Ստարտափ Հայաստան

Հայկական արտադրության «Տրանսֆորմեր» պայուսակները գրավել են շուկան․ «Ստարտափ Հայաստան»

Լիլիթ Խալաթյանի կյանքի հերթական գարուններից մեկն էր, երբ զգաց, որ պետք է ստեղծել այնպիսի աքսեսուարներ, որոնք հայ կանանց և , ոչ միայն, արտաքին տեսքը լիարժեք դարձնեն։

Գարնան երեք ամիսները Լիլիթի ընտրած նոր ուղու համար որոշիչ դարձան։ Միտքը, որը խմորվում էր վաղուց, իրականացնելու ճանապարհին էր, բայց անսպասելի խոչընդոտներ առաջացան, իսկ «նոր ծնված» միտքը չկարողացավ դիմակայել ու, կարծես թե, նահանջում էր։ Լիլիթի «փոքրիկին» արհեստական շնչառություն տվեցին։ Գործին միացավ նրա հայրը։ Կանացի պայուսակներ կարելը նրա համար նոր հմտություն էր։ Հեշտ չէր ստացվում, բայց գործը գլուխ էր գալիս կամաց-կամաց։

Հայրիկի մտավախությունները հասկանալի էին, ասում է Լիլիթը։ Նա էր ստեղծելու պայուսակները, ու անհանգստությունը, որ դրանք չեն վաճառվի, նրան այդքան էլ դուր չէր գալիս։ Հետո, իհարկե, ամեն բան տեղն ընկավ, երբ, հատկապես, այլ մարդիկ որոշեցին, որ այո՛, այս բիզնեսը չի գոյատևելու։ Հենց այդ մտքերը լսելուց հետո Լիլիթն ու հայրիկը որոշեցին, որ պետք է ապացուցեն մարդկանց ու առաջին հերթին իրենք իրենց, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել ամեն ինչ, հնարավոր է ունենալ տեղականը, որակովը, և որ հայերը գնահատում ու օգտագործում են իրենց հայրենակիցների ձեռքի աշխատանքը։

Լիլիթին ու հայրիկին միացել են նաև նրա ընկերուհիները։ Մասնագիտություններից ու հիմնական աշխատանքներից դուրս նրանք Լիլիթի բիզնեսում կարևոր աշխատանք են կատարում։ Լիլիթի խոսքով, նման բիզնեսները հաջողելու շանսեր ունեն, եթե կողքից հարազատներն ու ընկերները աջակցում են։ Հակառակ դեպքում, ճանապարհն ավելի քարքարոտ է լինում։

Աշխատանքային ընթացքը հեշտ չի ստացվում։ Տանը, կենցաղում ու անձնական հարաբերություններում Լիլիթն ու հայրը հասկանում են իրար, իսկ այ աշխատանքում հաճախ լեզու չեն գտնում։ Լիլիթը պատմում է՝ հաճախ է ստացվում, որ պայուսակ ստեղծելու ժամանակը փոքր ինչ երկարում է՝ իրար լավ չհասկանալու պատճառով։

Լիլիթին ոգևորում է այն փաստը, որ դրսում էլ են կարողանում վաճառք կազմակերպել։ Ավելի ոգևորող է, երբ մարդիկ այդ փոքրիկ կաշվե պայուսակների միջոցով իմանում են, որ կա Հայաստան անունով մի չքնաղ երկիր, որտեղ ստեղծվում են այնպիսի պայուսակներ, որոնցով իրենք հիանում են։

Ընտանեկան այս փոքրիկ բիզնեսում կարևոր նախապայման է ստեղծագործականությունը պահելը։ Լիլիթի հայրիկը զգայուն է իր ստեղծածի ու աղջկա բիզնեսի հանդեպ։ Պետք է միշտ հաջողել, ստեղծել այնպիսի ապրանք, որ հիասթափությունների տեղ չմնա։

Back to top button