ԿարևորՀասարակություն

Ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին քվորում չի ապահովվել

Խորհրդարանական ընդդիմության  նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստն այսօր չի կայացել։  Գրանցվել է 30 պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորները  նիստին չեն ներկայացել,   քվորում չի ապահովվել։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր հայտարարության նախագիծ ընդունել, որով խորհրդարանը կամրագրեր  սահմանագծման ու սահմանազատման գործընթացի գլխավոր սկզբունքները։

ԱԺ արտահերթ նիստին խորհրդարանական մեծամասնության չմասնակցելը խորհրդարանական ընդդիմությանը չի զարմացրել։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասում է՝  ՔՊ-ի բոյկոտն իրենց համար կանխատեսելի էր։

 «Հասկանալի էր, որ իրենք կարող են բոյկոտել նիստը։ Բայց նմանատիպ միջոցառումների անցկացումն անհրաժեշտություն է ՀՀ-ի ու ԱՀ-ի շուրջ  ստեղծված իրավիճակում։ Անվտանգության միջավայրը, ներքին և արտաքին սպառնալիքները ու նաև այն իրադարձությունները, որոնք կատարվում են թե՛ արտաքին քաղաքականության մեջ, բանակցային պրոցեսում, թե՛ անվտանգության խնդիրներում և մանավանդ ՀՀ սահմաններում ու Արցախում, ստիպում են, որ մենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք` իրավիճակը գնահատելու։ Դա առաջին հերթին անհրաժեշտ է հենց իշխանությանը` հանրության մոտ վստահությունը վերականգնելու համար»։

Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում էր հայտարարությամբ ամրագրել  այն կարմիր գծերը, որոնք գործադիր իշխանությունը չի կարող հատել սահմանազատման գործընթացը սկսելիս։ Նախագծով, մասնավորապես,   առաջարկվում էր ամրագրել, որ իշխանությունը պետք է զերծ մնա որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, որը կխախտի Սահմանադրությունը, կվտանգի  Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը։

Խորհրդարանական մեծամասնությունը դեռ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին էր հայտարարել, որ չի պաշտպանում ընդդիմության առաջարկը և դեմ էր քվեարկել  նախագծին։ ՔՊ-ից Մարիա Կարապետյանը, մասնավորապես, այսպես էր բացատրել մեծամասնության դիրքորոշումը։

 «Ինձ համար անհասկանալի, խորթ է այն դիրքորոշումը, որ որևէ երկրի ընտրված ներկայացուցիչը անհրաժեշտություն ունի, որ ներքին ինստիտուտներն իր համար ապահովեն կարմիր գծեր, որոնք կարծես թե իր համար չի կարողանալու ապահովել։ Մեր նախընտրական ծրագրում, այնուհետև Կառավարության ծրագրում արձանագրված է, որ սահմանազատում և սահմանագծում ենք անելու։ Դուք նման բան չեք առաջարկել։ Ժողովուրդը քվեարկել և հավանություն է տվել այն ծրագրին, որի մեջ կա սահմանազատում և սահմանագծում»

Ընդդիմադիրներ ասում էին՝ այս փաստաթուղթն ընդունելով՝ իշխանություններն իրենց  կապահովագրեն առաջիկա բանակցություններում։ Երեկ Բրյուսելում սահմանագծման ու սահմանազատման թեման , բնականաբար, շոշափվել է։ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ  Բրյուսելը փորձագիտական և տեխնիկական աջակցություն կտրամադրի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում։  Թե ինչ բովանդակություն կունենա այդ աջակցությունը,  Շառլ Միշելը չի մանրամասնել։

Սահմանազատման  հարցում կողմերին աջակցելու  շատ ավելի հստակ պատրաստակամություն  է հայտնել Մոսկվան։ Նոյմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարավեց, որ համաձայնություն է ձեռք բերվել մինչև այս տարեվերջ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համար մեխանիզմներ ստեղծելու հարցում։ Հայտարության մեջ նշվում էր, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ։

Back to top button