ԿարևորՎերլուծական

Ադրբեջանի բանակցային ավանդույթները շարունակվում են․ ի՞նչ տվեց «եվրոպական» օրակարգը

Բրյուսելում նախապես ծրագրված եռակողմ հանդիպումից բացի, տեղի է ունեցել նաև դեմ առ դեմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Որպեսզի գործիչներն ուղիղ խոսեն միմյանց հետ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դիմել է փոքր խորամանկության՝ դուրս գալով սենյակից։  

Տասնյամակներ տևած բանակցւթյուններում և հանդիպումներում արդեն ձևավորվել են յուրատեսակ «ավանդույթներ», որոնց «հիմնադիրը» Ադրբեջանի նախագահն է։ Յուրաքանչյուր հանդիպմանը նա ներկայանում է օրակարգից դուրս նոր պահանջներով և հավակնություններով՝ ամեն անգամ ձախողելով արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ադրբեջանի կողմից գործընթացների տորպեդահարման մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեց նաև Բրյուսելից՝ Ալիևի հետ ծրագրված հանդիպումից առաջ։ Պատճառը՝ Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարություններն էին։

Անգամ հետպատերազմական շրջանում նրա այդ գործելաոճը չի փոխվել։ Ի՞նչ եղավ Բրյուսելում և ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև «եվրոպական» հանդիպումից։

Հայաստանի վարչապետն արդեն բախվել է տասնամյակներ ձգվող բանակցային գործընթացում ձևավորված օրինաչափությանը։

Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը Ադրբեջանի նախագահը դիմել է իր որդեգրած գործելաոճին՝ ներկայացնելով նոր պահանջներ։ Այն, որ դրանք չեն բխում եռակողմ հայտարարությունների բովանդակությունից, Փաշինյանը գրել էր ֆեյսբուքյան էջում՝ շեշտելով՝ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։

«Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչև օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար»։

Ալիևն այս գործելաոճը որդեգրել է շատ վաղուց։ Պաշտոնաթողությունից հետո, հարցազրույցներում, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ պատմել է, թե ինչ էր ամեն անգամ տեղի ունենում բանակցությունների ընթացքում։ Ներկայացնում ենք հատված ամերիկյան «Բլումբերգ»–ին տված հարցազրույցից․

«Շատերին թվում էր, թե մենք մոտ ենք արդեն փաստաթուղթն ստորագրելուն։ Իսկ 2011 թվականին Կազանի հանդիպումից առաջ գրեթե բոլորը համոզված էին, որ հիմա փաստաթուղթ է ստորագրվելու։ Բայց արդեն մի քանի անգամ, հենց նույն Լավրովի, այլ միջնորդների կարծիքով փաստաթուղթը գրեթե պատրաստ էր, ու ամեն անգամ Ադրբեջանը հրաժարվում էր»։

Այն, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է պայմանավորվածությունները՝ ապացուցվում են նոր գործողություններով և հայտարարություններով։

2021 թվականի դեկտեմբերի 2․ Ստոկհոլմում ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում գրեթե համաձայնեցված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այն, սակայն, տապալվեց․ վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց այդ հանդիպումից՝ պատճառաբանելով հայ պաատգամավորների Արցախ կատարած այցը։ Հակառակ նրան, որ միջազգային հանրությունը պնդում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցություններին շուտափույթ վերադառնալու անհրաժեշտությունը, Ալիևը իսպանական «El Pais»-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ Արցախյան հակամարտությունն «ավարտված է», և կարգավիճակի քննարկմանը «վերադարձ չկա»։

Նոյեմբերի 9–ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում «միջանցքի» մասին որևէ ակնարկ չկա, բայց անգամ բրյուսելյան այցից առաջ Ալիևը կրկին խոսեց «միջանցքի» մասին։ Այս անգամ նա զուգահեռներ անցկացրեց «Զանգեզուրի» և Լաչինի միջանցքների միջև։

Այս պայմաններում բրյուսելյան այցից շրջադարձային փոփոխություններ և զարգացումներ  սպասելն իրատեսական չէր․

«Հարցերը բարդ էին, քննարկումը՝ բաց և անկեղծ հայտարարեց Շառլ Միշելը՝ Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպումից հետո։

Բրյուսելում արվեց մի քանի արձանագրում․

  • Բրյուսելը փորձագիտական և տեխնիկական աջակցություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում․ եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
  • «Անհրաժեշտ է շուտափույթ լուծել հումանիտար հիմնական խնդիրները՝ գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի պարզումը», — ասել է Շառլ Միշելը՝ հավելելով՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծման ջանքերին։
  • Համագործակցության և վստահության մթնոլորտի ստեղծում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով, որն ի վերջո կհիմնվի խաղաղության համապարփակ համաձայնագրի վրա։
  • Կողմերը ընդունել են, որ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատվել է ուղիղ կապ՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Մեխանիզմը կարող է ծառայել հետագայում միջադեպերի կանխարգելմանը և դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման հարցում

Եվ կրկին՝ «միջանցքի» մասին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է լինի բոլոր երկրների ինքնիշխանության հարգմամբ»,-հայտարարում է Շառլ Միշելը։

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ Բրյուսելում անցկացված հանդիպումը երկու կարևոր արդյունք է տվել։ Առաջինն առնչվում է հենց «միջանցքային» տրամաբանությանը։

«Կարծում եմ, որ այսօր Ադրբեջանը որևէ տարբերակ չունի միջանցք ստանալու։ Եվ այո, այս վերջին այցելությունները ու նաև ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի դիրքորոշումները այս հարցում որևէ կերպ չարձագանքեցին Ալիևի այդ ակնարկներին։ Հիշո՞ւմ եք Ստոլտենբերգի հետ հանդիպումը, երբ Ալիևը խոսում էր նորից միջանցքի մասին։ Ստոլտենբերգը ոչ միայն դրան չարձագանքեց, այլ նաև ադրբեջանցի լրագրողի հարցին՝ խաղաղության պայմանագրի մասին, ընդամենն ասաց, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եվ փաստորեն, միակ բանը, որ ստացել են երեկվա հանդիպումից ադրբեջանցիները, եթե դա կարելի է համարել ադրբեջանցիների ստացած մի բան, կարծում եմ՝ մեզ համար էլ է շահավետ, դա երկաթգծի շուրջ պայմանավորվածությունն է»։

Երկրորդ շոշափելի պայմանավորվածությունը, ըստ Խուրշուդյանի, առնչվում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։

«ԵՄ փորձագիտական խմբի մասնակցությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերում կարևոր է։ Սոչիի հանդիպումից հետո, երբ ֆիքսվեց միայն ռուսական փորձագիտական մասնակցությունը, ես մտավախություն ունեի, որ դրանով կսահմանափակվի, և կողմերը այդ հարցերով այլևս չեն կարողանա դիմել եվրոպացիներին։ Բայց, փաստորեն, Շառլ Միշելն ինքն է, այսպես ասենք, պարտադրել ԵՄ ներկայությունը այդ դելիմիտացիայի հարցում, որը շատ մեծ ձեռքբերում է Հայաստանի համար»։  

Ուշագրավ է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում մի պահ մենակ է թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ուղիղ խոսելու համար: Նա կարևորել է ղեկավարների անմիջական շփումը․ «Այդպիսի հանդիպումները, ինչպիսին կայացավ Բրյուսելում, ևս կարևոր են»,-ասել է ԵԽ նախագահը։  

Back to top button