ԿարևորՀասարակություն

Քարաղացը խաթարել է գուգարքցիների կյանքը. պատկան կառույցները խոսում են խախտումներից, տնտեսվարողը՝ խոստանում վերացնել

Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքի մեջ մտնող Գուգարք գյուղի բնակիչները դժգոհում են, թե արդեն 2 տարի է՝ չգիտեն ինչ է գիշերային քունը: Պատճառը՝ գյուղին մոտիկ քարամշակման արտադրամասն է: Նախկին քարաղաց սարքերի աղմուկին հազիվ էին դիմանում: Գործարկված հզոր քարաղացման նոր հաստոցն, ըստ գուգարքցիների, անտանելի է դարձրել գյուղի ներքևի հատվածում բնակվողների կյանքը։ Դիմել են պատկան ատյաններին, բայց խնդրի լուծմանը դեռ սպասում են։

Թե՛ նախկինում, երբ առանձին համայնք էր, թե՛ այժմ՝ Վանաձոր խոշորացվածի կազմում, Գուգարքին հուզող խնդիրը լուծում չի ստացել: Խճի մանրացմամբ, ասֆալտբետոնի և բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ն 2018-ից տեղի բնակիչների դժգոհությունն է հարուցում: Բանավոր բողոքները անտեսվել են: Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Գուգարք գյուղի հարևանությամբ գործող քարաղացման և խճի արտադրամասը, ըստ պաշտոնական գնահատումների, ոչ միայն խախտել է մի շարք բնապահպանական նորմեր, վնասել շրջակա միջավայրը, այլև, գիշերային ժամերին աշխատելով, խաթարում է գյուղի բնակիչների անդորրը։ Ձայնի բարձրությունը գերազանցում է սահմանված նորմերը մի քանի անգամ: Մարդիկ խուսափում են անուններ տալուց, բայց, իրար հերթ չտալով, պատմում բոլոր այն անհարմարությունների ու վնասների մասին, որոնց արդեն 2 տարի է բախվում են՝ քարաղացի պատճառով: Մեկի ծառերն են չորացել, մյուսի մեղուները՝ սատկել:

«Ունեցել եմ 20 մեղու, մի հատ չկա, սատկել են: Թուզ կերած ես չէ՞, ատամիդ տակին որ ղռճում ա, այ էդ փոշին, որ գալիս ստեղ ա հասնում, չենք կարողանում բերաններս, աչքներս փակենք, էդ ձևի ղռճում ա: Դա Քոչարյանիննա, անունը ուրիշի է, բայց Քոչարյանինն է»։

«Թող անեն իրենց բիզնեսը, մենակ էս ժողովրդին չխանգարեն:  Մանավանդ էդ թոզը, գրանիտն իրանով թույնա: Եթե հասկացող մարդկա, դա տեղով թույնա, էդ թույնը գալիսա էս թաղով:»։

«Մաքուր շորը մենք չգիտենք ինչ է, լվանում ենք, փռում՝ նույն կեղտը:»

«Լավություն էլ են արել, էն օրը գրեդերը բերին, սիրուն դզեցին ճամփեն: Ժամ դնեն գոնե, առավոտը  7-ին գան, իրիկունը 7-ին շաբաշ անեն: Գիշերվա որ ժամին ասես, դըմբը-դըմբը-դըմբը,  ոնց որ մարդու դավադիտ անեն: Էդ փոշին, որ գալիսա, տեղով թույնա,  դա ես եմ շնչում, իմ երեխեքն են շնչում: Գյուղի 99 %-ը, գյուղապետարանի տղեքը, սաղ ասում են  մեր մոտ որ սենց ա գիշերն էդ ձենը գալի, մեզ խանգարում, բա դուք ո՞նց եք էդ ներքևի թաղում»:

44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդն ասում է՝ աղմուկն իր մոտ վատ զգացողություններ է առաջացնում: Բազմաթիվ վիրավորումներ է ստացել: Փորձում է մոռանալ պատերազմի հասցրած վերքերը, քարաղացի աղմուկը չի թողնում: «Մեծ քանակությամբ գրանիտի փոշի է արտանետվում»,-ասում է տարեց բնակիչը: Այդ փոշին մեր տներում է կուտակվում, հողամասերում, արոտավայրերում, որոնք տներից ընդամենը 200 մետրի վրա են։ Դեմ չենք արտադրությանը, դեմ ենք կազմակերպման ձևին»,- ասում են:

«էդ թոզը մի անտանելի բան է, դա իմ առողջությանն էլ է վնաս, մեր երեխեքի առողջությանն էլ է վնաս, ամեն ինչին ա վնաս: Թող միլիոններ աշխատեն, բայց մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն»։

Լոռու մարզպետարանում լսել են խնդրի մասին, ուղղորդել ՀՀ բնապահպանության և ընդերքի, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց մի շարք խախտումների մասին:

«Ընկերությունը 1 տարի աշխատել է՝ գերազանցելով սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության պահանջները, չի իրականացնում  մթնոլորտ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներչունի Փամբակ գետից իրականացվող ջրօգտագործման հաշվառման համար ջրառի կետում տեղադրված ջրաչափ:Այսպիսով՝ ընկերության գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվել 4.821.760 ՀՀ դրամի վնաս: Հարուցվել է վարչական վարույթ, նշանակվել են վարչական տուգանքներ 200.000 և 150.000 դրամի չափով, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ։»

Ըստ Աղաբաբյանի՝ տուգանքների մի մասը «Ա.Ա.Բ. Պրոյեկտ» ՍՊԸ-ն հատուցել է, որոշ խախտումներ էլ՝ վերացրել: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանն էլ ասում է, որ իրենք վարչական վարույթ են հարուցել, ստուգումներ արել, ինչի շրջանակում տնտեսվարողը մի շարք միջոցներ է ձեռնարկել:

«Տարածքում իրականացրել են զննում: Զննում նուղեկցվել է թափանցող աղմուկի մակարդակի լաբորատոր գործիքային չափումներով: Արդյունքում պարզվել է, որ Գուգարք գյուղի թիվ 55 տանը գերազանցել է աղմուկի թույլատրելի սահմանները:  Խախտումների վերացման նպատակով տրվել է կարգադրագիր՝ 1-ամսյա ժամկետում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և ապահովելու նորմի պահանջները:  Նոյեմբերի 11-ին տեսչական մարմինն ստացել է տնտեսվարողից գրություն՝ աղմուկը մեղմելու նպատակով հողային պատնեշ կառուցելու մասին: Փոշու տարածումը կանխելու նպատակով էլ գործի է դրվել ջրցան մեքենա: Նոյեմբերի 29-ին իրականացվել է կրկնակի չափում, և աղմուկի ֆոնը թույլատրելի նորմերի շրջանակներում է եղել: Եթե բնակիչները շարունակում են բողոքել, և գիշերային ժամերին աղմուկը խանգարում է իրենց, կարող են կրկին դիմել տեսչական մարմին՝ հատուկ ընդգծելով օրվա ժամը, վայրը, թե որտեղի՞ց և ե՞րբ է աղմուկը իրենց խանգարում:»

Քարաղացը շահագործող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետերը, ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, Արմեն Բադալյանն է: Նա ՀՀ Աժ նախկին պատգամավոր, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդին է: Ընկերության Վանաձորի պատասխանատու Տարոն Սիմոնյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ ավարտել են հողային պատնեշի աշխատանքները: Գիշերային ժամերին էլ աշխատում են, որ հասցնեն ժամանակացույցի մեջ տեղավորվել:

«Պատնեշը կառուցել ենք շատ մեծ չափերի, մի բան էլ դրանից ա առավել, որ ընդհանրապես դեցիբելների հետ կապված խնդիրներ չունենանք ու էդ խնդիրը վերացվել է: Գիշերային ժամերին որ աշխատել ենք մինչև ժամը 01:00-ը, պայմանավորված էր սեզոնային աշխատանքների հետ: 3 սմենով եթե  աշխատում ենք գիշերը, ինչքա՞ն գիշեր, մինչև 24:00-ն, 01:00-ը՝ մաքսիմում, 02:00-ին արդեն մաքրման աշխատանքներ ա ու հիմնականում ձայն չի լինում:»

Իրավապաշտպան, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանն ասում է, որ ազդակիր համայնքները պետք է պահանջատեր լինեն, գործուն քայլեր ձեռնարկեն՝ բնակիչների խախտված իրավունքների վերականգնման հարցում:

«Համակեցության կանոններն են խախտվում, խախտվում է բնակիչների անդորրը, մարդիկ նյութական վնասներ են կրում, փոշին ազդում է առողջության վրա: Խոշորացված համայնքը պետք է պահանջի ապահովել նորմերը, ինչպես նաև համայնքի փոխհատուցման մեխանիզմ կիրառի, ինչը թույլ կտա շատ ավելի մեծ խնդիրներ լուծել: Ընկերությունները պետք է 3 տարին մեկ անցնեն գույքի գնահատում, որի հիման վրա պիտի լինի նաև իրենց գույքահարկը: Փորձը ցույց է տալիս, որ երբևէ իրենք չեն գնահատում, եթե գնահատում էլ են, շատ չնչին է լինում իրենց գույքահարկը, որը նորմալ չէ»:

Կազմակերպությունը պատրաստվում է իրավական աջակցություն ցուցաբերել գուգարքցիներին՝ նախաձեռնել ստորագրահավաք ու մշակել վնասների փոխհատուցման մեխանիզմներ։

Back to top button