ԿարևորՎերլուծական

«3+3» ձեռնարկը կյանք չի ունենա, այն ձեռնտու չէ մասնակիցներին․ փորձագետ

Հայաստանը կմասնակցի Մոսկվայում նախատեսված «3+3» ձևաչափով հանդիպմանը, քանի որ հայկական կողմին հետաքրքիր է այնտեղ քննարկվող հարցերի շրջանակը։

«Հայաստանը «3+3» բանակցային ֆորմատով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փորձագետը չի կասկածում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կփորձի Արցախի խնդիրը ներառել այդ ձևաչափում։  

«Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի կունենա «3+3» համագործակցության հարթակի առաջին հանդիպումը, և Հայաստանի Հանրապետությունը փոխարտգործնախարարի մակարդակով կմասնակցի այդ հանդիպմանը»,- երեկ Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ՝ հանդիպման մասին հայտարարություն տարածեց Թուրքիայի արտգործնախարարությունը, նշելով, թե այն նվիրված կլինի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին։

Շեշտվում է, որ Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը հանդիպմանը կմասնակցեն արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Հանդիպմանն ընդառաջ՝ վարչապետը հստակեցրեց, որ Հայաստանը «3+3» բանակցային ֆորմատով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնք Հայաստանը քննաարկում է այլ ձևաչափերում:

«Հայաստանը «3+3» բանակցային ֆորմատով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկմամբ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այս հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես, ռուսաստանցի գործընկերների հետո, և կա ազդակ, որ իրենք էլ կիսում են հայկական կողմի տեսակետը»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանն ակտիվ է լինելու տարածաշրջանային արտաքին քաղաքականության հարցերում և փորձելու է երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել։

«Կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ մենք ասել ենք, որ տարածաշրջանային քաղաքականության մեջ լինելու են որոշակի փոփոխություններ, վերանայումներ, և մենք  տարածաշրջանային քաղաքականության մեջ լինելու ենք ակտիվ։ Չեմ շտապի հետևություններ անել, բայց մենք պետք է փորձենք տարածաշրջանային երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել։ Դա փաստ է»։

 Ի՞նչ նկատի ունի վարչապետը, երբ ասում է, որ «3+3» ձևաչափը կարող է հետաքրքրել Հայաստանին, եթե այդտեղ չքննարկվեն այլ հարթակներում  քննարկվող թեմաներ։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյան․

«Եթե այդ 3+3 ձևաչափը կայանա, դա առաջին հերթին ձեռնտու է հենց Թուրքիային, քանի որ նրա մուտքը Հարավային Կովկաս ավելի է ամրապնդվում։ Դրա համար Հայաստանը դիմադրում է՝ ասելով, որ այդ ձևաչափը կարող է աշխատել միայն այն հարցերի շուրջ, որոնք չեն մտնում այլ ձևաչափերի մեջ՝ առաջին հերթին նկատի ունենալով ղարաբաղյան խնդիրը, որը ՄԽ-ի ձևաչափում է»։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական  Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ «3+3» ձևաչափը, դեռ չստեղծված, արդեն խնդիրներ է առաջացնում ԵԱՀԿ  ՄԽ-ում ընթացող բանակցություններում։ Պատգամավորը կարծում է, որ այն կարող է նոր սրացման պատճառ դառնալ։

«3+3 ձևաչափը կարող է ու արդեն խնդիրներ է ստեղծել ՄԽ-ի ձևաչափում ընթացող բանակցություններում։ Դրա վկայությունը արտգործնախարարների՝ Ստոկհոլմում չկայացած հանդիպումն էր, Բաքուն մերժեց նաև համանախագահների հետ հանդիպումը։ Սրան գումարվում է Ադրբեջանից հնչող հայտարարությունը՝ թե Արցախի հարց գոյություն չունի։ Պետք է հասկանալ, թե հարցերի ինչ ընդգրկում է այն ունենալու, ինչ հարցեր են քննարկվելու այդ «3+3» ձևաչափում»։

Կան մեծաթիվ ոչ հստակ հարցեր, դրանք հրապարակային չեն,-ասում է  պատգամավորը։ Մատնացույց է անում ռիսկերը՝  այս պահին սրացման տանող շատ հանգամանքներ կան և «3+3»-ը կարող է դառնալ ևս մեկը։

Նա հիշեցնում է, որ Թուրքիայի նպատակն  է դառնալ համանախագահող երկիր և մեծ դերակատարում ունենալ տարածաշրջանում։ Այս ձևաչափը կարող է Հայաստանին լուսանցքում թողնել։  

Փորձագետ Մանվել Ղումաշյանը, սակայն, կարծում է, որ այս ձեռնարկը չի իրագործվի, եթե անգամ հանդիպումը կայանա։ Իրադարձությունների նման սցենարով զարգացման համար  մի քանի  հիմանվորում է անում։

Ռուսաստանի ու Իրանի շահերից չի բխում ուժեղ Թուրքիայի գոյությունը Հարավային Կովկասում․ «Իրանի ԱԳՆ-ն Լավրովի հետ հանդիպման ժամանակ ոչինչ չասաց «3+3» ձևաչափի մասին։ Այդ մասին հայտարարեց Լավրովը, և դիվանագիտության մեջ լռությունը պատասխան է։ Բնական է , որ Թեհրանը չպետք է կողմ լինի այս ձեռնարկին, քանի որ Թուրքիայի ուժեղացումը կբերի Իրանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում»։

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմին ձեռնտու այս ձեռնարկը պետք չէ նաև Ռուսաստանին,  սակայն այդ երկիրը դեմ չի արտահայտվում, և դա իր քաղաքականությունն է։ Մոսկվան նույնկերպ վարվեց նաև հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ։ Դեմ  չլինելով՝ Մոսկվան լուռ հետևում էր դրա տապալմանը,-նկատում է փորձագետը։

«3+3» ձևաչափում ընդգրկված երկրներից Վրաստանը ակնհայտ և հրապարակային դեմ արտահայտվեց այս ծրագրին։  Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Թբիլիսին չի դիտարկում այս ձևաչափին մասնակցելու հարցը։

«Մենք չենք դիտարկում այս ձևաչափին Վրաստանի մասնակցությունը, հետևաբար, դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը Վրաստանը ներկայացված չի լինի»,- ասվում է ԱԳՆ-ի պատասխան գրությունում, որը տարածում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Այս ձեռնարկում ներգրավված երկրների մեծ մասին, ստացվում է՝ պետք չէ «3+3» ձևաչափը։ Այն պետք է միայն Թուրքիային ու Ադրբեջանին, և, ըստ փորձագետի, իրականություն չի դառնա։

Back to top button