Երաժշտական եռանկյունի

«Բարդ ակումբ»․ ստեղծագործական տարվա ամփոփում․ «Երաժշտական եռանկյունի»

Ի՞նչ դերակատարություն ունի հեղինակային երգը մայրաքաղաքի և երկրի կյանքում, ինչպե՞ս է այն անդրադառնում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, ի՞նչ է արտահայտում և ինչպե՞ս է ներկայանում հանրությանը։

«Բարդ ակումբ»-ի հիմնադիր հեղինակ կատարող Վախթանգ Հարությունյանը վերլուծելով ակումբի 11 տարվա աշխատանքը անդրադառնում է ստեղծագործական, կազմակերպչական և իրավական մի շարք խնդիրներին, կապված հայկական հեղինակային երգի հետ։

Նա նշում է որ կա մի քանի կազմակերպչական մակարդակ՝ ակումբային հավաքների ակումբային կանոնավոր գործունեությունը, համերգային հարթակներում հանդես գալը, բարեգործական ակցիաների նախաձեռնում ու մասնակցությունը, հեղինակային երգի տեղային և միջազգային փառատոնները։

Անդրադառնալով ժանրի արմատներին նա նշում է, որ չնայած ակունքներով այն գալիս է երգահանների, մենեստրելների, գուսանների ժամանակներից, Հայաստանում այն ձևավորվել է դեռևս 60-70-ականներին և շարունակվում է մինչ օրս, հարստանալու նոր հեղինակներով և երգերով։

«Հեղինակային երգի հիմքում՝ բանաստեղծական խոսքն է, անկեղծ ապրումն ու ազնվությունը։ Սրանք են այն հիմնական գրավականները, որոնք ստեղծում են ժանրի շուրջ հետևորդների և հեղինակային երգի սիրողների բանակը»-ասում է Վախթանգ Հարությունյանը։

Հեղինակային երգի ժանրում ստեղծագործողները անդրադառնում են երկրում տեղի ունեցած բարքերին, սոցիալական և քաղաքական իրադարձություններին, ակտիվ մասնակցում բարեգործությանը որպես նախաձեռնող և որպես պրոպագանդիստ, դրսևորվում են իբրև երկրի հոգսերով ապրող սրտացավ քաղաքացիներ։ Հաղորդման ընթացքում հնչում են կատարումներ «Բարդ ակումբի» 2021-ի ամփոփիչ համերգից։

Back to top button