ԿարևորՔաղաքական

Նախագահ կամ վարչապետ դառնալն ինքնանպատակ չէ․ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ պետք է շանսերը գնահատել

Տարեվերջյան ասուլիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է  սահմանազատման գործընթացին և խոսել այս փուլում այն իրականացնելու վտանգների մասին։ Քոչարյանը կարծում է, որ  հստակ հաշվարկներ են պետք  երկաթգծի գործարկման օգուտների ու վնասների մասին։ Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը վստահեցնում է՝ պայքարը շարունակելու են՝ որեւէ քայլ անելուց առաջ շանսերը գնահատելով։

Տարեվերջյան 2 ու կես ժամ տեւած ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ օրախնդիր բոլոր հարցերին` անվտանգությունից մինչեւ ապաշրջափակում, հայ–թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումից մինչեւ ներքաղաքական խնդիրներ։ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ  սահմանազատման ու սահմանագծման գործընթացն այս փուլում իրականացնելը  խնդրահարույց է։ Այլընտրանքը, ասում է, այդ գործընթացին չգնալն է։

«Դելիմիտացիայի այլընտրանքը՝ չգնալ  այդ պրոցեսին։ Հիմնավորելու 1000 պատճառ ունես՝ դու դիվանագիտական հարաբերություններ չունես, երկկողմանի որեւէ հարաբերություն չունես։ Առանց դիվանագիտական հարաբերությունների դելիմիտացիան ոչ մի տեղ առաջ չի ընկնում։ Դելիմիտացիայի չգնալն այս պահին ոչ թե նրա համար է, որ ասենք թե մենք ընդհանրապես սահման չունենք, այլ վտանգներ է իր մեջ կրում։  Հաստատված դելիմիտացիան նշանակում է, որ դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հնարավորություն է տալու Ադրբեջանին վերջապես ասել մեզ եւ ռուսներին՝ Լաչինի միջանցքում դնում եմ մաքսակետ»։

Հայաստանի տնտեսական զարգացումն ապաշրջափակման համատեքստում դիտարկելն ու  տարանցիկության գործոնի հետ կապելը երկրորդ նախագահը ճիշտ չի համարում։ Ասում է՝  երկաթուղային կապուղիների գործարկման հարցում  օգուտների ու վնասների մասին հստակ հաշվարկներ չկան։ Հայաստանը փոքր է եւ տարանցիկության մեծ պոտենցիալ, ըստ Քոչարյանի, չունի.

«Ավելի հարթավայրային ճանապարհներ կառուցելու հնարավորությունը միշտ էլ կա, ե՛ւ կառուցումն է ավելի էժան,  ե՛ւ փոխադրումները։  Նախիջեւանից Իգդիր 84 կմ է։ Իրենք արդեն հայտարարել են, որ այդ երկաթուղին կառուցելու են, մոտավորապես երկու տարի կտեւի շինարարությունը։  Սա նշանակում է, որ մենք տարանցիկության համար ունենալու ենք միայն 45 կմ Մեղրիով»։

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ  հայ–թուրքական հնարավոր բանակցություններում  Թուրքիան իր հիմնական նախապայմաններից չի հրաժարվի։

Ինչ վերաբերում է ներքաղաքական պայքարին, Քոչարյանը վստահեցնում է, որ իր ղեկավարած ուժը կշարունակի պայքարը, բայց՝ շանսերը գնահատելով։

Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան ,  արդյո՞ք կմասնակցեն այդ ընտրություններին։

«Իրավիճակը պետք է գնահատես։ Կոնկրետ իմ մասնակցության հարցում պետք է իրավիճակը գնահատեմ, շանսերը գնահատեմ, տեսնեմ ինչ չափով են ընտրվելու շանսերն արդարացված։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ է լինելու, դրա համար չեմ կարող ասել՝ ինչ է լինելու։ Այո, մտել ենք պայքարի մեջ և անմնացորդ պետք է պայքարենք։ Պետք է ձգտենք այս իշխանությունից ազատվել։ Բայց ինքս նախագահ կամ վարչապետ դառնալը ինքնանպատակ չեմ դիտում։ Իրավիճակը պետք է գնահատենք»,– նշել է Քոչարյանը։

Back to top button