ԿարևորՎերլուծական

«3+3-1» ձևաչափը ռիսկային է ՄԽ-ի գոյության համար․ քաղաքագետներ

Մոսկվայում «3+2» ֆորմատով հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի , Թուրքիայի, ու Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի ուղղությամբ։

Ավելի ուշ Ռուսաստանի ու Հայաստանի տարածած հաղորդագրություն մեջ նշվում էր, որ  դրանք ներառում են վստահության բարձրացման, առևտրի, տնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար  փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ։ Ըստ փորձագետների՝  «3+2»-ը ռիսկեր է պարունակում ու սպառնում է ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափին։     

«3+3-1» ձևաչափը ռիսկային է ՄԽ-ի գոյության համար, սա փորձագետների  հիմնական մտահոգությունն է։

Տարատեսակ տագնապներով ուղեկցվող «3+2»  հանդիպումը Մոսկվայում կայացավ։ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի  փոխարտգործնախարարների հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։  ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկել են տարածաշրջանային համագործակցության հեռանկարներն ու հակազդեցությունը ընդհանուր սպառնալիքներին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմաբևեռ համագործակցության զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը գործնական հարցերի վրա կենտրոնացնելու։ Դրանք հետաքրքրություն են ներկայացնում բոլոր մասնակիցների համար: Խոսքը վստահության բարձրացմանն ուղղված քայլերի, առևտրատնտեսական, տրանսպորտային և հումանիտար-մշակութային ոլորտներում փոխգործակցության,  ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակադարձման մասին է»,-նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հայաստանի արտգործնախարարությունը էլ  տեղեկացնում է, որ «3+2»-ի մոսկովյան հանդիպմանը փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնօրինակումից։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը  կարծում է, որ Հայաստանը պետք է բոլոր ձևաչափերում էլ մասնակցություն ունենա, սակայն միայն ներքին խնդիրները լուծելուց հետո։

«3+2»-ին էլ պետք է մասնակցել, մյուս տեղերն էլ գնալ, բայց ուր մենք գնում ենք, պետք է իմանան, որ համաձայնություն կա երկրի ներսում։ Եթե իմանան, որ քաղաքական համաձայնությունը կայացել է, իրար չեն ոչնչացնում, ուզում են իրենց պետությունը կառուցել՝ որսորդն էլ կօգնի, ռուսն էլ իր չափը կիմանա, մենք էլ կիմանանք, որ նեղանալու բան չկա, դա ենք որոշել։ Դրա համար ինձ թվում է, մեր խնդիրը մեր ներսում է»։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի կիսում պատգամավորի կարծիքը։ Ասում է՝ Հայաստանին ձեռնտու չէ ընդգրկվել մի ձևաչափում որտեղ դաշնակից չունի․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մենք ունենք մի հակառակորդ երկիր, մի միջնորդ երկիր և մի չեզոք երկիր։ Ադրբեջանն այդտեղ ունի մի դաշնակից երկիր, մի միջնորդ երկիր և մի չեզոք երկիր։ Հետևաբար, մաթեմատիկական հաշվարկով դա ի նպաստ մեզ չէ։ Եվ մասը դառնալով այդ գործընթացին՝ մենք մաս ենք դառնալու տարածաշրջանի ռեգիոնալիզացմանը, դա գործողություն է՝ ընդդեմ տարածաշրջանում գլոբալ խաղացողների ներկայության»։  

«3+3» ձևաչափը դարձավ «3+2», քանի որ Թբիլիսին հստակ հայտարարեց, որ չի մասնակցի ծրագրին՝ Ռուսաստանի հետ խնդիրների պատճառով։  

Ռուսաստանը, ինչպես նաև ձևաչափի մյուս երկրները, սակայն, չեն շտապում հրաժարվել Վրաստանից ու նշել են՝ «միանալու համար դուռը բաց է մնում»։

Իսկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆովը «3+2»-ի առաջին նիստում ասել է, թե նախատեսվում է ռոտացիոն կարգով անդամ երկրներում տարեկան առնվազն երկու անգամ հանդիպում անցկացնել։ Նա նշել է, թե նիստերում կարող են քննարկվել տարածաշրջանի  կայունությանն ու բարգավաճմանը նպաստող նախաձեռնություններ ու նախագծեր։

Back to top button