Ստարտափ Հայաստան

Մեկ ու կես տարի շոկոլադ «փչացնելուց» հետո բիզնեսը ոտքի կանգնեց․ «Ստարտափ Հայաստան»

Անին գրեթե միշտ ավելորդ քաշ է ունեցել ու պայքարել դրա նվազեցման դեմ։ Ամեն կերպ փորձել է ճիշտ սնվել։ Սրճարաններ այցելելիս էլ միշտ ուշադրություն դարձրել, թե ինչ քացրավենիք են առաջարկում, որքանով է առաջարկվածը առողջ և օգտակար։

Այդպես, մի օր Երևանում բացահայտում է սրճարան, որտեղ իր ուզած շոկոլադներն են լինում։ Երկար մտածելուց հետո որոշում է իր սեփական բիզնեսը հիմնել, որտեղ կառաջարկի հայկական արտադրության շոկոլադներ։

Առաջին անգամվա պատրաստած շոկոլադները ստացվել են, ինչից ոգևորված փորձել է նորից պատրաստել, բայց երրորդ անգամ,արդեն, չի ստացվել։ Մոտ մեկ ու կես տարի Անին զբաղվել է շոկոլադ «փչացնելով»։

Շոկոլադները հայկական արտադրության են, որովհետև այստեղ են պատրաստվում, բայց հումքը դրսից է բերվում։ Ընդհանուր առմամբ բոլոր հայ շոկոլադագործներն էլ իրենց քաղցրեղենի հումքը դրսից են բերում. «Հայաստանում չկա, թե չէ սիրով կօգտվեինք»,- ասում է Անին։

Հայկական ձեռագործ շոկոլադներ գնում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են աջակցել հայ արտադրողին, ասում է Անին ու հավելում, որ հասկանում է՝ մարդիկ կարող են խանութից գնել ոչ հայկական ձեռագործ շոկոլադներ, այդպես և՛ մատչելի է, և՛ հարմար, բայց գովելի ու ուրախալի է, որ մերոնք արդեն գիտակցում են հայակականն օգտագործելու կարևորությունը։

Անիի խոսքով, այսօր՝ այս պահին, մենք այն վիճակում ենք, որ ամեն մանրուք պետք է հաշվի առնել և կարևորել։ Յուրքանչյուր արտադրողի ոգևորել, որ Հայաստանում մնան և արարեն այստեղ։

Իսկ Անիին շատ բան հարկավոր չէ ստեղծագործելու և համեղ շոկոլադներ պատրաստելու համար։ Անիի կյանքում մեծ է ընտանիքի դերը։ Մոտիվացիա ստանում է մայրիկից, իսկ ամուսնուց՝ սթափություն։

Ասում է, որ յուրաքանչյուր գործ ավելի է հեշտանում, երբ շրջապատում կան այդ երկու տեղերը զբաղեցնող մարդիկ։

Back to top button