Մտքի ուժը

Ինչպե՞ս են երկրորդ կյանք ստանում հնագույն մետաղն ու տասնյակ կտորների բաժանված հնագիտական իրերը. «Մտքի ուժը»

Մի քանի ժամ կամ մի քանի օր համբերատար աշխատանք, սեր ու նվիրվածություն․ արդյունքում բազմադարյա մետաղյա ժանգոտած իրերն  ու կոտրտված խեցեղենը երկրորդ կյանք են ստանում նրանց ձեռքում։ 

Այն, ինչ տարիներ առաջ Մանվել Ղալաչյանը տեսավ հեռուստացույցով, այսօր արդեն երիտասարդ գիտնականի առօրյան է, գիտական աշխատանքն ու օրվա անբաժանելի մասը։ Իսկ երբևէ որևէ պատմահնագիտական ու հատկապես «Էրեբունի»  պատմահնագիտական արգելոց -թանգարան այցելելիս մտածե՞լ եք՝ ինչպե՞ս և ովքե՞ր են վերականգնում հնագիտական իրերը։  

Մանվել Ղալաչյան

Մասնագիտությամբ նկարիչ Մանվել Ղալաչյանը մոտ ութ տարի է, ինչ մետաղների վերականգնմամբ է զբաղվում։ Հնագույն մետաղներն ընտրեց պատահականորեն։ Պատմում է․ «Տարիներ առաջ հեռուստացույցով դիտեցի մի հաղորդում, որում Պատմության թանգարան էին այցելել  իտալացիները՝ անցկացնելու վերականգնողների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ, ինչից հետո էլ հետաքրքրություն  և ցանկություն առաջացավ՝ սովորելու վերականգնողի մասնագիտությունը»:

Այժմ արդեն, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի խոսքով, Մանվելը հանրապետության հնագույն մետաղի լավագույն մասնագետներից է։ Իսկ  գիտահետազոտական, վերականգնման և ամրակայման լաբորատորիան հիմնադրվել է 1988 թվականին՝ որպես առանձին բաժին:

Միքայել  Բադալյանը ընդգծում է․ «Վերջին տարիների համեմատ տարեցտարի ավելի ու ավելի են ավելանում ամրակայված ու վերականգնված իրերի թիվը և, ամենակարևորը՝ որակը։ Առանց որևէ համեստության կարող ենք մեր  թանգարանի  գիտահետազոտական, վերականգնման և ամրակայման բաժնի ղեկավարին համարել հնագույն մետաղի լավագույն մասնագետներից մեկը։ Խեցեղենի վերականգնող Սուրեն Մանուկյանն էլ լավագույններից մեկն է իր ոլորտում։ Մեզ մոտ նաև արդեն սկսել են վերապատրաստվել այլ հաստատությունների աշխատակիցներ»։

Սուրեն Մանուկյան է Շուշիի կարասով

«Էրեբունի»  թանգարանի  գիտահետազոտական, վերականգնման և ամրակայման բաժնի ղեկավարն ասում է, որ մետաղական ամենահին իրերը  Կուր-Արաքսյան ժամանակաշրջանի իրերն  են։ Մետաղական իրերի վերականգման համար  պահանջվող ժամանակահատվածը կարող է տարբեր լինել։

Մանվել Ղալաչյանը պատմում է․ «Երկաթե սրից մի հատված ունենք՝ բերված Տավուշի բերդից, որը շատ վատ վիճակում էր։ Մենք խոզանակներով, բոռ մեքենայով մաքրել ենք, դա պարտադիր է խեցեղենի ու մետաղի համար։ Սրանք միջնադարյան կացիններ են։ Մի քանի օր առաջ ենք վերականգնել։ Ամենաբարդը  արդեն իսկ վերականգնված իրերն են։ Հատկապես խորհրդային ժամանակաշրջանում վերականգնման պրոցեսի ժամանակ արդեն այնպիսի նյութեր են օգտագործել, որոնք իրեն մեծապես վնասել են։ Այդ նյութերը մենք պետք է հանենք, երբեմն զոդել են իրերը, որը չի թույլատրվում ռեստավրացիայի մեջ։ Քիմիա, պարաֆին են օգտագործած լինում, դրանք պետք է հանել, հետո նոր մաքրել ու կոնսերվացնել»։

Այս պահին ամրակայման լաբորատորիայում են գտնվում «Երևան Մոլ»-ի տարածքում գտնվող ուրարտական դամբարանից պեղված հնագիտական իրերը՝ դրանք վերականգնվում են ու բոլորովին նոր տեսքով կհանգրվանեն  «Էրեբունի» թանգարանում․ 

Միքայել Բադալյան և Մանվել Ղալաչյան

«Այս նմուշները  շատ հետաքրքիր են, դրանք բերել են «Երևան Մոլի»-ի տարածքում գտնվող Ավտոագրեգատների գործարանից։ Սա Բիայնական դամբարան է, որն իր բնույթով եզակի մոնումենտալ կառույց է մայրաքաղաք Երևանի տարածքում։ Դամբարանը պեղվել է դեռևս 1984 թվականին: Սկսել ենք այդ դամբարանի իրերի վերականգնումը։ Սա բրոնզե կապարճ է՝ նետասլաքներով։ Մոտ երկու ամիս ենք վերականգնել։ Ամեն օր մի իրի վրա կարող ենք չկենտրոնանալ։ Մենք իրենից ենք հանգստանում, ինքը՝ մեզնից»։

Խեցեղենի հետ աշխատելիս էլ ամենակարևոր բնավորության գիծը համբերատարությունն ու սերն է դեպի աշխատանքը՝ ասում է արծաթագործ, բայց, խեցեղեն իրերը վերականգնող Սուրեն Մանուկյանը։ Շատ հաճախ  50, 60, նույնիսկ 90 կտորի բաժանված կարասները  վերականգնելու համար ոչ միայն ժամանակ, այլ նաև նյարդեր են պետք։ Շուշիից փրկված կարասները նույնպես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Վերականգման ու ամրակայման լաբորատորիայում նոր կյանք են ստանում։ Դրանք մինչև տարեվերջ կներկայացվեն այցելուներին։ Փրկված իրերը Սուրեն Մանուկյանն է վերականգնում․

«Այս կարասը Շուշիից է բերվել, փրկված կարաս է։ Հիմա պատրաստվում ենք փրկված իրերի ցուցահանդես բացել մեզ  մոտ։  Իրերն այնքան էլ լավ վիճակում չեն, մաքրում ենք,  վնասված տեղերը  ամրացնում, հետագայում նորից կոնսերվացնում։ 

Մոտ  27-28  խեցանոթ է։ Այնպես ենք անելու, իրենց  իսկական տեսքին գան։ Պետք է համբերատար փորձենք հավաքվել՝ ամեն մեկն իր տեղը դնելով։ Սա, օրինակ, 50 կտորներից ենք հավաքում։ Չկա այնպիսի կտոր, որն իր տեղում չդնենք։ Այն դեռ կիսատ է։ Մաքրում ենք, դնում ենք ոչ քիմական համարվող կիտրոնային աղի լուծույթի մեջ։ Կախված  վնասված աստիճանից՝  թողնում ենք մեկ կամ մի քանի օր։ Հետո մաքրում ենք խոզանակներով» ։

Հայտնաբերված իրերը մինչ վերականգումը մի քանի փուլով են անցնում՝ մշակվում են բնական նյութով, մաքրվում խոզանակով ։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանը  լաբորատորիայիում կարևորում է բարվոք աշխատանքային պայմանները։ Այս լաբորատորիան անգամ մանրադիտակ չի ունեցել, այժմ երեք մանրադիտակ ունենք` ասում է նա` շարունակելով` վերականգնողների աշխատանքը հեշտացնող   տարբեր գործիքներով ենք հագեցրել»։ 

«Համագործակցություն ենք սկսել ՌԴ Ռեստավրացիոն պետական ինստիտուտի  և Ա. Լ․ Պուշկինի թանգարանի հետ։  2022 թվականի ապրիլի վերջին կամ մայիսին պայմանավավորվածություն կա. մեզ մոտ կլինի ուրարտական  որմնանկարների վերականգնման, կոնսերվացման թեմայով սեմինար»։

Միքայել Բադալյանն ասում է, որ  նախաձեռնության հիմնական նպատակը ուրարտական որմնանկարների կոնսերվացման, ամրակայման, վերականգնման համար տարրական գիտելիքների  ձեռքբերումն է և Էրեբունու որմնանկարները փրկելը։  

Հնագետ — գիտնականը դա չափազանց կարևոր թիրախներից է համարում։ Իտալացի գործընկերների հետ են աշխատում։ Հայազգի պրոֆեսոր Եղիս  Քեհեյանի հետ էրեբունի թանգարանի ֆոնդերում պահվող Կարմիր բլուրից պեղված այրված տեքստիլների ( թանգարանն ունի  ամենահարուստ հավաքածուն)  գույները  փորձում են վերականգնել։ Գազարագույն երանգն արդեն ստացել են։ Միքայել Բադալյանն ասում է, որ այս աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասկանալ այդ շրջանին բնորոշ  գույներն ու ծանոթանալ հյուսվածքների առանձնահատկություններին։

Կարճ ժամանակում լուրջ հաջողություններ գրանցած գիտական լաբորատորիան հինգ ամիս հետո արդեն կդառնա Հայաստանում հնագիտական իրերի  վերականգման  ու ամրակայման կենտրոններից մեկը։   «Երազանքը հիշողություն է ապագայի մասին ու մենք պետք է դա իրականացնենք»,-ամփոփում Միքայել Բադալյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button