Սփյուռքի ձայնը

Անապայի հայ համայնքը ձեռք է բերել վստահություն՝ տարիների աշխատանքի շնորհիվ․ «Սփյուռքի ձայնը»

ՌԴ Անապա քաղաքի հայ համայնքը հաջորդ տարի նշելու է հիմնադրման 35-ամյակը: Համայնքը հիմնադրման օրվանից ունեցել է ղեկավարներ, որոնք բազմաթիվ դժվարություններ են ունեցել միջանձնային, ազգային և այլ հարաբերություններում: Լևոն Ադամյանը, որը համայնքը ղեկավարել է 17 տարի, եղել է նաև Անապայի շրջանից ընտրված պատգամավոր:

Ի՞նչ են կարողացել և շարունակում անել ազգությամբ հայ գործիչները համայնքի կազմավորման և խնդիրների լուծման համար:

«Տարիներ շարունակ ազգամիջյան խնդիրները մեզ խանգարել են  հարաբերությունների ստեղծման և սեփական «ես»-ը ներկայացնելու համար։ Համայնքը, որը ստեղծվել է 35 տարի առաջ, ունեցել է հրաշալի ղեկավարներ, որոնց նպատակն է եղել հայության համախմբումը, կարգուկանոնի ստեղծումը, լեզվի ու ավանդույթների պահպանումը և այլն», — ասում է հայրենասեր ու համայնքի գործունյա ղեկավարներից Լևոն Ադամյանը։

Անապան միացվել է Ռուսաստանին 1829 թվականին ռուսական բանակի կողմից թուրքական ամրոցի վրա երկարատև հարձակման արդյունքում։ Ռուսական բանակի հաղթանակի և Անապայի ամրոցի գրավման գործում որոշիչ դեր է  խաղացել ռուսական նավատորմի նշանավոր ծովակալ Լազար Մակարի Սերեբրյակովը (Ղազար Մարկոսի Արծաթագործյան, 1792-1862)։

Այդ ժամանակ դեռևս ռազմածովային ուժերի երիտասարդ սպան իր գումարտակով առաջինն է ճեղքել թուրքական ամրոցի պաշտպանությունը և  ներխուժել այնտեղ։ Սերեբրյակովը գրավել է 29 թուրքական դրոշներ և բերդի բանալիները, որի մասին  նա անձամբ է զեկուցել Նիկոլայ I-ին։  

Անդրիանուպոլսի 1829 թվականի պայմանագրի համաձայն՝ Անապան միացվել է Ռուսաստանին։ Դրանից հետո ծովակալ Սերեբրյակովը Անապայի տարածքում կառուցել է մի շարք ռազմական ամրություններ։ Նիկոլայ I ցարի 1846 թվականի դեկտեմբերի 15-ի հրամանագրով Անապա ամրոցը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Այդ պահից սկսած Անապան դարձել է համշենահայերի գաղթի կենտրոններից մեկը, որոնց դեռ 16-րդ դարից Օսմանյան կայսրության ղեկավարությունը ստիպել էր իսլամ ընդունել։

Լևոն Ադամյանը, որը Հայստանում չի ծնվել, լավ տիրապետում է հայերենին։ Ասում է, որ իր նպատակներից է եղել՝ հայոց լեզվի տարածումը՝ հատկապես նոր սերնդի շրջանում։

«Ունենք դպրոցներ, որոնք զինված են համապատասխան միջոցներով՝ դասագրքեր, մեթոդներ և այլն»,-ասում է համայնքի 17տարվա ղեկավարը։

Անապայում եղել են մի քանի հայկական գյուղեր, որոնցից ամենամեծը Հայկաձորն է, որը գտնվում է  կենտրոնից 9 կմ հարավ-արևելք։ Գյուղում կա հայկական մեծ եկեղեցի, գործում է նաև «Արին բերդ» հայկական մշակութային կենտրոնը, հայկական մատուռը և այլն։

Գյուղը կազմավորվել է բավականին ուշ՝ արդեն խորհրդային շրջանում, 1927 թվականին։ Դրանից առաջ մոտ 1880-1890-ական թվականներին այդ տարածքում արդեն ապրել են Տրապիզոնից և հարակից տարածքներից ներգաղթած հայեր, որոնք բնակվում էին ռուսների հետ տարբեր փոքր խուտորներում, այդ թվում Գալկինա Շչելում (ներկայիս Հայկաձորի տեղում)։ Տրապիզոնցի հայերի հատկապես մեծ ալիք  տեղափոխվել է այստեղ Ցեղասպանությունից հետո։

Բազմաթիվ հայ ընտանիքներ Հայկաձոր են տեղափոխվել հարևան Տրապիզոնից և  Ղրիմի շրջանի Շիբիկ խուտորից։ 1930-ականներից գյուղի էթնիկ կազմը փոխվում է և այստեղ են տեղափոխվում ռուսական ընտանիքներ։ Հետագայում, արդեն հետպատերազմյան շրջանում տրապիզոնցի հայերին միացան Էրզրումից, Կարսից և Վրաստանի մի շարք շրջաններից (Ախալքալաք, Ախալցխա, Բոգդանովկա) տեղափոխված  հայերը։

«Հայկաձորում տարիներ շարունակ խնդիրներ ունեինք՝ ճանապարհների, դպրոցների, գազամատակարարման և այլն։ Իմ պատգամավոր ընտրվելուց հետո մի շարք հարցեր լուծումներ ստացան և շարունակում են ստանալ»,- հպարտությամբ նշում է Լևոն Ադամյանը։

Այսօր հայազգի քաղաքական գործիչները ՌԴ Կրասնոդարի երկրամասի տարբեր քաղաքների ներկայացուցչական մարմիններում ընտրվելու և ազգային խնդիրները բարձրացնելու հնարավորություն ունեն: Սակայն, ինչպես նշում է նախկին պատգամավորը, այդ քայլին գնում են նրանք, ովքեր վստահություն են ներշնչում, իսկ արդեն փորձ ունեցողներն օգնում են նրանց խորհուրդներով։  

«Բոլոր նրանք, որոնք ցանկանում են լինել քաղաքականության մեջ, պետք է գիտակցեն, որ իրենք աշխատելու են հանուն համայնքի, ոչ թե սեփական անձի։ Մեր երիտասարդները այսօր հաճախ են հանդիպում մեզ հետ, լսում և ընդունում մեր խորհուրդները»,- ավելացնում է։

Տարբեր տարածաշրջաններից Անապա տեղափոխված հայերը ժամանակ առ ժամանակ ունենում են խնդիրներ, որոնք դառնում են ներազգային հարցեր, ինչպես նշում էր Լևոն Ադամյանը: Իսկ նրա ու այլ հայրենասեր ու գործունյա մարդկանց շնորհիվ դրանք կանխվում են՝ չվերածվելով մեծ և անլուծելի խնդիրների, ինչին սպասում են հատկապես մեզ թշնամական պետության քաղաքացիները:

«Չնայած մեր քաղաքում ազերիներ ու թուրքեր չկան, սակայն Կրասնոդարի ողջ երկրամասում նրանց թիվը մեծ է։ Ներքին պատերազմներ են մշտապես մեր երկուսի միջև։ Հենց այդ նպատակով մենք պետք է լինենք համախմբված ու սիրենք միմյանց, ինչ մի փոքր պակասում է այսօր մեզ։ Տարածաշրջանային մասնատումները և բաժանումները հաճախ են հանդիպում։ Նման մասնատվածությունը՝ լավ բանի չի տանի»,- եզրափակում է զրուցակիցս։

Back to top button