոր Մելիք Ավագյանին միավորում էր երկար տարիների ընկերությունը։ Առաջին անգամ նրանք հանդիպեցին «Հայֆիլմ» կինոստուիդիայի սենյակներից մեկում։ Մելիք-Ավագյանի արիստոկրատ կեցվածքն ու բարյացակամությունը տպավորեցին երիտասարդ Վիլեն Զաքարյանին։ Հետագայում նրանց միավորեց ոչ միայն ամուր ընկերությունը, այլև հետաքրքիր ստեղծագործական մտքերի փոխանակումը։  

«Գրիգոր Մելիք-Ավագյանն այն ռեժիսորներից էր, որին ես շատ էի հավանում։ Նա նաև շատ հետաքրքիր գրում էր։ Նկարահանված ֆիլմերի մեծ մասի սցենարների հեղինակն ինքն էր։ Եվ ուզում եմ անպայման նշել, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորներից տարբերվում էր իր ինքանատիպ ռեժիսորական ձեռագրով», -այսպես է հիշում իր ավագ գործընկերոջը Վիլեն Զաքարյանը։

Իտալական նեոռեալիզմի ոճով նկարահանված և ավելի քան կես դար կինոարխիվի փոշոտ դարակներում ննջող կարճամետրաժը՝ վերջերս Ազգային կինոկենտրոնի ջանքերով թվայնացվել և տեղադրվել է համացանցում։ 

«Քայլերգ» ֆիլմի՝ էկրան բարձրանալուց տասնամյակներ անց, նկարահանվեց  իրական պատմության վրա հիմնված «Հաչիկո. մի շան պատմություն» դրաման, որը  ցնցեց աշխարհը։ Բայց աշխարհում ոչ ոք չիմացավ, որ դրանից երկու տասնամյակ առաջ փոքրիկ Հայաստանի «Հայֆիլմ» կինոստուդիայում Գրիգոր Մելիք-Ավագյանը  էկրանավորվել էր Հաչիկո շան պատմությունից ոչ պակաս հուզիչ մեկ այլ շան  պատմություն։

«1987 թվականին նկարահանված հայտնի «Հաչիկո. մի շան պատմություն» դրամայից առաջ մենք ունեցել ենք այս կորսված, թաքնված գանձը և լավ է, որ այսօր Ազգային կինոկենտրոնի ջանքերով համացանցում այն հասանելի է դարձել։ Այդ կերպ գոնե մեր հանդիսատեսը թեկուզ ուշացած պրեմիերա կանի»,- մի քիչ հումորով, մի քիչ էլ վրդովված ասում է Սիրանույշ Գալստյանը։

Գրիգոր Մելիք-Ավագյան

Պատմություն կյանքի, երջանկության ու կարոտի, մաքառումի ու սպասումի, պատերազմի արհավիրքի մասին. այսպես կարելի է բնութագրել հայկական կինոյի պատմության ամենահուզիչ կինոնկարներից մեկը։

Գրիգոր Մելիք-Ավագյանի ռեժիսորական բարձրակետը համարվող այս ֆիլմը ո’չ խորհրդային տարիներին, ո’չ էլ դրանից հետո չի հասնում հանդիսատեսին։ Ֆիլմի հեղինակներից ու մասնակիցներից ոչ մեկն այլևս ողջ չէ, ողջ չեն նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի այն աշխատակիցները, որոնք ի պաշտոնե տիրապետում էին որոշ տեղեկությունների և կարող էին բացել այս թնջուկը։

Հուսանք, որ աշխարհին մատչելի համացանցը ճանաչելի կդարձնի այս կինոնկարը՝ հաղթահարելով ժամանակի փոշիով ծածկված աններելի խոչընդոտները, գուցեև մարդկային չկամությունն ու նախանձը։

Back to top button