ԿարևորՀասարակություն

Գիտնականների աշխատավարձերը կարող են բարձրանալ մինչև երեք անգամ․ ԿԳՄՍ նախարար

2021-ին ընդունվեցին նախադպրոցական և հանրակրթության չափորոշիչները, հակասահմանադրական ճանաչվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը․․․ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտում տեղի ունեցան բազմաթիվ այլ իրադարձություններ ևս․ տարին այսօր ամփոփել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Ալֆրեդ Քոչարյանը ԿԳՄՍ նոր փոխնախարարն է․Արայիկ Խզմալյանի հետ միասին նրանք համակարգելու են մշակույթի ոլորտը։ Քոչարյանին այսօր ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝  անցնող տարին ամփոփելիս։

2021 թվին Կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկ, որտեղ կառուցվում են մոդուլային մանկապարտեզներ։ Բնակավայրերում, որտեղ երեխաների թիվը փոքր է, և մանկապարտեզի ծախսը՝ ոչ արդյունավետ, ստեղծվել են նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ։ Կապիտալ բնույթի ծախսեր են կատարվել նաև դպրոցաշինության ոլորտում։

«2021 թվականին ԿԳՄՍ բյուջեի տարբեր ծրագրերով իրականացվել են  կառուցման, վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներ՝  88 դպրոցներում, ավելի քան 30 դպրոցում կատարվել են գույքային հագեցման աշխատանքներ՝ չհաշված լաբորատոր սարքավորումների և գույքի գնման աշխատանքները։107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել են 335 լաբորատորիաներ»։

Տարվա ընթացքում հաստատվել է հանրակրթական նոր չափորոշիչը, ներդրվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր,  վերսկսվել է ուսուցիչների պարտադիր վերապատրաստման գործընթացը, որն ընդգրկել է 7 000 ուսուցչի: Փոփոխվել է «Հանրակրթության մասին» օրենքը, իսկ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը բարեփոխել չի հաջողվել․ նախագիծը ճանաչվել է հակասահմանադրական, լրամշակվել է, այժմ դրված է շրջանառության մեջ․

«Եթե բուհը պետական է, և հիմնադիրը պետությունն է, այո, պետությունը պետք է ունենա հնարավորություն՝իր իսկ հիմնադրած բուհի կառավարիչ նշանակելու։ Դա իմ սկզբունքն է, որը այսօր համարվում է հակասահմանադրական։ Այս պահին նոր խմբագրված օրենքը ներկայացվել է կառավարություն, շուտով կգնա ԱԺ, և հուսով եմ՝ այս նոր տարբերակը խնդիր չի ունենա, և մենք կունենանք նոր օրենք՝ բարձրագույն կրթության և գիտության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է բովանդակային մասով»։

Ամփոփելով գերատեսչության տարին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրջագույն եւ աննախադեպ որակեց հատկապես գիտության ոլորտում արված փոփոխությունները, ասաց, որ գիտության բյուջեն ավելացել է շուրջ 85 %-ով․

«Մեր այն գիտնականների աշխատավարձերը, որոնք արդյունավետ են աշխատում, գիտական արդյունք են ստանում, մինչեւ երեք անգամ կարող են բարձրանալ, Գիտության կոմիտեն մշակել է այդ մոտեցումները: Մեր գիտնականները պետք է մոտիվացվեն այդ ֆինանսավորման միջոցով, որպեսզի գիտական կոլեկտիվները նվիրումով զբաղվեն գիտությամբ»:

Ասուլիսում Վահրամ Դումանյանը կարեւորեց միջին մասնագիտական հաստատությունների հավատարմագրման գործընթացը․ վերջին 3 տարում հավատարմագրվել է 14 մասնագիտություն, հաջորդ տարի նախատեսվում է եւս 5-ը:

2022-ին Երևանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադա, կհյուրընկալենք բազմաթիվ աշակերտների՝ աշխարհի տարբեր երկրներից։ Առաջին անգամ մեր երկրում կանցկացվի Starmus միջազգային փառատոնը։

Back to top button