Էկոսֆերա

Երկրաշարժի կանխատեսումն՝ անհնարինի չափ հնարավոր խնդիր․ «Էկոսֆերա»

Արդյո՞ք կարող է մարդն իր գործունեությամբ նպաստել երկրաշարժերի առաջացմանը։ Սպիտակի երկրաշարժն արհեստածի՞ն էր, թե՞ բնական և ի՞նչ կապ կա խորհրդային տարիներին Սևանա լճի մակարդակի կտրուկ իջեցման և Սպիտակի աղետալի երկրաշարժի միջև։

Մեր մոլորակի վրա ամեն օր տեղի են ունենում ինչպես թույլ, այնպես էլ ուժեղ երկրաշարժեր՝ մի քանի վայրկյանում ավերակների վերածելով ամեն ինչ, դառնալով հազարավոր զոհերի պատճառ։

Ամբողջ աշխարհում մարդիկ փորձում են պաշտպանվել երկրաշարժերից։ Սակայն արդյո՞ք մարդիկ փորձում են չնպաստել երկրաշարժերի առաջացմանը կամ որքանո՞վ է մեծ մարդու ազդեցությունն այս աղետի առաջացման հարցում։

Համաձայն ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության տվյալների՝ 2021 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում աշխարհում տեղի են ունեցել ավելի քան 160 ողբերգական իրադարձություններ՝ ջրհեղեղներ, հրդեհներ, երկրաշարժեր և այլ աղետներ, ինչը 11%-ով ավելի շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։

Աղետներից ամենաավերիչը, ինչպես նշվում է, երկրաշարժերն են, որոնք միլիարդավոր տնտեսական վնասներ են հասցնում երկրներին, դրան էլ գումարած մարդկային զգալի կորուստները։

Աղետներն առաջանում են՝ պայմանավորված բնական և տեխնածին գործոններով։ Մարդածին աղետները առաջանում են հենց այն պատճառով, որ մարդիկ խախտում են էկոլոգիական հավասարակշռությունը:

Խ․ Աբովյանի անվան ԵՊՄՀ էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ , աշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կարինե Դանիելյանն «էկոսֆերայի» հետ զրույցում ընդգծեց, որ մարդն իր գործունեությամբ մեծացնում է աղետների առաջացման հավանականությունը․ «Մենք խախտում ենք բնական երևույթների նորմալ ընթացքը։ Մոլորակը «զայրացած» է մարդու գործունեության վրա և որքան կարողանում է պատասխանում է և պատասխանը գնալով սաստկանում է։ Երկրաշարժերն այդ երևույթներից մեկն է, որոնց թիվը գնալով շատանում է։ Երբ պետք է մարդկությունը լիովին փոխի իր վերաբերմունքը»,- ասաց էկոլոգը։

Միջազգային գիտական հանրության շրջանում տարածված է եղել տեսակետ, որ մարդու գործունեությամբ պայմանավորված կամ մասնագիտական լեզվով ասած՝ հարուցված երկրաշարժերը չեն կարող ուժգին լինել։ Սակայն վերջին տարիներին կան նոր ուսումնասիրություններ, որոնք հակառակն են ապացուցում։

«Էկոսֆերայի» հետ զրույցում երկրաբանական գիտությունների թեկնածու, սեյսմոլոգ Աշխեն Թովմասյանն ընգծում է՝ վերջին տասնամյակում կան փաստագրված իրադարձություններ, որոնց առաջացման հենքում մարդու գործունեությունն է։ Որպես օրինակ՝ մասնագետը նշում է սխալ կառուցված ջրամբարներները։ Խոշոր ջրային ավազաններում ջրի մակարդակի կտրուկ փոփոխությունները կարող են հանգեցնել երկրաշարժերի առաջացմանը։

Սեյսմոլգը հետաքրքիր փաստ է բերում ՝ Սպիտակի երկրաշարժից առաջ Սևանա լճի մակարդակը կտրուկ իջեցվել էր․ «Սևանա լճում ջրի մակարդակի փոփոխությունները բերում են երկրաշարժերի, նման ուսումնասիրություններ կան արված։ Փաստ է՝ Սպիտակի երկրաշարժից առաջ Սևանա լճի մակարդակը 18 մետր և ավելի իջած էր։ Իհարկե սա չի նշանակում, որ սա Սպիտակի երկրաշարժի հարուցման միակ պատճառն է, քանի որ նման երկրաշարժերը շատ երկար ժամանակ են նախապատրաստվում։ Սակայն այն կարող է դառնալ լարվածության առաջացման պատճառներից մեկը»։

Back to top button