ԿարևորՀասարակություն

Ընդունելությունը` պակաս սթրեսային և ավելի մատչելի

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Նախատեսվում է 100-ական տեղով ավելացնել 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի թիվը: Ավելացած տեղերը կհատկացվեն բնագիտատեխնիկական  ոլորտի մասնագիտություններին: 2021-ին բարձրագույն կրթության, միջազգային համագործակցության, սփյուռքի և երիտասարդության ոլորտներում կատարված հիմնական աշխատանքներն ամփոփել է փոխնախարար Կարեն Թռչունյանը։

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 2021-ի ամենաաղմկոտ իրադարձությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն էր, որը հակասահմանադրական ճանաչվելուց հետո լրամշակվել է և այժմ սահմանված կարգով դրված է շրջանառության մեջ է։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը հուսով է, որ արդեն գարնանը այն դարձյալ կքննարկվի խորհրդարանում։

«Այն կետերը, որոնք ճանաչվել էին հակասահմանադրական, լրամշակվել են, և, համապատասխանաբար, կլինի նոր, ավելի ճշգրտված տարբերակ»։

Lրամշակվել և շրջանառության մեջ է դրվել նաև կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության պահանջների հստակեցում։ Մասնավորապես՝  դիմորդները կհանձնեն միայն մասնագիտական և օտար լեզվի քննություն։ Նորություն կա նաև ընդունելության քննությունների կարգում։ Կառավարության որոշմամբ հաստատվել է 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Մեկ բուհ/մեկ մասնագիտություն ձևաչափը կպահվանվի նաև եկող տարում։ Դիմորդը պետք է հստակ կողմնորոշված լինի մասնագիտություն ընտրելիս,– նկատեց փոխնախարարը։

«Եթե կա մեկ մասնագիտություն տարբեր բուհերում, մինչ այդ տարբեր բուհեր տարբեր ընդունելության քննություններ էին առաջարկում։ Մենք այս տարի կառավարության որոշմամբ հաստատել ենք մասնագիտությունների ցանկը և ընդունելության քննությունները՝ թե որ մասնագիտության համար ինչ պետք է հանձնեն ուսանողները։ Սրանով մենք շատ հստակ ցույց ենք տալիս, որ կա մեկ մասնագիտություն, մեկ սկզբունք, և պարտադիր 2 քննություն»։  

Կառավարությունը լիահույս է, որ ընդունելության նոր կարգը արդյունավետ կլինի, մինչդեռ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը վերապահում ունի։ Չի բացառում, որ նոր կարգը նոր խնդիրներ առաջացնի, մասնավորապես, որոշ մրցակցային ֆակուլտետների համար։

«Իհարկե, երկու քննության պարագայում մեծ դժգոհություններ չեն լինի, ինչպես անցյալ տարի, բայց քանի որ այժմ բացարձակացվում է առաջին հայտի նշանակությունը, որոշ մրցակցային ֆակուլտետներում կարող է խնդիր առաջանալ, որ դիմորդները բարձր միավորներով կարող են դուրս մնալ այդ ֆակուլտետներից։ Քանի որ ավելի մրցակցային ֆակուլտետներում տեղերը զբաղված կլինեն,  դուրս մնացածները  կգնան և կհայտնվեն այնպիսի ֆակուլտետներում, որտեղ իրենք չեն ուզում սովորել։ Դա կարող է մի քանի տասնյակ դիմորդի համար խնդիր դառնալ, բարձր միավորով դուրս մնան»։

Ըստ փորձագետի՝ պետք է փոխել ընդունելության նման ձևաչափն ընդհանրապես։ Շատ երկրներում, օրինակ, դիմորդը քննությունները հանձնում է՝ հաշվի առնելով միավորներն ու իր հնարավորությունները, հետո նոր միայն դիմում բուհ։ Սերոբ Խաչատրյան․

«Դու պետք է քննությունը հանձնես, հասկանաս՝ ինչքանի գիտելիք ես ցուցաբերել, հետո նոր տեսնես այդ թվանշանով ինչի կարող ես հավակնել։ Իսկ այն համակարգում, որը մենք հիմա ունենք, դիմորդը դիմում է՝ դեռևս չիմանալով, թե ինչքան կստանա։ Հետո է իմանում, ու պարզվում է, որ շատ ցածր է ստացել, կամ եթե մեկ այլ տեղ դիմեր, դա կբավարարեր իրեն»։ 

Ոչ հեռու ապագայում առհասարակ ընդունելութան ավանդական կարգը կփոխվի։ Ամեն ինչ կախված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից։ Մինչ այդ, սակայն, ևս մեկ լավ լուր դիմորդների համար։ Լրամշակվել և շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսված է բակալավրի կրթական աստիճանով ընդունելության նոր մոտեցումների և մեխանիզմների ներդրում։ Մասնավորապես, 2023-24  և հետագա ուսումնական տարիներին դիմորդներին հնարավորություն կընձեռվի ընդունելության միասնական քննությունները հանձնել տարին 2 անգամ՝ հունվար և հունիս ամիսներին։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյան․

«Նպատակահարմար ենք գտել դիմորդներին տալ հնարավորություն՝  հանձնել 2 քննություն։ 2 անգամ կարող են միասնական քննություն հանձնել և ստուգել նաև իրենց գիտելիքները։ Առաջին անգամ դա կներդնենք 2023-2024 թվականին։  Հունվարին կամ հունիսին շրջանավարտները հնարավորություն կունենան հանձնել քննություն, որը իմ կարծիքով  այդ սթրեսային մեկ քննության գործոնը կչեզոքացնի և շատ ավելի մատչելի ու հեշտ կդարձնի ընդունելությունը»։

Ընդունելությանը կնպաստի անվճար տեղերի ավելացումը, ինչը ևս նախատեսվում է հաջորդ ուսումնական տարվանից։ Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է 100-ական տեղով ավելացնել 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների բակալավրի կրթական ծրագրով հատկացվող անվճար տեղերի քանակը: Ավելացած տեղերը կհատկացվեն բնագիտատեխնիկական մասնագիտություններին:

Back to top button