

Սփյուռքահայեր Արազ Դերոհանը Կանադայից և Լուսինե Ավագյանը Ֆրանսիայից «Դեպի Հայք» կազմակերպության կամավորներից են։ Հայաստանյան տարբեր կազմակերպություններում աշխատելը նրանց հնարավորություն է տալիս ոչ միայն հմտանալու իրենց մասնագիտության մեջ, այլև շփումներ ու տարատեսակ հանդիպումներ ունենալ հայրենիքում։
Ինչպե՞ս են ապրում կամավոր երիտասարդները Հայաստանում, ի՞նչ կփոխանցեն այն երկրների հայությանը, որտեղ ապրում են և ի՞նչ նպատակներ ունեն ապագայում։
«Կյանքը Հայաստանում ավելի ակտիվ է, քան այն երկրներում, որտեղից եկել ենք։ Գուցե դա կապված է աշխատանքի, ընկերների հետ հանդիպումից և, իհարկե, «Դեպի Հայք» կազմակերպության նախատեսած ծրագրերի առատությունից», -ասում են աղջիկները։


Թե Արազը՝ Կանադայից, թե Լուսինեն՝ Ֆրանսիայից, համայնքային աշխատանքներում լուրջ ներգրավվածություն ունեն։ Նշում են, որ իրենց կարևոր գործերից են համարելու՝ ծրագրի մասին համայնքում խոսելն ու Հայաստանը ներկայացնելը։
«Այսօր քարոզչությունը, ներկայացնելն ու խոսելը մեր երկրի մասին՝ ամենակարևորն է։ Եվ քանի որ մեր հասակակից երիտասարդներից շատերը դեռևս Հայաստանում չեն եղել, պետք է նրանց ցույց տալ մեր երկիրը մեր աչքերով, որպեսզի նրանց մտքում հայրենիքը միշտ լինի»,-ասում են։ Երիտասարդ աղջիկները համոզված են, որ որևէ ժամանակ հետո իրենց ճանապարհները բերելու են Հայաստան։