Ժամանակի վկան

Մենք Անգլիա կապրինք, բայց մեր միտքը Հայաստանն է․ Սեդա Պօղոսեան-Թայ․ «Ժամանակի վկան»

Լոնդոնում այս աշնանը՝ հոկտեմբերին, առիթ ունեցա ծանոթանալու բժշկագիտական և հանրային շրջանակներում հայտնի գիտնական-բժշկուհի, դոկտոր Սեդա Պօղոսեան-Թայի հետ։ Թե ինչպես են Կովիդ-19-ի դեմ պայքար ծավալել աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում՝ Մեծ Բրիտանիայում, կտեղեկանաք այս հաղորդումից։ Բացի այդ, կծանոթանաք ազգությամբ հայ բժշկուհու գիտական ու մասնագիտական հաջողություններին, որոնք նա ձեռք է բերել Իրաքում, որտեղ հայոց ցեղասպանությունից հետո հաստատվել էին նրա նախնիները, ապա՝ Լոնդոնում։

Համալսարանական բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, Իրաքի կառավարությունից չորս տարվա համար կրթաթոշակ ստանալով, երիտասարդ հայուհին մեկնեց Լոնդոն, որտեղ ոչ միայն ստացավ քառամյա նախատեսված ուսումը, այլև պաշտպանեց գիտական թեզը՝ ստանալով դոկտորի կոչում։

Հմտանալով նաև գործնական բժշկության մեջ՝ դոկտոր Սեդա Պօղոսեանը խորացրեց գիտելիքները, մասնավորապես, արյան հիվանդությունների ախտորոշման ու բուժման ուղղություններով։
Ամենուրեք կանանց համար դժվար է ընտանիք, երեխաներ, ուսում, աշխատանք համատեղելը, նույնիսկ Մեծ Բրիտանիայում, որտեղ թվում է բոլոր սոցիալ-տնտեսական պայմանները կան այդ ամենն ավելի հեշտությամբ անելու։ Սեդա Պօղոսեանը ժամանակի ընթացքում հաղթահարեց նաև աշխատանքն ու ընտանիքը համատեղելու դժվար փուլը։ Ու, այդպիսով, հղացավ գաղափար՝ մասնագիտանալ նաև ընտանեկան բժշկության ոլորտում։

Ձախից՝ Սեդա Պօղոսեան-Թայ

Դոկտոր Սեդա Պօղոսեան-Թայն այժմ նյութեր է հավաքում իր նոր գրքի համար, որի բուն նյութը հիվանդների բողոքներն են։ Քառասնամյա բժշկական աշխատանքային փորձառությամբ հմուտ բժշկուհին, ինչպես նախկինում, այժմ էլ աշխատում է բրիտանական Ազգային առողջապահության պետական համակարգում՝ անվճար բուժօգնություն տրամադրելով հիվանդներին։ Իսկ վերջին 7 ամիսներին, պետական հիվանդանոցում աշխատանքին զուգահեռ, ընդունում է նաև մասնավոր հիվանդներ։

Հայ բժիշկներն՝ ի սփյուռս աշխարհի, մեծ հաջողություններ ու հեղինակություն ունեն։ «Հայ բժիշկների միություն» համաշխարհային կազմակերպությունը միավորում է աշխարհի տարբեր երկրներում բնակվող և գործող հայ բժիշկներին։ Սեդա Պօղոսեան-Թայը կազմակերպության բրիտանական մասնաճյուղի նախագահն է։

Սեդա Պօղոսեան-Թայը Երևանում բժշկական համալսարանի ուսանողների հետ

Կովիդ, թագավարակ, թագաժահր, կորոնավիրուս անվանված համավարակը 2019 թվականից ի վեր, տարածվելով նաև մի քանի շտամերով, այսինքն՝ իրարից որոշ հատկություններով տարբերվող տեսակներով, դարձել է մեր կյանքի բաղկացուցիչ մասը՝ ներխուժելով գիտություն, կենցաղ, տնտեսություն, մշակույթ։
Համաճարակի ընթացքում Հայ-բրիտանական բժշկական միությունն անմիջապես ձեռնամուխ եղավ հայ համայնքին խորհրդատվություն և անմիջական օգնություն ցուցաբերելուն։
Հետաքրքրվեցի, թե ի՞նչ ընթացք ունի պատվաստման գործընթացը Մեծ Բրիտանիայում։
Բժշկուհին, հիմնվելով փաստերի վրա, ներկայացրեց նաև պատվաստումների՝ փոքր քանակով հաստատված կողմնակի հետևանքները։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում պատվաստումները պարտադիր են նաև դպրոցականների համար։ Արդեն սկսվել են հինգ տարեկան փոքրիկների պատվաստումները։ Բժիշկները հանգիստ չունեն՝ ուր էլ, որ լինեն։ Նպաստել հզոր, զարգացած հայրենիքի առաջընթացին ու հայ ազգի հարատևությանը. ահա՛ հետազոտող-բժշկուհի Սեդա Պօղոսեան-Թայի հասարակական բուռն գործունեության, ինչպես նաև սույն թվականի նոյեմբերի 6-7-ը Հայ բժիշկների միության գումարած հերթական՝ 13-րդ համաժողովի գլխավոր նպատակը։ Նշեմ նաև, որ առցանց համաժողովին մասնակցում էին 500-ից ավելի բժիշկներ ու ոլորտի կազմակերպիչներ։

Ավարտվեց «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որը ձայնագրվել էր Լոնդոնում՝ 2021 թ․ հոկտեմբերի 31-ին։ Հաղորդմանը մասնակցեց՝ «Հայ բժիշկների միություն» համաշխարհային կազմակերպության բրիտանական մասնաճյուղի նախագահ Սեդա Պօղոսեան-Թայը։

Ցուցադրել ավելի
Back to top button