ԿարևորՀասարակություն

Հայհոյանքը կմնա քրեորեն պատժելի․ ընդդիմության նախագիծը չընդունվեց

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և ապաքրեականացնել ծանր վիրավորանքը, հայհոյանքը, ծայրահեղ անպարկեշտ եղանակով արժանապատվությունը վիրավորելը։ Իշխանությունն այս երևույթները քրեականացրել է նախորդ՝ 7—րդ գումարման Ազգային ժողովում։ Այսօր, ապաքրեականացում առաջարկող նախագիծը ներկայացնելիս, Աղվան Վարդանյանը պնդում էր՝ հուլիսին փոփոխված օրենքը խնդիրը չի կարգավորում․ հայհոյել ցանկացողը ձևը գտնում է:

«Հայհոյանքին դեմ եմ շատ կտրուկ, բայց դուք այս օրենքով հարցը չեք լուծում․ մարդիկ դա անելու են մտքում, անելու են այլաբանորեն, այլ բառերով։ Կա ընդհանուր մոտեցում՝ հայհոյել չի կարելի, բայց օրենքով արգելել, որ մարդիկ իրենց գնահատականը չտան հատկապես քաղաքական գործիչներին, սա խախտում է խոսքի, մամուլի հիմնարար ազատությունները»,– ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյան

Ընդդիմության կարծիքով, հայհոյանքն ու ծանր վիրավորանքը քրեականացնելով՝ իշխանությունը քրեաիրավական միջոցներով սահմանափակել է նաև հրապարակային քննադատությունը, մինչդեռ խոսքի ազատությունը, ըստ Աղվան Վարդանյանի, ենթադրում է նաև վրդովեցնող ձևակերպումներ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցրեց․

«Ըստ Ձեզ՝ հայհոյանքը պաշտպանված է խոսքի ազատության իրավունքով, իսկ ի՞նչ աղերս կա քննադատության և հայհոյանքի միջև։ Կարո՞ղ է օբեկտիվ քննադատությունը դրսևորվել հայհոյախառն արտահայտությոններով»։

Մեր երկիրը վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացրել է 2010 թվականին՝ եվրոպական կառույցների պահանջով։ Իշխանությունը ամռանը ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացրեց։ Ընդդիմությունը համոզված է, որ դա հետքայլ էր։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան

Համաձայն Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի՝ ծանր վիրավորանքը, հայհոյանքն ու արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է 100 հազարից կես միլիոն դրամ տուգանքով։ Հրապարակային, համացանցով կամ  անձի հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորանքի դեպքում տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձին վիրավորանք է հասցվել պարբերաբար, ապա պատիժը 1-3 միլիոն դրամ տուգանքն է կամ կալանքը՝ մեկից երեք ամիս ժամկետով: Ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերին դիմել է Սահմանադրական դատարան։  Օմբուդսմենի համոզմամբ՝ հոդվածն ունի անորոշ ձևակերպումներ և զուրկ է իրավական կոնկրետությունից։

Այսուհանդերձ, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վաղարշակ Հակոբյանը ընդդիմությանը հարցրեց՝ ինչո՞ւ չեք սպասում Սահմանադրական դատարանի որոշմանը․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյան

«Միգուցե Սահմանադրական դատարանը այնպիսի որոշում է կայացնում, որ դա բավարարում է ձեր խմբակցությանը, իսկ դուք դատական պրոցեսը դեռ չսկսած՝ ասում եք, որ այս օրենքը խնդիր ունի սահմանադրականության հետ»։

Ընդդիմության կարծիքով՝ հարցն ունի հանրային հնչեղություն, և դրա համար է գլխադասային հանձնաժողովում մերժված նախագիծը «Հայաստան» խմբակցությունը համարել արտակարգ։ Լիագումար նիստում այն քննարկվում էր արտահերթ կարգով։

Իշխանությունն առաջարկվող փոփոխությունը համարում էր անտեղին։ Պետաիրավական հանձնաժողովի տեսակետը ներկայացնող Վահագն Հովակիմյանը թվեր է մեջբերում․

«Հանձնաժողովում հարցը քննարկելիս՝ հարակից զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալը բոլորին տեղեկացրեց, որ 137.1 հոդվածով քննություններ իրականացվել են 106 դեպքում։ 106-ից երկրորդ մասով, այսինքն, երբ անձի պաշտոնական դիրքով պայմանավորված կամ իր ծառայությամբ պայմանավորված է վիրավորանքը եղել՝ ընդամենը 18 դեպք։ Այսինքն, 88 դեպքում քաղաքացիները,  օգտվելով օրենքով իրենց ընձեռված հնարավորությունից, դիմել են իրավապահներին։ Հիմա հարց՝ արդյո՞ք օրենքն աշխատում է, թե՞ չէ»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանը համոզված էր՝ մարդիկ հաճախ չափն անցնում են, իսկ օրենքը կանխարգելիչ բնույթ ունի, և իշխանությունը լավագույն տարբերակն է ընտրել։ Ընդդիմությունը հակադարձում է՝ հարցը պետք է կարգավորել ոչ թե օրենսդրությամբ, այլ օրինակ ծառայելով։

«Փոխանակ մենք հանրության, հասարակության մեջ նոր վարքականոն մտցնենք, մեր օրինակով, գործունեությամբ փորփրում ենք, որ սպառնալիքով վերացնենք այդ երևույթները։ Հորդորում եմ նայեք հանրությանը, նայեք սոցիալական ցանցերը։ Եթե  ձեզ թվում է, որ հայհոյանքը վերացել է, կամ այս օրենքը վերացնելու է, ոչ։ Ընդհակառակը, մենք չենք կարողացել նաև շատ շատերի շնորհիվ հասարակության մեջ այլ վարքագիծ, այլ վարքականոն ձևավորել»,– ասում է Աղվան Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության՝ հայհոյանքն ու ծանր վիրավորանքը ապաքրեականացնող նախագիծը Ազգային ժողովը չընդունեց․ մեծամասնության 57 պատգամավոր դեմ էր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց՝ հայհոյանքն ու խոսքի ազատությունը ոչ մի աղերս չունեն, հայհոյանքն ու բռնությունը անընդունելի են՝ ում դեմ էլ ուղղված լինեն՝ իշխանության, թե ընդդիմության։

Back to top button