Մտքի ուժը

Լայնատերև ավելուկն ու սրոհունդը քաղցկեղի կանխարգելման ու բուժման միջոց․ հայ գիտնականների նոր առաջարկը․ «Մտքի ուժը»

Լայնատերև ավելուկից` համեղ կերակուր, սրոհունդից` տաք թեյ. երիտասարդ գիտնականները փորձում են այս բույսերի նկատմամբ եղած կարծրատիպերը կոտրել։ Դրանք համակցելով քիմիական այլ միացությունների հետ՝ առաջարկում են երկու բույսերում առկա հակաօքսիդանտ և ակտիվ այլ նյութերը օգտագործել որպես քաղցկեղի կանխարգելման և բուժման միջոց։ Գիտնականները հետևել են Հիպոկրատի «Սնունդը` որպես բժշկություն, բժշկությունը՝ որպես սնունդ» գաղափարին: Գիտափորձերն այժմ կատարում են առնետների վրա։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի գիտական խմբի ղեկավար Նիկոլայ Ավթանդիլյանն է մանրամասնում․ «Տվյալ օբյեկտի ընտրությունն  ավելի հեշտացրել է աշխատանքը։ Նրանց մոտ ստացվող կրծքագեղձի քաղցկեղը նման է մարդու կրծքագեղձի քաղցկեղին։ Մեր ընտրած ու մարդու կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ընտրված թիրախները այստեղ նույնպես առկա են։ Այդ իսկ պատճառով ընտրվում է առնետը։ Ընտրվում են նաև ճագարները։ Սակայն առնետներն ավելի շատ են լինում գիտափորձի համար, որպեսզի կարողանանք ստատիստիկ ու արդյունքների ճիշտ վերլուծություն իրականացնել»։

Նիկոլայ Ավթանդիլյան

Գիտնականն ասում է, որ առանցքայինը 13-րդ, 16-րդ, 20-րդ ու  24 -րդ շաբաթներն են։ Սրանք պատահական չեն ընտրել, բացատրությունն  ու գիտական հիմնավորումն ունեն․  «13-րդ շաբաթվա ընթացքում ունենք ուռուցքի կայունացում։ Մենք մի քանի խումբ ենք վերցրել, ունեցել ենք 14 խումբ, յուրաքանչյուրում ՝ 8-ական առնետ։ Գտել ենք, որ դեղաբույսերի և քիմիաթերապևտիկ միացությունների համակցման դեպքում 24-րդ շաբաթում ութ առնետից մեկ կամ երկուսի մոտ անգամ ուռուցք չենք ունենում։ Երբ իրականացնում ենք հյուսավածքաախտաբանական վերլուծություն, տեսնում ենք, որ առկա է որոշակի նախաքաղցկեղային փոփոխություն։  Բայց վիզուալ, ինչպես մյուս առնետների մոտ է, չի լինում։ Կարողացել ենք համակցման միջոցով բավականին մեծ ազդեցություն թողնել և ուռուցքի չափերի, և  քանակի վրա»։

Երիտասարդ գիտնականն ասում է, որ փորձում են կրծքագեղձի քաղցկեղի բուժման  առավել արդյունավետ մեթոդ գտնել` համակցելով քիմիաթերապիան ու ֆիտոթերապիան։ Մասնագետներն ասում են՝  ժամանակակից փորձը հուշում է, որ համակցումներն առավել արդյունավետ են։

Հայկական լեռնաշխարհում, կախված գոտիականությունից ու ռելիեֆից, բուսական աշխարհը մեծ ներուժ ունի։  ԵՊՀ կենսաքիմիայի լաբորատրոիայի գիտաշխատող Միքայել Գինովյանին տավուշյան բուսական աշխարհը գրավել է դեռ մանկուց։ Բայց մանկության տարիներին նրան բժշկությունն էր գրավում։ Բժիշկ չդարձավ, բայց ոլորտից շատ չհեռացավ։ Բույսերը հենց Միքայելն է հավաքում․

Միքայել Գինովյան

«Բույսերի հավաքագրումը, ընտրությունը ես եմ անում։ Նախկինում հակամանրէային հատկություններն էինք ուսումնասիրում։ Հայկական բուսական աշխարհը մեծ ներուժ ունի, շատ բազմազան է։ Հետո արդեն սկսեցինք դիտարկել նաև այդ բույսերի հակաքաղցկեղային հատկությունները»։

Բույսերի հետ աշխատելը հետաքրքիր է՝ ասում է երիտասարդ գիտնականը, խոստովանում` սկզբում աշխատում էին հակամանրէային հատկություն ունեցող բույսերի հետ, աստիճանաբար, սակայն, ցանկն ընդլայնվեց։  Հայկական լայնատերև ավելուկն ուսումնասիրել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Այս պահին մոտ  10 հայտնի ու անհայտ դեղաբույսերի հետ են աշխատում։ Նիկոլայ Ավթանդիլյանն ասում է, որ սքրինինգային հետազոտությամբ  են պարզելու, թե ի՞նչ հատկանիշներ ունեն այդ բույսերն ու հատկապես որո՞նք ունեն հակաքաղցկեղային ազդեցություն: Առնետների հետ հետազոտական աշխատանքներում պարզվել է որոշների արդյունավետ հակաքաղցկեղային ազդեցությունը: Այս նախագծերի շնորհիվ ցանկանում են պարզել նաև այդ ազդեցությունների մոլեկուլային մեխանիզմները՝ առավել արդյունավետ բուժական մոդելի ստեղծման համար:

Տարբեր հաշվարկներով՝  աշխարհում տարեկան արձանագրվում է շուրջ 12 մլն քաղցկեղի նոր դեպք, չարորակ նորագոյացություններից մոտ 8 մլն մարդ է մահանում։ Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը նոր դեպքերի թիվը կարող է հասնել 27 մլն-ի, իսկ մահերինը 17 մլն-ի: Չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերի 70% արձանագրվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։

Վերջին տարիներին Հայաստանում չարորակ նորագոյացությունների 8 տեսակները կազմում են կյանքում առաջին անգամ ախտորոշված չարորակ նորագոյացությունների մոտ 50%: Քաղցկեղի բուժման հիմնական եղանակներից մեկը քիմաթերապիան է, սակայն, հետազոտությունները փաստում են, որ թույլ իմունիտետ և բորբոքային պրոցեսներ ունեցողների օրգանիզմն անկայուն է քիմիաթերապիայի դեմ։ Հենց այս պատճառով էլ  հայ գիտնականները փորձում են համակցել քիմիաթերապիան ու ֆիտոթերապիան՝ ծածկելով կողմնակի ազդեցությունները և խթանել իմունային համակարգը։  

Նիկոլայ Ավթանդիլյանն ասում է՝ հենց այնպես չեն ընտրել 7.12-դիմեթիլբենզանտրացենը։ Սա նյութ է, որը մի շարք միացությունների այրման արդյունք է։ Պարզվում է՝ անգամ բնակարանի  մաքրության ժամանակ օգտագործվող քիմիական նյութերը կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ․ «Տվյալ միացությունից մեր շրջապատում բավականին շատ կա՝  տարբեր ծխագազերում, անգամ սննդի ոչ ճիշտ պատրաստման ընթացքում կարող է այս նյութի այրման կոնցենտրացիան բավական բարձր լինել։ Մենք ձեռնոցի ու դիմակի մասին սկսեցինք մտածել կորոնավիրուսի ժամանակ։ Մինչդեռ  պետք է պաշտպանվել բնակարանը մաքրելիս անգամ։ Արտասահմանյան գիտական խմբերը պարզել են, որ բնակարանի մեկ օրվա մաքրության ժամանակ օգտագործվող քիմիական նյութերի բացասական ազդեցությունը հավասար է մեկ տուփ  սիգարետի բացասական ազդեցությանը»։ 

Ստացվում է, որ   մեր շրջապատում գտնվող գրեթե բոլոր  նյութերում առկա են վտանգավոր բաղադրիչներ։ Դրանց մասին շատերս չգիտենք, իսկ ի՞նչ կարող են անել իմացողները․ «Փորձում ենք պահել անվտանգության տեխնիկայի կանոնները․ օրինակ՝ դիմակով ու ձեռնոցով ենք մաքրություն կազմակերպում, հիգիենայի կանոններին պետք է հետևել։ Անընդհատ պետք է փորձել ուշադիր լինել, հատկապես, երբ նմանատիպ նյութերի հետ ենք աշխատում»։

Գիտափորձերն իրականացվում են Գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում։ Փորձարարական ախտաբանության ու կիրառական կենսաքիմիայի գիտահետազոտական խմբի անդամների կողմից ստեղծած  լաբորատորիայի ու թեմայի իրականացման համար երեք տարվա համար  55 մլն դրամ են ստացել։ Ծրագրում ընդգրկված են 5 երիտասարդ գիտնական: Խումբն ունի գիտական խորհրդատու՝ ԱՄՆ Օրեգոնի Առողջության և գիտության համալսարանի Նայթի սրտանոթային ինստիտուտի դոկտոր Ալինա Մալոյանը:

Հետազոտական աշխատանքների ավարտին նախատեսվում է ստեղծել դեղաբույսերի և քիմիաթերապևտիկ համակցումների բուժական փորձնական նմուշ և անգամ ներկայացնել պատենտավորման:

Ցուցադրել ավելի
Back to top button