ԿարևորՔաղաքական

Թուրքիան ու Ադրբեջանը կարող են պատասխանատվության ենթարկվել․ ռազմական հանցագործությունների մասին դրույթ` ԱՄՆ պաշտպանական բյուջեում

ԱՄՆ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն 44-օրյա պատերազմի մասին դրույթ է  պարունակում։ Փաստաթուղթն արդեն ստորագրել է ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը, անդրադառնալով այդ դրույթին, թվիթերում գրել է, որ դրանով Ադրբեջանն ու Թուրքիան պատասխանատվության կարող են ենթարկվել ռազմական հանցագործությունների համար, եւ ինքը հետամուտ է լինելու գործընթացին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2022թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեն, որը  հայ-ադրբեջանական հակամարտության մասին կարեւոր դրույթ է պարունակում։ Նշվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի 44-օրյա պատերազմի մասին։

Այդ դրույթին անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը եւ թվիթերյան իր էջում գրել․ ««Ազգային պաշտպանության մասին» օրենքը, որը ստորագրեց Բայդենը, կարեւոր դրույթներ է ներառում՝ ուղղված Ադրբեջանին եւ Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար: Ես կհետևեմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստագրելիս»։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ԱՄՆ պաշտպանական բյուջեի այդ դրույթը Հայաստանի հետ հարաբերություններում  ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն է համարում։  Իբրեւ օրինակ՝ մատնացույց է անում ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժի ամրագրումը, որը չի հաջողվել  իրականացնել  Թուրքիայի կողմից՝ 1920 թվականին Հայաստանի օկուպացիայի պատճառով։

Դեկտեմբերի սկզբին ընդունված այս օրենքը, որն ստորագրել է նաեւ Ջո Բայդենը, մատնանշում է Ադրբեջանի չորս կոնկրետ օրինախախտում.

1․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառված թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում ԱՄՆ-ում արտադրված մասերի հայտնաբերում։

2․ Ադրբեջանի կողմից հայ գերիների անօրինական կալանավորում և խոշտանգում։

3․ Թուրքիայի հավաքագրած վարձկանների մասնակցություն Արցախի դեմ պատերազմում։

4․ Ադրբեջանի կողմից շարունակական բռնություններ և համաձայնագրերի ու միջազգային իրավունքի խախտումներ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը քիչ հավանական է համարում, որ ԱՄՆ-ն քաղաքական պատասխանատվության ենթարկի Թուրքիային ու Ադրբեջանին․

«Մի քիչ բարդ եմ պատկերացնում այն քաղաքական իրավիճակը, երբ ԱՄՆ-ն պատասխանատվության հարց կդնի Ադրբեջանի ու Թուրքիայի առջեւ, որքան էլ դա մեզ համար ցանկալի լինի։ Այն քաղաքական իրավիճակի տրամաբանությունը, որ ձեւավորվել է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո, թույլ չի տալիս մեզ այդ սցենարը իրականանալի դիտարկել, քիչ հավանական է, որ ինչ-որ իրավական գործընթաց ենթադրող  քայլեր կանի»։

Վերլուծաբանի կարծիքով՝ ԱՄՆ-ն կովկասյան տարածաշրջանը չի դիտարկում որպես  լայնամասշտաբ ներգրավվածության գոտի։

Հակոբ Բադալյանն ասում է․ «Ակնհայտ է, որ այստեղ ԱՄՆ-ն ապավինում է Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխզսպման միջոցով իրավիճակը կառավարելուն, եւ տարիներ շարունակ տեսնում ենք այդ քաղաքականությունը։ Կարծում եմ, որ Կովկասի ամերիկյան քաղաքականության հարցում էական նշանակություն կունենա այն, թե ինչպիսի պայմանավորվածություններ կամ ինչպիսի քննարկումներ կլինեն Ռուսաստանի հետ առաջիկայում»։

ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն  հունվարի 10-ին, ինչն ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա։  Զրուցակցիս կարծիքով՝ ցանկալի չէ, որ կարծր դիմակայությամբ ընթանա հանդիպումը, քանի որ այդ դեպքում չի բացառվում, որ Հայաստանը հայտնվի Ամերիկա-Ռուսաստան դիմակայության առաջնագծում կամ սահմանային գոտում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, լրագրողների հարցերին ի պատասխան, չի հերքել հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական հանդիպման հնարավորությունը,-գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, թե հունվարի 10-ին նախատեսված կոնսուլտացիաների ընթացքում ԱՄՆ-ն ակնկալում է, որ ռուս ներկայացուցիչների հետ կքննարկվեն ռազմավարական կայունության հարցեր։  

Back to top button