ԿարևորՎերլուծական

Կապանում հյուպատոսություն բացելու որոշումը` Իրանի համար Սյունիքի կարևորության ցուցիչ

Սյունիքի մարզում  Իրանի հյուպատոսություն բացելու Թեհրանի որոշումը Հայաստանում ողջունելի են գնահատում։ Մեր երկրի ԱԳՆ մամուլի խոսնակն էլ հայտնում է Իրանում Հայաստանի հյուպատոսություն բացելու մտադրության մասին։

Իրանագետները կարծում են, որ այս քայլը որոշակի ուղերձ ունի և փաստում է Իրանի համար Սյունիքի կարևորությունը։ Համոզված են՝ որոշումները կնպաստեն հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, կխթանեն տնտեսական համագործակցությունը։

Իրանը որոշել է Սյունիքի մարզկենտրոնում՝ Կապանում,  իրանական գլխավոր հյուպատոսություն բացել։  Այս մասին հայտնի դարձավ Իրանի կառավարության որոշումից հետո, ինչին անդրադարձավ Հայաստանի  արտգործնախարարությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրես»-ին հայտնլ է, որ Հայաստանը նույնպես աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:

«Մեր կողմից նույնպես աշխատանքներ են տարվում Իրանի Իսլամական Հանրապետությունում, փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ»,-ասում է մեր արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Թեհրանի  այս քայլը ևս մեկ ազդակ է առ այն, թե որքան կարևոր է համարում պաշտոնական Թեհրանը Հայաստանի Սյունիքի մարզը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում։ «Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ կդիտարկվի նաև Ատրպատականի կենտրոն Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացումը, որը նաև հստակ ազդակ կլինի Բաքվի բռնապետին»,-գրել է Ոսկանյանը։

Ռադիոլուրի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը դրական է որակում Սյունիքում իրանական հյուպատոսության բացելու որոշումը, սակայն փոքր-ինչ տարակուսում է Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելու հարցի շուրջ։

«Այս բանակցությունները մի քանի ամիս չէ, որ ընթանում են, ավելի վաղուց են սկսվել է, և վերջապես նպատակը կյանքի կոչվեց։ Սա ցույց է տալիս, որ Սյունիքը մեծ նշանակություն ունի Իրանի համար։ Սա կնպաստի առևտրային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։ 

Ինչ վերաբերում է Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելուն, լավ կլիներ, եթե այն Սպահանում բացվեր։ Թավրիզը իրանական Ատրպատականում է, այնտեղ լուրջ մաս է կազմում թյուրքական տարրը, և շատերի կարծիքով հյուպատոսություն բացելը կարող է այդ տարրերին գրգռել և հակահայկական գործողությունների դրդել»։

Կարևորելով Սյունիքում՝ իրանական ու Իրանում՝ հայկական հյուպատոսություն բացելու նախաձեռնությունները  իրանագետը մոտ ապագայում Իրանի վերելք է կանխատեսում։ Նա Վիեննայում ընթացող բանակցություններում Իրանի միջուկային ծրագրի հարցում համաձայնության նշաններ է տեսնում, ինչը նշանակում է, որ շուտով պատժամիջոցները հնարավոր է  հանվեն, ինչը դրական ազդեցություն կունենա հայ-իրանական համագործակցության վրա։ Դրանում շահագրգռված է նաև Թեհրանը՝ ասում է զրուցակիցս։

«Կարծում եմ միջուկային նոր համաձայնությունը կկնքվի, և Իրանը դուրս կգա միջազգային մեկուսացումից, իսկ դա նշանակում է, որ Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների մասով լուրջ զարգացումների ականատեսը կդառնանք։ Չպետք է մոռանալ, որ ԵՄ 2.5 մլրդ եվրո է տրամադրել Հայաստանին, որի մեծ մասը գնալու է Հյուսիս-Հարավը ավարտելու համար»։

Ըստ իրանագետի՝ իրադարձությունները մեր տարածաշրջանում արագ ու անկանխատեսելի են զարգանում , սակայն իրանա-ադրբեջանական այսպես ասենք «փոխհրաձգության դադարեցումը» և Իրանի հյուպատոսության բացումը Սյունիքում որոշակի հուշումներ է պարունակում նաև այն մասին, որ Բաքվի պատկերացրած այսպես ասած «Զանգեզուրի միջանցքը» իրականություն չի դառնա։

Անդրադառնալով Սյունիքում Իրանի հյուպատոսություն բացելու Թեհրանի որոշմանը, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել  ու հիշեցրել է բազմիցս կրկնած պնդումը Հայաստանում «դիվանագիտական հովհանոց» ստեղծելու մասին։ Ըստ այդմ՝ գլխավոր դերակատարում ունեցող  այլ երկրների գլխավոր հյուպատոսություններ պետք է լինեն նաև Գեղարքունիքում և Տավուշում։

Back to top button