ԿարևորՀասարակություն

2022թ փերտվարի 1-ից հոսանքը կթանկանա 300-700 դրամով․ կգործեն էլեկտրաէներգիայի տարբերակված սակագներ

2022թ փետրվարի 1-ից Հայաստանում հոսանքի գինը կբարձրանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում պարզել են, որ եթե էլեկտարէներգիայի սակագները անփոփոխ մնային, ապա հաջորդ տարի «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում 24 մլրդ  դրամ ֆինանսական ճեղքվածք կառաջանար։ Նաև հաշվարկել են՝ բնակիչ բաժանորդների համար ամսական ծախսը հոսանքի համար կավելանա 400-700 դրամով։ Եկող տարի կբարձրանա նաև ջրի սակագինը։ Գազի գինը սահմանին չի փոխվի, սակայն դեռ հստակ չէ, թե որքան կպահպանվեն գործող սակագները սպառողների  համար։

2021-ին ատոմակայանը երկար ժամանակով կանգ առավ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չաշխատեց, Արցախից ներկրվող հոսանքի ծավալները կրճատվեցին։ Անցնող տարում, այսուհանդերձ, Հայաստանում էներգետիկ ճգնաժամ չգրանցվեց, բայց եկող տարում էլեկտրաէներգիան կթանկանա։ Փետրվարի 1–ից հոսանքի սակագինը կբարձրանա տարբերակված մոտեցմամբ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյան․

«Սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, գործող սակագները կմնան անփոփոխ։ Մինչ 200 կվտ ժամ էլեկտարէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների համար սակագինը կբարձրանա 1․5 դրամով։ Նրանք կազմում են բաժանորդների 55 տոկոսը, 201-400 կվտ ժամ հոսանքի սպառման դեպքում սակագինը կբարձրանա 3․5 դրամով։ Այս բաժանորդները կազմում են ընդհանուր բաժանորդների 25 տոկոսը։ 401-ից ավելի կիլովատ ժամ սպառող ու մյուս բաժանորդների համար սակագինը բարձրացնել կբարձրանա 5․5 դրամով»։

Հանձնաժողովում պարզել են՝ եթե հոսանքի գինը չբարձրանա, ՀԷՑ-ում շուրջ 24 մլրդ դրամի ճեղքվածք կառաջանա, ավելին, 2022–ին էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ կառաջանային։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հստակեցնում է․

«Բաժանորդներից 55 տոկոսի ամսական առավելագույն ծախսը կավելանա շուրջ 300 դրամով, 25 տոկոսի ծախսը կաճի մոտ 700 դրամով»։

Սակագների փոփոխության հարցում որոշիչ են եղել աշխատանքի դադարը ատոմակայանում և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի չաշխատելը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի խնդիրը լուծվել է։  Կառավարությունը  տասը տարի «Գազպրոմ Արմենիային» կվճարի տարեկան 31,8 մլն դոլար՝ 5-րդ էներգաբլոկը վերագործարկելու համար։  

Մինչ դա՝ ինչո՞ւ է դադարեցվել բլոկի աշխատանքը։ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտված չէ, դեպի Վրաստան էլ արտահանում չկա։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն արձանագրում է՝ գործող գծերի պայմաններում արտահանման շուկաներ գրեթե չեն եղել։ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը 2012 թվականից սկսած՝  միշտ աշխատել է թերբեռնված՝ 30 տոկոս ծանրաբեռնվածությամբ՝ ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակցը․

«Չի կարողացել սպասարկել կառուցման  նպատակով ներգրավված վարկերը։ Ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ վերանորոգման համար նույնպես չեն կարողացել  համապատասխան միջոցներ կուտակել։ Այս տարվա համար նախատեսված ժամաքանակն ավարտվել է։ Չունեն բավարար միջոցներ՝ 16 մլն եվրո, որ կապիտալ վերանորոգում իրականացնեն»։

Էներգետիկ փորձագետ, էներգետիկայի նախկին փոխնախարար Էդուարդ Արզումանյանը կարծում է, որ սակագնի բարձրացումը, միևնույնն է, արդարացված չէ, ավելին, կառավարությունը չպետք է վճարի Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքի համար, և եթե միայն ՀԱԷԿ–ի վարկի մարումը ներառված լիներ սակագնի մեջ, ապա սակագինն ավելի քիչ կբարձրանար․

«Եթե մենակ վարկը լիներ, ապա սակագինը կբարձրանար 15 դրամով միայն»։

Տարեկան 31,8 մլն դոլար «Գազպրոմ Արմենիային» վճարելու դեպքում տասը տարում հնարավոր կլինի հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար։ Իսկ թե որքան կպահպանվեն գործող սակագները սպառողների համար, չի հստակեցվում։ Այս պահին հստակ է միայն, որ հունվարից 20 դրամով էլ կբարձրանա ջրի սակագինը։ Բացառությամբ անապահով ընտանիքների, հունվարից ջրի համար 180 դրամի փոխարեն կվճարենք 200 դրամ։ ՀԾԿՀ–ում հաշվարկել են, որ ջրի համար ընտանիքները հավելյալ կվճարեն մոտ 400 դրամ։

Back to top button