Խճանկար

Փափազյան, Ներսիսյան․ հայտնի դերասանների ամենահայտնի դերերը․ «Խճանկար»

Դերասաններ կան, որոնք իրենց բազմաթիվ դերերի շարքում, միևնույն է, հիշվում են միայն մեկով՝ լավագույնով։ Մենք՝ որպես հանդիսատես, այդ արտիստներին շատ հաճախ նույնացնում ենք այն դերի հետ, որը ճանաչում է բերում նրանց, դարձնում սիրելի ու հայտնի։

Զրույց Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի հետ՝ Վահրամ Փափազյանի Օթելլոյի և Հրաչյա Ներսիսյանի Պաղտասար աղբարի դերերի մասին։

1928 թվականին Վահրամ Փափազյանը Օթելլոյի կերպարով երևաց Մոսկվայի Մեծ թատրոնում, իսկ 1932-ին այդ նույն դերով՝ Փարիզի Օդեոն թատրոնում։ Այս երկու թատրոններում հայ դերասանական արվեստը ստացավ միջազգային արձագանք, ձեռք բերեց անուն ու համբով։ Սա Փափազյանի ու նրա Օթելլոյի ամենալավ ժամանակն էր։

1932-1954 թվականներին, բնակվելով Սանկտ-Պետերբուրգում, Փափազյանն իր Օթելլոյով շրջեց ողջ Սովետական միությունով, դարձավ մեծ երկրում Օթելլոյի առաջնակարգ դերասանը, իսկ հետագայում Շեքսպիր ասելիս ու նրա մասին խոսելիս, առաջին մարդը, ում մասին հիշում էին, Փափազյանն էր։ Նա նվաճել էր ողջ Սովետական միությունը, հայտնի դարձել դրա սահմաններից դուրս, սակայն մինչև կյանքի վերջն ապրում էր Պոլիս վերադառնալու և այնտեղ թատրոն հիմնելու հույսով։

Պոլսեցի, թուրք հայտնի դերասան Մուհսին Էրթուղրուլը նրա մասին մի առիթով ասել է. «Օթելլոյի դերում Փափազյանից բացի ոչ ոք չի կարող ներկայանալ»։ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը Փափազյանի Օթելլոյի դերի մասին մի հետաքրքիր դրվագ է հիշում.

Փափազյանի «Իմ Օթելլոն» գրքից․
«Մի անգամ Պոլսում Օթելլոյի ներկայացումից հետո, որը թուրքերենով էր, դահլիճում գտնվող կանանցից մեկը նամակ է գրում Փափազյանին՝ այսպիսի բովանդակությամբ. «Եթե ցանկանում եք այս գիշեր լինել ջեննաթի՝ դրախտի փերիների հետ, նստե՛ք կառքը, որը սպասում է Ձեզ սրճարանի մոտ։ Մի՛ք վախենա, մենք Ձեր բարեկամն ենք»»։

Պատմում են, որ 5 օր շարունակ Փափազյանը դարձել էր այդ չքնաղ աղջկա գերին, իսկ երբ բաժանվել են, կինն ասել է. «Դու խեղդեցիր քո սիրած կնոջը՝ խանդից, ասել է թե սիրուց, որքան կուզեի, որ տղամարդիկ ինձ էլ խեղդեին այդպիսի բուռն սիրուց, ինձ այնպես սիրեին, ինչպես դու էիր սիրում»։

Եթե Փափազյանը փայլում էր Օթելլոյով, ապա Հրաչյա Ներսիսյանն իր Պաղտասար աղբարով։ Նրա՝ «Կինս սիրեկան ունի», «Աման, կնիկներ, կվախնամ ձեզմե. կին մը տեսնելուս պես, սանկ դող կուգա վրաս» արտահայտությունները տարածվել էին ժողովրդի մեջ։

Լուսանկարը՝ https://www.facebook.com/
«Պաղտասար աղբար» ներկայացումից հետո
Սեղանի շուրջ և ավագ սերունդն է և երիտասարդ: Վիլյամ Սարոյան, Հրաչյա Ներսիսյան, Գեղամ Հարությունյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Արման Կոթիկյան Վարդան Աճեմյան, Ավո Ջրաղացպանյան, Գուրգեն Ջանիբեկյան, Մարգո Մուրադյան, Մայրանուշ Պարոնիկյան, Թաթուլ Դիլաքյան, Մուրադ Կոստանյան, Օրի Բունիաթյան, Անատոլիա Եղյան, Լևոն Թուխիկյան․ 1960թ․

Դրանք շատ հաճախ փորձում էին վերապատմել նույն հնչերանգով ու ծիծաղել, ինչպես, որ ծիծաղում էին, երբ Ներսիսյանն էր խաղում։

Back to top button