

Օմիկրոն. Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում գնալով նոր բառեր են սովորում։ Օմիկրոնը վիրուսի նոր շտամն է, որն արագորեն տարածվում է։ Միայն անցնող տարում հասարակության լայն շերտերին երկու նոր՝ «դելտա» ու «օմիկրոն» շտամերը հայտնի դարձան, մինչդեռ գիտնականները պնդում են՝ նույն վիրուսը կարող է հազարից ավելի շտամ ունենալ, դրանց մի մասն էլ՝ ակտիվ դրսևորում ունենա։ ԵՊԲՀ- ում էլ 2020 թվականի մայիսից հետազոտոթյուններ են սկսել՝ մի շարք հարցերի գիտական պատասխանները ստանալու համար։ Նախ՝ ուզում են հասկանալ, թե որքան երկար են մնում հակամարմինները մարդու օրգանիզմում, քովիդով հիվանդանալուց հետո դեռ որքան կարող է մարդը չվարակվել։ Գիտական խումբը ուսումնասիրել է երկու հակամարմին՝ սինթեզված N ու S սպիտակուցների հանդեպ։
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը պատմում է․ «Մեր նպատակն էր ուսումնասիրել ինչքան երկար է պահպանվում իմունիտետը ՔՈՎԻԴ վերապրածների շրջանում՝ շեշտը դնելով հակամարմինների ուսումնասիրության վրա: Դրա արդյունքում փորձելու ենք պատասխանել` ինչքան երկար մարդը կարող նորից չվարակվել: Բացի N պրոտեինի հանդեպ հակամարմինների որոշումից, հնարավորություն ունեցանք նաև ուսումնասիրելու մեկ այլ հակամարմին նույնպես ՝ S մակերեսային հակամարմինը»:
Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի հայցորդ, գիտության գծով պրոռեկտորի օգնական Մարիամ Մովսիսյանը նկատում է՝ այս պահի իրենց տվյալներով քովիդով հիվանդանալուց հետո մեկ տարուց ավելի պահպանվում են հակամարմինները։ «Թե որքան կպահպանվեն հակամարմինները, կախված է խմբերից․ ծանրության աստիճանից՝ թեթև, ծանր, միջին հիվանդացած պացիենետների մոտ։ Ովքեր քովիդը թեթև են տարել ու քիչ հակամարմին ունեն, դա դեռ չի նշանակում, որ իրենք ավելի շուտ կվարակվեն։ Միգուցե նրանց իմուն համակարգը այնքան լավ է աշխատել, որ կարողացել է վիրուսի դեմ շատ հեշտությամբ պայքարել՝ դրանից ելնելով հակամարմինների ձևավորումը ավելի քիչ է եղել, սակայն ավելի արդյունավետ»։
ԵՊԲՀ գիտական խումբը ուսումնասիրում է նաև, թե ինչպես է քովիդն ազդում նյարդային համակարգի վրա։ Ուշադրության առանցքում է հատկապես, թե ուղեղում ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ասում է՝ հենց սկզբից էլ պարզ էր, որ քովիդը կազդի ուղեղի վրա․ «Հենց հիվանդության սկզբից պարզվեց, որ հիվանդների 30-40 տոկոսի մոտ հոտի ու համի կորուստ այլասերում է, հոտի խանգարում է։ Հոտն ու համը ուղեղի զգայարաններով պայմանավորված զգացողություններ են։ Պարզ էր, որ եթե հոտն ու համն ախտահարվում են, պարզ է, որ ինչ փոփոխություններ կան ուղեղում։ Հիմա մենք նկարագրում ենք հիշողության որոշակի կորուստ։ Կանխատեսում ենք, որ կարող են ուղեղում որոշակի աուտո-իմունո փոփոխություններ կլինեն։ Ընդ որում, կարևոր է նկատել ոչ միայն սուր փոփոխությունները, այլ նաև «գնում ենք այն հիվանդությունների հետևից», որոնք ենթադրվում է, որ կերիտասարդանան։ Ծերունական ամենամեծ խնդիրը Այլցհայմերի հիվանդությունն է։ Եթե այս հիվանդությունը երիտասարդացավ, ինչը փորձում ենք հետազոտել, ու եթե պարզվեց, որ քովիդով է պայմանավորված, ապա այստեղ էլ լուրջ ասելիք կա»։


Հետազոտությունների համար ընտրվել է 18-65 տարեկանների խոււմբը՝ 222 հոգի։ 1․5 տարվա ընթացքում պարբերական այցելություններ են կատարել։ Ներառված են և կանայք, և տղամարդիկ, բայց ավելի շատ կանայք են, 1/3 տղամարդիկ են, 2/3 կանայք։ Հետազոտությունը սկսել են իրականացնել հիվանդությունից 14 օր անց։
Հետազոտության համար կիրառված մեթոդը մշակվել է ԵՊԲՀ գիտական խմբի կողմից։ ԵՊԲՀ Ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, ՔՈԲՐԵՅՆ թիմի անդամ Կարինե Մելքումյանն է պատմում․ «Մեթոդն իրենից ներկայացնում է շեմքերի որոշում՝ տարբեր խտությամբ հոտառական լուծույթների կիրառմամբ։ Եռօրյակ նյարդի շեմքի որոշում կար, տարբերակման թեստավորում ունիենք։ Կիրառված էր մեթոդ, որ խաբելուց զերծ մնանք։ Բազմակի կրկնում էինք, պացիենտները փակ աչքերով էին։ Կային նաև դատարկ տարաները, որպեսզի, եթե այնտեղից հոտ զգային, հասկանայինք, որ կեղծելու կամ այլ նպատակներ ունեն։ Համերը ներառել են այն չորս հիմնական համերը, որոնց ընկալիչները մեր լեզվի վրա կան՝ քաղցր, դառը, աղի, թթու»։
Կարինե Մելքումյանն ընդգծում է՝ 11 երիտասարդ է ընդգրկված խմբում։ Հենց այստեղ են նաև պարզել, որ քովիդից հետո մոտավորապես 30 տոկոսի մոտ ախտահարվում է կամ հոտառությունը, կամ համի զգացողությունը, կամ երկուսը միասին։ Նման իրավիճակներից հնարավորինս արագ դուրս գալու համար մասնագետները, կրկին հիմնվելով գիտական հետազոտությունների վրա, առաջարկում են մարզել հոտառությունը ու համի զգացողությունը։
Հոտառության խանգարումները երբեմն բերում են նաև դեպրեսիաների՝ որքան պառոսմիայի աստիճանը բարձր է, այնքան բարձր է դեպրեսիայի ֆոնը։ Հայ գիտնականները ավելի հեռուն են գնացել ու պարզել՝ ոչ թե հիմնականում հոտառական նյարդն է ախտահարվում, այլ՝ եռօրյակ նյարդը: Ուշադրության կենտրոնացման ախտահարում նույնպես նկատվել է։


Ծանր դեպքերում հոտառության ու համի զգացողությունը չի կորում։ Հետազոտական խումբը հստակ արձանագրել է՝ համի ու հոտառության կորուստը միջին ու թեթև հիվանդացության դեպքերում է լինում, թե ինչու՝ այս պահին միայն մասնագիտական տրամաբանությունը կարող է հուշել։ Ծանրերի դեպքում վիրուսը թիրախավորում ու ախտահարում է շնչառական համակարգը, մինչդեռ թեթև ու միջին ծանրության դեպքերում վիրուսն ընտրում է գլխուղեղ հասնելու ամենակարճ ճանապարհը՝ հոտառության նյարդը։ Վիրուսն ընտրում է նաև ամենաբաց՝ եռօրյակ նյարդը, որը տեղակայված է քթի խոռոչում։ Ուստի ավելի հեշտ է այն ախտահարելը։


ԵՊԲՀ-ում փորձում են նաև հետազոտել ու հասկանալ, թե քովիդով ծնված կամ ծնվելուց հետո մինչև երեք ամսական դառնալը քովիիդով վարակված նորածինների վրա ինչպես է ազդում վիրուսը։ Ավելի երկարաժամկետ ուսումնասիրություն է պահանջում նաև այն, թե ինչպես են զարգանում այն մարդիկ, որոնց մայրերը հղիության ժամանակ վարակվել են քովիդով։