ԿարևորՀասարակություն

Լուկաշինում գյուղացիներն են գնահատում համայնքի փոփոխությունները

Տարին մոտենում է ավարտին: Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում բնակիչներն են վերլուծում գյուղում կատարված աշխատանքը, քննարկում անելիքը,  քանի որ իրենք էլ անմասն չեն այդ գործից: Երբ անհրաժեշտ է լինում, գյուղացիներով գործի են անցնում: Համայնքում միասին շատ բան են փոխել: Օրինակ՝ գյուղի սեփական միջոցներով մաս-մաս վերանորոգել են մանկապարտեզի շենքն ու բարեկարգել բակը։

Հացատան երդիկից բարձրացող ծուխը տարածում է թարմ լավաշի բույրը: Հարևան-բարեկամներով հավաքվել ու Նոր տարվա հացն են թխում: Մեկը՝ հացի գնդերն է կրում, երկուսը՝ գրտնակում, երրորդը՝ թխում, մյուսն էլ հետևում , որ հացը չվառվի: Ամեն անգամ բաթաթը թոնրի պատերին խփելիս՝ օրհնության ու տարեմուտի բարեմաղթանքի խոսքեր են ասում.

«Խաղաղություն լինի, պատերազմ չլինի՝ ամեն ինչ լավ կլինի»:

«Աշխարհին խաղաղություն լինի, մեր զինվորները չպակասեն, բոլորը տուն վերադառնան, թող մի քիչ էլ պակաս սնվենք»:

Նոր տարվա լավաշը համեմատաբար ավելի շատ են թխում.  գյուղ է, հյուրերը՝ շատ: Չորս  օր  դեռ թխելու են: Օրը չծանրացնելու համար  տարբեր պատմություններ են հիշում: Հիմա քչերն են նստում թոնրի շրթին ու տան համար հաց թխում, մինչդեռ տարիներ առաջ  թխվածքներն  էլ էին  թոնրում թխում: Հիմա հաց թխելու տեխնոլոգիաները փոխվել են.

«18 տարեկանից հարս ենք եկել ու լավաշ թխել, սկզբում գրտնակ ենք արել, սկեսուրս էր հացը թխում, հետո սկսեցինք մենք թխել»:

«Ես 28 տարի թոնրում եմ հացը թխում: Թոնրի մեջ թխվածք էլ ենք թխել: Կախիչով էինք թխում՝1985-ից մինչև 1995թթ: Հիմա  մենք չենք թխում, ջահելների գործն ավելի է հեշտացել»

Հաց թխելը չլիներ, միասին այսքան երկար ժամանակ չէին անցկացնի՝ տուն, հող, անասուն. Ազատ ժամանակ քիչ են ունենում: Զբաղված են, բայց իրենց  աչքից  ոչինչ չի վրիպում, տեսնում են գյուղի բոլոր փոփոխությունները:

«Մեր փողոցները լրիվ լուսավորված են՝ գլխավոր փողոցով, մուտքերով: Լավ մանկապարտեզ ունենք, դպրոց ունենք, ոռոգման ջուր կա, արտեզյան հորերը նորոգեցին»

«Հիմա դպրոցի դահլիճն են վերանորոգում, ավելացնում են մանկապարտեզի խմբերը: Անգամ կողքի գյուղից են երեխաները մեր մանկապարտեզ գալիս»:

Աշխատանքների մեծ մասն իրականացվել է միայն համայնքի բյուջեի հաշվին, կիսատ մնացած գործերն ավարտել են համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ ու ֆինանսական ներդրումներով: Լուկաշին համայնքի նախկին ղեկավար Կարեն Մկրտչյանն ասում է, որ գյուղի սեփական միջոցներով 2018-ից սկսած մաս-մաս վերանորոգել են մանկապարտեզի շենքն ու բարեկարգել բակը.

«Մինչև այս պահը ֆինանսավորել ենք և՛ աշխատուժը, և՛վերանորոգման ծախսերը: Մանկապարտեզի ջեռուցման մի նախագիծ ունենք, եկող տարի ենք անելու, որ մանկապարտեզն ամբողջ տարին գործի: Մեր մանկապարտեզը 90 տեղանոց է, 3 խումբ է գործում՝ կրտսեր, միջին և ավագ»:

Ջեռուցման համակարգ  ունենալը 15 մլն դրամ կարժենա: Կարեն Մկրտչյանի հետ շրջում ենք բակում, որն ասֆալտապատվել է, խմելու նոր ջրագծեր են անցկացվել: Հաջորդ տարի պլանավորել են շենքի ներսում սանհանգույցներ կառուցել: Գյուղում ընդհանուր կոյուղի չկա. մանկապարտեզի բակում կոյուղու համար հոր են կառուցելու:

«450 քմ ասֆատապատվել է, մանկապարտեզի չորս կողմը բետոնապատել ենք, 1000 քմ սվաղել, ներկել, տանիքն ենք վերանորոգել ու թիթեղյա դարձրել, շենքն ենք վերանորոգել, խաղահրապարակ ենք տեղադրել»:

Այս տարվա սուբվենցիոն ծրագրերի մի մասը հետաձգվել է. միջոցներն ուղղվել են կենսական նշանակության խնդրի լուծմանը՝ խորքային հորերի վերականգնմանը: Երաշտի պատճառով մշակաբույսերը չորանում էին: Խորքային երեք հորերը երկար տարիներ անսարք են, մինչդեռ  դրանցից յուրաքանչյուրը 40-50 հա տարածք է ոռոգում:

«Հորերը լցվել էին քար ու երկաթով: Նույն հորատող գործիքներով շուրջ երկու ամիս մաքրեցինք ու հիմա ունենք գործող 3 խորքային հոր: Հասկացանք, որ միշտ պետք է ունենանք այլընտրանքային ոռոգում»:

Լուկաշինում մշակովի հողերը 560 հա տարածք են զբաղեցնում: Տեղացիներն ասում են՝ իրենց  ավանդական մշակաբույսը կաղամբն է, վարելահողերի մեծ մասում կաղամբ են աճեցնում,  բայց վերջին տարիներին սկսել են նաև պտղատու այգիներ հիմնել։ 

«Կաղամբ ենք դնում, ծիրան ունենք, սալոր ու դեղձ, բոլորս էլ ունենք, մշակում ենք: Իմ տարածքը մոտավորապես 7000 քմ է, բայց մնացած հողերն էլ տվել եմ տղաներիս»:

«Երկու տարի է տնկիներ ենք դրել, բայց դեռ բերք չի տվել: Բոստանը փոխարինել ենք պտղատու այգիներով, որովհետև ոռոգելու ջուր չկար: Երբ գալիս, հասնում էր այն պահը, որ պետք է բերք քաղեինք, ջուրը կտրում էին, ու բերքը փչանում էր: Դրա համար որոշեցինք պտղատու այգիներ հիմնել, իսկ այս տարի մեր գյուղապետը խորքային հորերով ապահովեց ոռոգումը, ծառերն ավելի քիչ ենք ջրում»:

Գյուղի հողերից շուրջ  80 հեկտարն  անմշակ է մնացել՝ տերերը բացակայում են, մոտ  50 ընտանիք արտերկրում է: Սուբվենցիայով այս տարի նախատեսել են սալարկել դպրոց, մանկապարտեզ, փոստ ու համայնքապետարան տանող 400մ ճանապարհը: Նախագծի արժեքը 26 մլն դրամ է, աշխատանքներն իրականացվելու են հաջորդ տարվա գարնանը: Տեղական բյուջեի, համայնքի ու բարերարների միացյալ ուժերով հիմա նորոգվում է դպրոցի  դահլիճը: Համայնքի բնակիչների համար կարևոր խնդիրը մնում է բուժամբուլատորիայի ու բժշկի հարցը: Լուկաշին համայնքին սպասարկում է Խանջյան գյուղի բժիշկը: Բնակիչները բողոքում են՝ բժիշկը գյուղ չի գալիս, իրենք են գնում Խանջյան: Համայնքի նախկին ղեկավար, այժմ պաշտոնակատար Կարեն Մկրտչյանն ասում է, որ այդ խնդիրն էլ կլուծվի։

«Մեզ պետք է, որ հիմնական բժիշկ ունենանք, գյուղերում ընտանեկան բժիշկ չի գալիս: Հիմա, կարծես թե, լավ լույս է երևում, մարդ կա, որ ցանկություն է հայտնել աշխատել գյուղում: Դա շատ կարևոր է»:

Լուկաշինը դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում միավորվել է Արմավիր համայնքին: Կարեն Մկրտչյանը ՔՊ կուսակցության ավագանու ցուցակում էր, սակայն ինքնաբացարկ է հայտնել:

Back to top button