Սփյուռքի ձայնը

Հայրենադարձությունը սփյուռքի երազանքն է, սակայն մեծ հայրենասիրություն է պահանջում․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում հաստատված հայերի թիվը մեծանում է, քաղաքացիություն ստացողներինը՝ ևս: մեր նախորդ հաղորդման ընթացքում շեշտեղ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։ Որքանով է այսօր հայրենադարձությունը սփյուռքի օրակարգում առկա, արդյոք նման գործընթաց կա և շարունակում է ծավալվել, մեր հաղորդուկմների ընթացքում կփորձենք լսել տարբեր համայքների ներկայացուցիչների կարծիքները։

Հայաստանում հաստատված սփյուռքահայերը բազմաթիվ բյուրոկրատական քաշքշուկներ ունենալով, սակայն, այնուամենայնիվ հաղթահարում են դրանք և շարունակում ապրել այստեղ։ Տարիներ առաջ սիրիական պատերազմի օրերին Հայաստան եկան շատ սիրիահայեր, որոնց համար բազմաթիվ հնարավորություններ ստեղծվեցին՝ դժվարությունները մեղմացնելու համար։ Արդեն մի քանի տարի է, որ Հայաստան են գալիս լիբանանահայերը, որոնք բազմաթիվ դժվարություններ ունեն Լիբանանում՝ տնտեսական, ֆինանսական և այլն։

Արդյոք այսօր էլ լիբանանահայությունը շարունակում է գալ հայրենիք, Լիբանանի հնչակյան կուսակցության պաշտոնաթերթ «Արարատ» օրաթերթի խմբագիր Անի Եփրեմյանը նշում է․ «Լիբանանում բազմաթիվ խնդիրները հանգեցրել են՝ հայության արտագաղթին։ Իսկ լավագույն ընտրությունը՝ Հայաստան տեղափոխվելն է։ Սակայն Հայաստանում էլ կան բազմաթիվ խնդիրներ՝ տեղափոխությունից հետո։ Դրանց պետք է ուշադրություն դարձնել՝ մեղմացնելու համար առկա բարդությունները»-, ասում է Անին։

Անի Եփրեմյան

Անին վստահ է սակայն, որ այդ քայլին գնալու համար՝ խորը հայրենասիրություն և կամք է պետք, իսկ հայրենիքն էլ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի՝ քաջալերելու և հիասթափոությունից հեռու պահելու համար։ Այսօր, ինչպես նշում է զրուցակիցս, Հայաստան են գալիս հատկապես երիտասարդները` նրանք, որոնք ունեն կրթություն, մասնագիտություն։ Նրանց միակ խնդիրը սեփական գիտելիքները Հայաստանում օգտագործելու հնարավորություն ունենալն է, ինչն արդեն հայրենի պետության լուծելիք խնդիրն է: «Լիբանանահայ երիտասարդները ունեն բարձրագույն կրթություն, մեծ մասամբ լավ մասնագետներ են։ Նրանց պարզապես պետք է խրախուսել և աջակցել աշխատանքի տեղավորման հարցում։ Իրենք հետագայում, վստահ եմ, մեծ նպաստ կբերեն հայրենի օետության տարբեր ոլորտների առաջընթացին»։

Ինչպես են կանադահայ համայնքում արձագանքում հայրենադարձությանը։ Որ ժամանակաշրջանն է եղել ամենաարդյունավետը՝ հայրենիք տեղափոխվելու համար։ Հեռախոսազրույց Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանի հետ, որը հաճախ է լինում Հայաստանում, շփվում Կանադայի հայ համայնքի հետ և իհարկե, այս թեմայի շուրջ հոդվածներ է տպագրում պարբերականում ։

Վահագն Գարագաշյան

«Վերջին 15 տարվա ընթացքում Կանադայից Հայաստան է տեղափոխվել 200-300 հայ։ Վերջին մեկ տարվա ընթացքում ևս Հայաստան եկող կանադահայերի հոսք է նկատվում»։ Վահանգն Գարագաշյանը նշում է, որ հայրենադարձվելը յուրաքանչյուր հայի ցանկությունն է։ Բնականաբար տարբեր իրավիճակներում հայտնվելու դեպքում, գործընթացն ավելի է արագանում։

«Հայրենադարձությունը յուրաքանչյուրիս փափագն է։ Սակայն կարևոր գրավական է՝ աշխատանքի առկայությունը հայրենիքում։ Հատկապես այն սփյուռքահայերը, որոնք գալիս են խնդիրներ ունեցող երկրներից, բախվում են այդ խնդրի հետ։ Կարծում եմ, որ ՀՀ-ը պետք է հայրենադարձության մասին հայեցակարգ մշակի։ Այն շատ կարևոր է, ինչը սակայն այս տարիների ընթացքում այդպես էլ չիրականացավ»,- ասում է Վահագն Գարագաշյանը։

Թուֆենկյան բարեսիրական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Ճանպազյանը Կանադայից է տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակության։ Նա նշում է, որ անկախ բոլոր դժվարություններից և խոչընդոտներից, որոնց հանդիպել են, որոշումը մնում է անփոփոխ, բայց գործընթացի որոշ պարզեցում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում։ Մոտ երկու տարի առաջ եկան Հայաստան։

Ռուբեն Ճանպազյան

«Ես՝ Կանադայում էի դիմել քաղաքացիության համար, իսկ կինս՝ Հայաստանում։ Ինձ համար այդ հարցը այնքան էլ դժվար չեղավ լուծել, ինչը չեմ կարող ասել կնոջս մասին։ Հայաստանում փաստաթղթային հարցեր լուծելը՝ անասելի բարդ է, քաղաքացիություն ստանալը ՝ ավելի։ Կարծում եմ, որ պետական մակարդակով որոշակի հարթեցումներ և լուծումներ պետք է տրվեն՝ սփյուռքահայ հայրենադարձների հայրենիք տեղափոխման գործընթացը արագացնելու համար»։

Հայ մարդը, որը ճակատագրի բերումով մի քանի երկիր է տեղափոխվել, կարող է այդ ընթացքում կորցնել փաստաթղթերը, հնարավոր է նաև տվյալ հաստատությունը անգործության մատնված կամ լուծարված լինի։ Ռուբեն Ճանպազյանը նշում է, որ Հայաստանում փաստաթղթային քաշքշուկները ավելանում   են հատկապես լեզվի չիմացության պարագայում։

Back to top button