Մոռացված ֆիլմերի ստվերները

Որսորդը, որը դարձավ հոգևորական. պատմություն, որ ցնցեց Կաննի հանդիսատեսին․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Որսը տեսնելուց հետո իջեցնում է զենքը, խաչակնքում ու մինչ կրկին հրացանը ձեռքն է վերցնում, որսն այլեւս չկա։ Սա այնքան էլ անհեթեթ պատմություն չէ, եթե հաշվի առնենք, որ որսորդը հոգեւորական է, կամ ավելի ճիշտ` հոգեւորական դարձած որսորդ։

Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» կարճամետրաժ ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնը դիմավորեց հոտնկայս ծափահարություններով։ Սակայն հայ հանդիսատեսը նման հնարավորություն չունի, այսօրվա հանդիսատեսին անծանոթ է այս ֆիլմը։

Լևոն Քալանթարի արվեստանոցն ավարտելուց հետո Հենրիկ Մարգարյանն աշխատանքի ընդունվեց «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Նվագախմբի տղաները», նկարահանեց ընկերոջ՝ Հենրիկ Մալյանի հետ։ Կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը ստեղծեց շուրջ մեկ տասնյակ ֆիլմեր, հիմնեց և գրեթե 30 տարի ղեկավարեց «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի դպրոց-ստուդիան, ձևավորեց հեռուստաթատրոնի ներկայացումներ:

Հենրիկ Մարգարյան

Համաժողովրդական սիրո արժանացած «Նվագախմբի տղաները» ֆիլմից մի քանի տարի անց Հենրիկ Մարգարյանը նկարահանեց իր լավագույն ֆիլմը՝ «Տերտերին ուխտը», որը «Մսյո Ժակը և ուրիշները» կինոալմանախի մաս էր կազմելու (ալմանախ են համարվում տարբեր փոքրիկ պատմություններից բաղկացած գեղարվեստական ֆիլմերը, որոնք նկարահանված են նույն տրամաբանությամբ)։

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը նշում է, որ «Տերտերին ուխտը»՝ Հենրիկ Մարգարյանի փայլուն կինոդեբյուտը, պարզապես կատարյալ կինեմատոգրաֆիկ մի աշխատանք է։ 

«Հենրիկ Մարգարյանը այս ֆիլմով լավագույնս դրսևորել է իրեն և՛ որպես շատ հմուտ, և՛ շնորհալի կիմնոբեմադրիչ։ Կինոնկարի առաջին իսկ կադրերը դիտելիս յուրաքանչյուրի ուշադրությունից չի վրիպի պատկերաշարը։ Կինոօպերատոր  Կարեն Մեսյանը գերազանց օպերատորական աշխատանք է կատարել։ Տարբեր ռակուրսներից նկարհանած գեղեցիկ բնապարկերներով կադրերն առավել պատկերավոր են դարձրել Սաղնոսավանքն ու դրա հարակից տարածքը։ Եվ կարելի է միանշանակ ասել, որ ամեն առումով այս ֆիլմը անխոցելի է»,- ասում է Սիրանույշ Գալստյանը։

Սիրանույշ Գալստյան

«Տերտերին ուխտը» ֆիլմը դեբյուտ էր ոչ միայն Հենրիկ Մարգարյանի, այլև ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի ճանաչված դերասան Գուժ Մանուկյանի համար։ Այս ֆիլմում նա վարպետորեն կերտեց գլխավոր հերոսի՝ որսորդ Հակոբի կերպարը։ Գուժ Մանուկյանին հանդիպեցի իր տանը։ Դերասանը վերհիշեց երանելի ժամանակը, երբ «Հայֆիլմ» կինոստուդիայում տիրում էր աշխատանքային եռուզեռ։ Հենց այդ տարիներին էլ նա ֆիլմում նկարահանվելու անսպասելի առաջարկ ստացավ։

«Իմ մուտքը կինոաշխարհ նշանավորեց «Տերտերին ուխտը» ֆիլմով։ Առաջարկը ստանալուց հետո ընթերցեցի սցենարը, հավանեցի, բայց վստահ չէի, որ ինձ կընտրեն, որովհետև հրավիրված էին նաև ուրիշ դերասաններ, որոնց թվում էր Խորեն Աբրահամյանը։ Ընտրությունը կանգ առավ ինձ վրա, և ես ինձանից կախված ամեն ինչ արեցի, որ արդարացնեմ Հենրիկ Մարգարյանի հույսերը»,- վերհիշելով գրեթե կես դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները, պատմում է Գուժ Մանուկյանը։

Գուժ Մանուկյան

Խորհրդային ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Գերասիմովն ու կինոօպերատոր, սցենարիստ Վլադիմիր Մանախովը 1965 թվականին եկել էին Երևան։ Մի քանի օր անց նրանք այցելել էին «Հայֆիլմ» կինոստուդիա, շրջել, ծանոթացել և հետո ցանկացել էին նոր նկարահանված որևէ ֆիլմ դիտել։ Ստուդիայի ղեկավարությունը որոշել էր կինոյի այդ երկու մեծություններին ներկայացնել «Տերտերին ուխտը» ֆիլմը։

«Հայֆիլմ» կինոստուդիայի դահլիճում ցուցադրեցին ֆիլմը։ Նայեցին, վերջում ծափահարեցին և հարցրին, թե ո՞վ է գլխավոր դերակատարը և իմանալով, որ դա իմ առաջին դերն է կինոյում, զարմացան և ասացին, որ կինոխցիկի առջև այնպես վարպետորեն եմ ինձ պահել, որ կարծես ֆիլմերում նկարահանվելու մեծ փորձ ունեցող դերասան եմ»,- հուզմունքով և հպարտությամբ պատմում է նա։

Սերգեյ Գերասիմովին և այլ հայտնի կինոգործիչներին հիացրած  «Տերտերին ուխտը» և՛ խորհրդային տարիներին, և՛ դրանից հետո չներկայացվեց հայ հանդիսատեսին։ Գուժ Մանուկյանի համար մինչև հիմա դա չլուծված հանելուկ է, չէ՞ որ խորհրդային դարաշրջանում միջազգային հեղինակավոր կինոփառատոներում հաջողություն գրանցած ֆիլմը պետք է, որ այլ ճակատագրի արժանանար։

Փոփոխություն իհարկե կա, բայց շատ ուշացած… վերջերս, տարիներ շարունակ կինոարխիվի փոշոտ դարակներում մնալուց հետո, այն Ազգային կինոկենտրոնի ջանքերով  թվայնացվել է և տեղադրվել համացանցում։  

Back to top button