Մտքի ուժը

Գլոբալ տաքացման դեմ գիտնականների ու բիզնեսի պայքարը․ խաղողի աճեցման նոր գոտիականությունների փնտրտուքը «վերև»-ում․ «Մտքի ուժը»

Վայոց  Ձորի մարզ՝ Արտաբույնք համայնք։ Ծովի մակերևույթից 2050 մետր բարձրություն։ Այստեղ առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում խաղողի այգիներ են հիմնվում։ Այս պահին՝ դեռ փորձնական ու գիտական։ Սա ինչպես ասում են՝ «լավ օրից չէ»։

Կլիմայի գլոբալ տաքացումը գիտնականներին ու բիզնեսին ստիպեց բարձրանալ դեպի «վերև»՝ հասկանալու համար հնարավո՞ր է արդյոք ծովի մակերույթից մոտ 2000 մետր բարձրության վրա խաղող աճեցնել։ 

«Մարան» գինու գործարանի ներկայացուցիչ Ֆրունզ Հարությունյանը հղում անելով ՄԱԿ-ի վերջին զեկույցները՝ հիշեցնում է, որ արդի խնդիրներից մեկը կլիմայի գլոբալ տաքացումն է, դրա ազդեցությունը տարբեր ոլորտերի, նաև՝ գինեգործության ու խաղողագործության վրա։ Հայաստանում այդ խնդիրն ավելի սուր է դված։ Գնալով այդ կլիմայական ինդեքսները գուցե բարձրարժեք գինեգործության սահմանափակման պատճառ դառնան։ Ուստի պետք է խաղողի աճեցման նոր գոտիականություններ փնտրել, գնալ դեպի վեր ու այնտեղ այգիներ հիմնել՝ միաժամանակ հետազոտելով սորտերի ներուժը։

Ֆրունզ Հարությունյանն արձանագրում է․ «Չկան հետազոտություններ, երբևէ փորձ չի արվել նման բարձրություններում խաղողագործություն իրականանցնել։ Մենք կհասկանանք՝ արդյո՞ք դա հնարավոր է, թե ոչ։ Ի՞նչ է մեզ սպասվում ապագայում»։ Հարությունյանն ասում է, որ սա բիոմոդելային այգի է։ Այգում հայտնված ծառերը կամ թփերը չեն կտրվել, մնացել են այգում։ Սա շատ կարևոր է։ Բացատրում է՝ ցանկացած բույս ու միջատ իրենց էկոհամակարգն են ստեղծում։ Եթե ինչ որ բան կտրում ես, իրենց միջավայրն ես վերացնում»։

Սա սովորական բիզնես նախագիծ չէ։  Իսկ ամեն ինչ այսպես սկսվեց, երբ գիտության կոմիտեն գիտական, բայց կիրառական ուղղվածություն ունեցող նախագծերի   դրամաշնորհային մրցույթ հայտարարեց։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանն է պատմում․ նախագիծը եզակի է նաև նրանով, որ առաջին անգամ դրամաշնորհ ստանալու համար նախապայման կար՝ ոչ միայն կիրառական նշանակության նախագիծ ներկայացնել,այլ նաև համաֆինանսավորող՝ բիզնես ոլորտից։

«Գաղափարը հետևյալն է, որ Վայոց ձորի Արտաբույնք  համայնքում՝  ծովի մակերույթից  2050 մ բարձրության վրա,  հիմնադրվի այգի՝ հասունացման տարբեր փուլեր ունեցող՝ վաղահասից մինչև ուշահաս տեղածին սորտեր՝ «Վաղահաս Արենի»-ն, «Սև Արենի»-ն, « Թոզոտ»-ը, «Խաթուն  խարջի»-ն,  «Ոսկեհատ»-ը։ Որպես ստուգիչ խաղողագործական այգիներ նույն սորտերը աճեցվում են նաև  Արենիում, որը ծովի մակերևույթից 950 մ բարձրության վրա է, և Աղավնաձոր համայնքում, որ 1250 մ բարձրության վրա է»։

Վաղուց հայտնի է, որ որքան խաղողի այգին բարձրադիր է, այնքան գինին ավելի բարձորակ է, ուստի այս այգու բերքն էլ հնարավորություն կտա ոչ միայն որակյալ բերք ստանալ, այլ հատկապես եվրոպական շուկայում վաճառել գինին՝ հավելյալ արժեքով։  Սա ևս գիտություն տնտեսություն  կապի  օրինակ է։ Բացի այդ, այն կարող է նաև զբոսաշրջային հոսք ապահովել ՝ ասում է Ֆրունզ Հարությունյանը

Գիտական երկամյա այս ծրագիրը կավարտվի հաջորդ տարվա սեպտեմբերին։ Սա բավարար ժամանակ չէ՝ մեծածավալ այս ծրագրի համար։ Քրիստինե Մարգարյանը նշում է, որ այս գիտական նախագծի կարևոր խնդիրներից է ուսումնասիրել և գնահատել մեր սորտերի պոտենցիալը՝ կլիմայի փոփոխվող պայմաններում՝ գենոմային մակարդակում։ Մարգարյանը իրականացրել է նաև սորտերի ամբողջական գենոմի ուսումնասիրություն, որը երբևիցե չի կատարվել։ Ֆինանսական միջոցների ու նյութատեխնիկական բազայի սահմանափակության պատճառով ուսումնասիրությունները արտերկրում  են կատարվել՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

Գիտական բոլորր հետազոտությունները ոչ միայն տեղական սորտերի պահպանմանն են օգնում, այլ որ ոչ պակաս կարևոր է միջազգային հարթակներում դրանց հայկական ծագման ապացուցմանը։ Այս ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ արդեն կատարվել են, դրանք, սակայն, շարունակվում են նաև այսօր։

«Իմ աշխատանքների հիմնական նպատակը մեր տեղածին սորտերի կենսաբազմազանության հավաքագրումը, փաստագրումն ու գենետիկական անձնագրավորումն է։ Կատարված աշխատանքների արդյունքում միջազգային տվյալների բազայում այժմ  ունենք 348 խաղողի սորտ»,– պատմում է Քրիստինե Մարգարյանը։

Գիտնականն ասում է, որ խաղողի երկրի բնօրրանը փոխելը բարի կամքի դրսևորում չէր։ Որպես բնօրրան նշված էին տարբեր երկրներ՝ հիմնականում Ադրբեջան, Իրան, Վրաստան։ Զուտ գիտական տվյալների ապացուցողական հիմքի ու հենքի վրա հնարավոր եղավ փոխել դրանք։ Մեր խոսույթում օտարածին որոշ բառերի փոխառնումը հատկապես Սովետական միության տարիներին շատ էր։ Օրինակ «Վարդաբույր»–ը անվանել են «Գյուլաբի», «Արևիկը»–ը՝ «Ալաղուրա», «Արենի» սորտի հայկական հին անվանումը եղել է «Մալահի», ադրբեջանցիներն այն անվանել են «Մելեյի» կամ «Մելեհի»։

1978 թվականին ԳԱԱ-ն որոշել է ու 76 սորտի տվել զուտ հայկական անվանումներ։ Սակայն, մինչ որոշ խաղողագործական շրջաններում տեղածին շատ սորտեր ոչ հայկական ծագմամբ անուններով են անվանում։ 1990–ականներին Եվրոպայում հիմնադրվում է խաղողի գենետիկական ռեսուրսների տվյալների բազան։ Աշխատանքներն ուղղված էին ամբողջ աշխարհից խաղողի տարածված սորտերը հավաքագրելուն, ապա գենետիկական անձնագրում իրականացնելուն։ Հենց այդ տարիներին, երբ Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո գիտությունը  դադարել էր գոյություն ունենալ,  Ադբբեջանից բազմաթիվ սորտեր ուղարկվել են Եվրոպա՝ որպես ծագման երկիր նշելով ոչ Հայաստանը։

Նման իրավիճակներից խուսափելու համար թերևս ճիշտը հայկական անունները կիրառելն է, ադրբեջանական խոսակցական անուններից վերջնականապես հրաժարվելը, հակառակ դեպքում գիտնականները տարիներ շարունակ միջազգային հարթակներում փորձում են ապացուցել այն, ինչ  ապացուցման կարիք էլ չպետք է ունենա։ 

Back to top button