ԿարևորՀասարակություն

Դոտացիաներ, համայնքային ծառայողներ, կապալառուների ընտրություն․ Սյունիքի մարզային իշխանությունը մտահոգ է

Սյունիքի մարզային խորհրդի այս տարվա վերջին նիստը չորս ժամ է տևել։ Ամփոփվել է 2021-ին արվածը, քննարկվել են չլուծված խնդիրները, ուրվագծվել 2022-ի անելիքները։

Սյունիքի 5 համայնքում այս տարի առաջին անգամ անցկացվեցին ավագանու ընտրություններ՝ համամասնական  ընտրակարգով։ Դեկտեմբերի 29-ը այդ համայնքներում նիստերի անցկացման վերջին ժամկետն է, փետրվարի 8-ից էլ կմեկնարկերկի նոր նստաշրջանը։ Բայց մարզում կան համայնքներ, որտեղ դեռ բազմաթիվ կազմակերպչական, ընթացակարգային հարցեր, այդ թվում՝ ավագանու հանձնաժողովների կազմերը, հաստատված չեն։

Բազմաթիվ խնդիրներ կան Գորայք համայնքում, այստեղ ընտրություններն անցկացվել են մեծամասնական ընտրակարգով։ Լսենք մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանին․

«Խիստ մտահոգիչ իրավիճակ է Գորայքում։ Քվորումի բացակայության պատճառով չեն հաստատվել 2022թվականի, ինչպես նաեւ 2021թվականի բյուջեն։ Հույս ունենք, որ վաղը հրավիրված ավագնու նիստում դա կարվի։ Կա նաեւ խնդիր համայնքային ծառայողների հարցում։ 8 հաստիքից 4–ը թափուր է, այդ թվում՝ աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, որը, կարծում եմ, կարևոր պաշտոններից մեկն է համայնքային ծառայության»։

Գորայքի համայնքի ղեկավար Նարեկ Աղաջանյանը ոչ խորհրդի նիստում, ոչ «Ռադիոլուր»-ին խնդրի հետ կապված պարզաբանում չտվեց։ Ասաց՝ կկարգավորվի։

Համայնքի ղեկավարները դժգոհ էին, որ չեն կարողանում պահանջվող չափորոշիչներով համայնքային ծառայողներ գտնել։ Նրանք նախընտրում են բարձր աշխատավարձով աշխատել մասնավոր սեկտորում։ Առաջարկեցին դիմել կառավարություն՝  վերանայելու  համայնքային ծառայողներին ներկայացվող պահանջները, դրույքաչափերը։ Կրճատվել է նաև դոտացիաների գումարը, ինչը նույնպես կազդի համայնքային ծառայողների աշխատավարձի վրա։  Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյան․

«Այս տարի փոխել են համայնքներին տրվող բանաձևերը, ու համայնքների դոտացիաները չեն աճել։ Կապան համայնքի դոտացիան 14 մլն դրամ է։ Դրանով այս գնաճի պայմաններում, ո՞նց ենք բարձրացնելու աշխատակիցների աշխատավարձը։ Փոխանակ համայնքների դոտացիաները ավելացնեն, կրճատում են։ Դա է խանգարում»։  

Համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մրցույթում հաղթած կազմակերպությունները հաճախ կիսատ են թողնում․ հետո նրանց գտնելը շատ դժվար է․ համայնքապետերը մտահոգիչ են համարում նաև այս խնդիրը։ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան․

«Ես 2017թ–ից այդ ծրագրերի մեջ եմ, ու առ այսօր ցանկացած շինարարության հողային աշխատանքները 100 տոկոսը  ես եմ իրականցանում։ Ի՞նչու։ Որովհետեւ շահագրգիռ կողմ եմ, ու ժողովրդին չի հեռաքրքրում, թե ով է շահել մրցույթը։ Եթե շինարարները տեղացի լինեն, բնականաբար, տեղացիների սիրտը կցավի»։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը առաջարկեց կազմել առաջարկների ցուցակ ու ներկայացնել կառավարություն, որպեսզի վերանայեն կապալառուների մրցույթ հայտարարելու ընթացակարգը՝ թույլատրելով աշխատանքներ իրականացնել միայն տեղի կազմակերպություններին։

Back to top button