ԿարևորՀասարակություն

Լոռու հանքերը` առողջական լուրջ խնդիրների պատճառ. չեխական լաբորատորիան հաստատում է, հանքատերը` հերքում

Մի խումբ հայաստանյան բնապահպանական կազմակերպություններ՝ չեխական «Առնիկա» ՀԿ-ի հետ համատեղ 2018-2021 թթ.-ին հետազոտություններ են իրականացրել Լոռու մարզի արդյունաբերական համայնքներում և հանքերի շահագործման հետևանքով աղտոտված տարածքների վերաբերյալ: Չեխիայի քիմիա-տեխնիկական ինստիտուտի և Պրահայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտի լաբորատոր հետազոտության արդյունքներն անհանգստացնող են. հանրային առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվել են ծանր վնասներ, իսկ փոխհատուցման մեխանիզմներ պետությունը չունի,- փոխանցում են բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մինչդեռ Արմանիսի ոսկու հանքը շահագործող «Սագամար» ընկերությունն անհավանական է համարում հետազոտության արդյունքները և պատրաստվում ներկայացնել սեփական մոնիթորինգի տվյալները:

Նոյեմբերի վերջին Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի մեջ մտնող Ճոճկանի բնակիչ Վարդան Գաբոյանի 7 մայր ոչխարներն անկել էին։ Ըստ անասնաբույժի՝ պատճառը թունավորումն է։ Տիրոջ խոսքով էլ` ոչխարները տուն բերելիս ջուր են խմել։

Ջրի միակ աղբյուրն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարից ընդամենը 2 մ հեռավորության վրա է։ Ամենայն հավանականությամբ Նահատակ պոչամբարի թափոնները նաև աղբյուրի ջրին են խառնվել:

Վարդանը շուրջ կես միլիոն դրամի վնաս է կրել: Դեկտեմբերի սկզբին էլ Ախթալայի մի խումբ բնակիչներ նկատել էին կոմբինատի տարածքից Ախթալա գետակ թափվող աղտոտված ջրերի հոսք: «Նման դեպքերը բազմաթիվ են»,- ասում է Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: Մարդիկ վնասներ են կրում, բայց չեն փոխհատուցվում:

Կազմակերպությունը տեղական «Էկոլուր» և չեխական «Առնիկա» ՀԿ-ների հետ համատեղ 2018-2021 թթ.-ին անցկացրել է «Ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների բաշխման քարտեզագրում Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների լեռնահանքարդյունաբերական տարածքներում» հետազոտությունը: Փորձաքննություններն անցկացվել են Չեխիայի քիմիա- տեխնիկական և Պրահայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտներում: 2021-ի հետազոտությունն, ի տարբերություն 2020-ի, աշխարհագրորեն ավելի ընդգրկուն է՝ Արմանիսի, Մղարթի ոսկու հանքերի շրջակայքից մինչև Ալավերդու տարբեր թաղամասեր, Ախթալա խոշորացվածի Շամլուղ և Այրում բնակավայրեր ու Շնող -Թեղուտ հատված: Օլեգ Դուլգարյան

 «Եղել է հող, մարդկանց մեզ, մազ, իրականացվել է նաև գետերի նստվածքների անալիզ: Կոնկրետ Արմանիսի շրջակայքում Չքնաղ գետի, որը Ձորագետի վտակներից մեկն է, որպեսզի համեմատություն իրականացվի մինչ աղտոտվելը և աղտոտվելուց հետո, Ախթալա, Մադան, Թեղուտ գետակների և Դեբեդ գետի նստվածքների անալիզը: Նաև հավկիթների անալիզ է իրականացվել, հավկիթները եղել են Ալավերդու և Մեծ Այրումի հավկիթներ, իրականացվել էն նաև կաթնամթերքի, օրինակ պանրի անալիզ։»

Ըստ Դուլգարյանի՝ 2 հետազոտություններն իրարից քիչ են տարբերվում: Պղնձի հանքավայրերի շրջակայքում գերակշռողը մկնդեղն ու կապարն են, ոսկու հանքերի դեպքում՝ մկնդեղն ու քրոմը: Ամենամտահոգիչը Ալավերդու և Ճոճկանի փորձանմուշներում մկնդեղի անթույլատրելի մակարդակն է բաց հանքի, պոչանքների ու պոչամբարների մոտակայքում, ինչպես նաև Ճոճկանի տնամերձերում, որոնք ոռոգվում են Դեբեդի ջրով:

Այդ ծանր մետաղները առողջական լուրջ ռիսկեր են ենթադրում, քանի որ այդ հողերում բերք է աճեցվում։ Հողի 36 նմուշներում հայտնաբերված մկնդեղի քանակությունն, ըստ հետազոտության հեղինակների, կարող է հնարավոր բացասական ազդեցություն ունենալ երեխաների 67% ու մեծահասակների 30 %-ի վրա: Երեխաների մեզի նմուշներում ծանր մետաղների ցուցանիշներն ավելի բարձր են, քան մեծահասակների մոտ։ Ընդ որում, հանքավայրերից շատերը, բացի Արմանիսի ոսկու հանքից, շարունակում են շահագործվել: Ճոճկանցի Սամվել Սիրադեղյանն ասում է, որ հատկապես շոգ եղանակներին շնչել չի լինում.

«Մարդիկ զգում են: Դա ավելի շատ ազդում է մարդկանց վրա տաք, շոգ եղանակին, որ շնչել չի լինում էդ պոչանքների հոտը, գոլորշացումից է, թե՞ հողի չորությունից,- զգում ենք իհարկե: Անասուններն են ջուր խմում էդ պոչանքներով լցված գետի ջրերից: Ամեն ձևով ազդում է: Էդ սննդի շղթայի մեջ դա տարածվում է:»

Արմանիսի ոսկու հանքի մասին տվյալների հրապարակմանն ի պատասխան՝ հանքը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել՝ դրանք որակելով անհիմն և շինծու: Մեջբերում՝ «Բնապահպանական որոշ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ հրապարակված հոդվածում ներկայացված է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շրջակայքից, հողում և ջրում որոշ քիմիական էլեմենտների պարունակության փորձանմուշների վերլուծության արդյունքներ, որոնք մասնագիտական տեսանկյունից անհավանական են: Ներկայացված հոդվածի հեղինակները չունեն ներկայացված քիմիական էլեմենտների լաբորատոր հետազոտության արդյունքներ և, ըստ էության, հոդվածում ներկայացված տվյալներն անհիմն և մտացածին են»,- մեջբերման ավարտը: 2015թ.-ից ռուսական ընկերությունը դադարեցրել է հանքի շահագործումը: Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արա Բերբերյանը կասկածի տակ է առնում չեխական ընկերության փորձառությունն ու նմուշառման մեթոդները.

«Ներկայացված քիմիական նյութերի անալիզն իրականացվել է անհայտ չեխական ընկերության կողմից, պատկերը խեղաթյուրված է: Անհայտ է նաև նմուշների վերցման գործընթացը, այն իրականացվել է անհասկանալի պայմաններում: ՀՀում կան մի քանի մասնագիտացված լաբորատորիաներ, որոնք ի վիճակի են անել այդ չափումները: Նմուշները վերցվել են ոչ թե ընկերության տարածքից, այլ ընկերության հարակից տարածքներից: Ներկայացված նյութերի հետքերով պատրաստվում ենք համապատասխան միջոցներ նախաձեռնել՝ հասարակությանը ճշմարիտ տվյալների ներկայացման նպատակով: Իրականացրել ենք ճառագայթային ֆոնի ուսումնասիրություն, որոնց արդյունքները լրիվ հակադարձ պատկեր են ցույց տվել, իսկ հողի և ջրային ռեսուրսների ուսումնասիրություններնընթացքի մեջ են «են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿի ներգրավմամբ: Մոտ ժամանակներս հանրությանը և շահագրգիռ կողմերին կներկայացնենք թարմ տվյալներ:

Օլեգ Դուլգարյանն  այս առումով լրացնում է` ստիպված են եղել հրապարակել Արմանիսին վերաբերող լաբորատոր անալիզների փաստաթղթերը, որոնք հանքի տնօրինությունը կրկին հիմք չի համարում։ Նման մոտեցումը, բնապահպանի խոսքով, պատասխանատվությունից խուսափելու նպատակ ունի:

«Եթե մենք հասնենք նրան, որ ստիպենք ընկերություններին մաքրել այդ տարածքները, որովհետև դա վնասում է մարդկանց առողջությանը, ապա իրենք ծախսի տակ են ընկնելու, և դա առաջին պատճառն է, որ իրենք ժխտում են: 2-րդը վնասների փոխհատուցման հնարավոր մեխանիզմների ներդրումն է՝ թե՛ առողջության գնահատման, թե՛ փոխհատուցման

 Օրերս Երևանում հրավիրվել էր «Քիմիական աղտոտվածությունը Լոռիում. մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունք» խորագրով համաժողովը: Դուլգարյանն արձանագրում է, որ չնայած հրավերին` առողջապահության նախարարությունից կարևորել, բայց այդպես էլ չէին ներկայացել համաժողովին՝ խնդրելով ուղարկել հետազոտությունը: 2019թ.-ին առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր նաև հանքարդյունաբերական ազդակիր համայնքների բնակիչների առողջության գնահատման մեթոդոլոգիայի մշակում՝ ԱՀԿ փորձագետների հետ: «Ռադիոլուր»-ը փորձեց պարզել՝ ի՞նչ ընթացք է ստացել վերոհիշյալ նախաձեռնությունը: 15 օրից ավելի նախարարությունն այդպես էլ չարձագանքեց:

2019-ին պետությունն ընդունել է «Հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» ռազմավարությունը: Բայց բնապահպանական շրջանակներում մտահոգ են` որքանո՞վ այն կշտկի մինչ այդ հասցված և դեռ հասցվող վնասը, հատկապես, որ դեռ չկան վնասի փոխհատուցման մեխանիզմներ։

Back to top button