ԿարևորՀասարակություն

Ամանորյա տրամադրություն՝ զոհվածների երեխաներին. նրանց հյուրընկալել էին մարզպետարանում

Ամանորի նախաշեմին զոհվածների երեխաներին հյուընկալել էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, շնորհավորել  նրանց Նոր տարին ու սուրբ ծննդյան տոները: Երեխաներին տոնական տրամադրություն է հաղորդել Ձմեռ պապը, հանձնել  նվերներն ու խոստացել անակնկալ մատուցել ամանորի գիշերը:

Արմավիրի մարզպետարանի դահլիճում փոքրիկներն անհամբեր սպասում են  Ձմեռ պապին: Հավատացած են, որ նա արդեն կարդացել է իրենց նամակներն ու նվերներ է բերելու: 5-ամյա  Հովհաննեսը գիտի՝ ինչ է արտասանելու, երբ նվերը ստանա.

«Բակում ճերմակ ձյուն է եկել,  Ձմեռ պապին հյուր է եկել, խաղալիքներ նվեր բերել, նվերն ինձ շատ դուր է եկել:

Ես Ձմեռ պապիկից ուզել եմ  «Սարդ մարդի» շորը»։

Հովհաննեսը 44-օրյա պատերազմում անմահացած Հարություն Խաչատրյանի միակ որդին է: Զոհվածների  երեխաներին ու կանանց ամանորյա ընդունելության էր հրավիրել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: «Դուք մենակ չեք ձեր վշտի հետ», –փոքրիկներին մարզպետարան բերած մայրերին դիմեց մարզպետը։ «Մենք ձեր կողքին ենք, պետք է ուժ գտնեք և առաջ շարժվեք, երեխաների հայացքները ձեզ են ուղղված»:

«Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Համոզված եմ, որ մեր հերոսներն իրենց երեխաների հետ կապված շատ նպատակներ են ունեցել, հատկապես նրանց կրթելու և հայրենասեր մարդ դաստիարակելու հարցում: Խաղաղություն բոլորիս»,–բարեմաղթեց մարզպետը։

Ձմեռ պապը չուշացավ։ Երեխաները նրան դիմավորեցին ուրախ բացականչություններով, ապա խոստացավ այցելել ամանորի գիշերը, որպեսզի կատարի նրանց ցանկությունները:

Ամանորյա նվերները պատրաստել էին տարբեր կազմակերպություններ: Արմեն Հակոբյանն ապրում է Ամերիկայում, պատերազմի ընթացքում, երեխաներին օգնելու նպատակով, հիմնադրամ է բացել: Այսօր Հայաստանում է.

«Արդեն օգնել ենք շատ ընտանիքների և շարունակում ենք օգնել՝ ֆինանսապես ու հագուստով: Մենք լծվել ենք այս գործին, որովհետև մեր հերոսներն իրենց կյանքը տվել են մեր Հայաստան աշխարհի համար: Նախատեսել ենք նաև աշխատատեղեր ստեղծել զոհվածների կանանց համար, նրանց տալ մասնագիտական կրթություն և զարգացնել  հմտությունները: Մեր ժողովրդին ցանկանում եմ միասնություն, եթե միասին չլինենք, ոչինչ չենք կարող անել»:

Նելլի Ղազարյանի երրորդ՝ կրտսեր որդին դեռ չէր ծնվել, երբ ամուսինը՝ Հակոբ Պռոշյանը, զոհվեց։ Փոքրիկն արդեն 11 ամսական է։ Ընտանիքն  ապրում է Բամբակաշատ գյուղում՝ տատիկի հետ։ Նելլին բուժքույր է, բայց չի աշխատում.  

«Ես հիմա ոչ մի բանով չեմ զբաղվում, երեխաներս անչափահաս են, նրանց խնամքով ու կրթությամբ եմ զբաղված։ Կցանկանայի աշխատել իմ մասնագիտությամբ, եթե հարմար մասնագիտություն լինի, կսովորեմ, կաշխատեմ»:

Լիաննա Հարությունյանը նույնպես երեք երեխա ունի, ապրում են Ակնալիճում, ամուսնու ծնողների հետ: Ամուսինը՝ Ջիվան Խաչատրյանը, զոհվեց պատերազմում.

«Չունեմ աշխատանք, հողագործությամբ և անասնապահությամբ եմ զբաղվում: Կարելի է մասնագիտություն սովորել և աշխատել, եթե երեխաներիս խնամող  լինի»:

Երեխաների համար նվերներ է պատրաստել նաև Վահեն։ Պատերազմի օրերին նա Արմավիր քաղաքի փողոցներում ընկույզ էր վաճառում, որ գումարը փոխանցի  «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Վահեն ընկերացել է Լևոնի հետ, որի հայրը՝ Սարգիս  Իսկանդարյանը՝ Հացիկ գյուղից, պատերազմից տուն չեկավ.

«Մեզ ծանոթացրել են մեր մայրիկները և հիմա միասին ընկերություն ենք անում, իրար հետ խաղում»։

«Ես եկել եմ, որ զոհվածների երեխաներին նավերներ տամ, շոկոլադե կոնֆետների տուփեր եմ բերել»:

Երեխաները առօրյայից տարբեր՝ տոնական օր անցկացրին, Ձմեռ պապից նվերներ ստացան ու նոր նվերների ակնկալիքով՝ սպասում են ամանորյա հրաշքին:

Back to top button