ԿարևորՀասարակություն

Ո՞ր երթուղիներով կվերագործարկվի երկաթգիծը

Բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծային հաղորդակցությունը վերականգնելու  հարցում։ Ի տարբերություն ավտոմոբիլայինի՝ խնդրահարույց հարցերն  այստեղ ավելի քիչ են։ «Երկաթուղիների մասով կա համաձայնություն՝ սահմանային ու մաքսային հսկողությունը փոխադարձության սկզբունքով իրականացնելու շուրջ»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ չհստակեցնելով, թե երբ է երկաթուղային կապը գործարկվելու:

Երկաթգծերի գործարկման շուրջ պայմանավորվածությունը հաստատել է նաև Հայաստանի վարչապետը, իսկ մասնագետները սկսել են հաշվարկել՝ որոնք են արդյունավետ երթուղիները և ինչ կարժենա դրանց վերագործակումը։  

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը՝  ֆեյսբուքյան գրառմամբ հանդիպումից հետո հայտնել է Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մանրամասնել, թե ինչի շուրջ է հնարավոր եղել պայմանավորվել։

«Երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն»։

Հայկական կողմը տարբեր  առիթներով ու մակարդակներով հայտարարել է, որ նոր երկաթգծերի կառուցում չի նախատեսվում։ Ապաշրջափակման տրամաբանության մեջ, որպես հարևան երկրների հետ տնտեսական հաղորդակցության ուղիներ, կօգտագործվեն այն երկաթգծերը, որոնք գոյություն են ունեցել ու շահագործվել են խորհրդային  տարիներին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներից հետո  ընդգծել էր՝  հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ միջանցքի տրամադրում և հավելել՝  ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են լիարժեք Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող ճանապարհներ:

«Երկաթգծի հետ կապված՝ այս պահին քննարկվում են բացառապես Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի ուղիների վերականգնման և դրանց շահագործման հերթականության, ժամանակացույցի հարցերը: Ավտոմոբիլային կոնկրետ ուղիների և անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը դեռ քննարկվում են»։

Դեռևս քննարկվում է սահմանով անցնող երթուղիների հարցը՝ ասում է տարածքային կառավարման ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, իսկ խորհրդային տարիների երկաթգծերը վերագործարկելու մասով   շեշտում՝ այստեղ ամեն ինչ արդեն  պարզ է։

«Մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացող ուղղությունն է, մեկը՝ մեր հարավային հատվածով անցնողը, մեկ ուղղություն ունենք, որը գնում է Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան, ունենք ուղղություն, որն այսօր էլ գործում  էդա Վրաստանի տարածքով անցնողն է ու ևս մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում։ Այսինքն այստեղ ամեն ինչ պարզ է»։

Խորհրդային  տարիներին կառուցված երկաթգծերը տեխնիկապես լավ վիճակում չեն՝ ընդգծում են մասնագետները։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանն ասում է, որ  Իջևանից Ղազախի շրջանով դեպի Բաքու տանող երկաթգիծը համեմատաբար ավելի լավ է պահպանվել,  մյուս հատվածների գործարկումը ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում․

«Խորհրդային ժամանակների երկաթգծերի այն հատվածը, որը Նախիջևանը միացնում է Մեղրիին, այնուհետև դեպի Ադրբեջան է գնում, գրեթե ամբողջովին ապամոնտաժված է, երկաթները ժամանակին վաճառվել են»։

Չնայած երկաթգծերի տեխնիկապես վատ վիճակին, Գալչյանը անհնարին չի համարում կատարվելիք աշխատանքը։ Առավել կարևորում է բեռների անվտանգ տեղափոխման հարցը։

Քարտեզագետ Շահեն Շահինյանը նույնպես  մտահոգիչ է համարում  Նիխիջևան-Մեղրի հատվածում երկաթգծի ապամոնտաժված լինելը, ասում է՝ այլ հատվածներում նույնպես  դժվարություններ կունենանք։

«Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Ղազախ հատվածով անցնող երկաթգիծը փլուզված թունելներ ունի, սողանքային գոտի կա, որի պատճառով երկաթգծի այդ ուղիները տեղաշարժվել են ու պիտանի չեն շահագործման։ Այսինքն` այստեղ էլ լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարիք կա»։

Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը, շեշտել, որ Բրյուսելու հաջողվել է  պայմանավորվածություն  ձեռք բերել երկաթուղային գծերի վերականգնումը սկսելու ուղղությամբ՝ սահմանային և մաքսային հսկողության փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն վստահեցնում է, որ իր տնտեսական և ներդրումային ծրագրերով պատրաստ է աջակցել գործընթացին:

Մասնագիտական հաշվարկներով՝ Երևանը Մեղրիով Բաքվին կապող երկաթգիծը գործարկելու համար Երասխ–Նախիջևան հատվածում անհրաժեշտ է վերականգնել մոտ 1 կմ  երկարությամբ երկաթգիծ, իսկ Մեղրիի հատվածում՝ շուրջ 38 կմ՝ իր ինժեներական կառույցներով: Ըստ «Հարավկովկասյան երկաթուղու» ուսումնասիրությունների, հայկական կողմի համար դա կարժենա շուրջ 210 մլն դոլար։ Եվս 110 կմ երկաթգիծ էլ պետք կլինի  վերականգնել Ադրբեջանի տարածքում․ սա էլ, ըստ նախնական հաշվարկների,  կարժենա 400-450 մլն դոլար՝ նշել են ընկերությունից։

Back to top button