Դպրություն

Գևորգ Գանտահարյան․ ուսուցիչ, որ միայն առարկաներ չէր դասավանդում․ «Դպրություն»

Սփյուռքում կրթության խնդիրներով զբաղվող նվիրյալների նպատակն է հայ ժողովրդի կրթական մակարդակը բարձրացնել հայ լեզվով, հայ ոգով և ընդհանրապես նպաստել հայ հոգեկան և իմացական արժեքների ընկալմանն ու տարածմանը։

Սփյուռքի ուսուցչապետության կարկառուն դեմքերից էր լիբանանահայ նշանավոր մանկավարժ, երաժիշտ-խմբավար, մշակութային և հանրային գործիչ Գևորգ Գանտահարյանը։

Տաղավարում են գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Մովսես Գաբուջյանը։

Գևորգ Գանտահարյան․ Դժբախտաբար յուշեր չեմ գրած. չեմ պահած նաեւ ուսումնասիրութիւններ երաժշտագիտական, շարականագիտական, մատենագրական։ Կը կարծեմ սակայն, որ այն, ինչ որ ունեցած եմ իբրեւ իմացականութիւն, մինչև վերջին գիրը, տառը, խորհուրդը փոխանցած եմ աշակերտներուս և ուսանողներուս։ Անմնացորդ ծառայած եմ հայ գիրին, գրականութեան, երաժշտութեան։ Յոյս ունիմ, որ այն, ինչ որ չեմ ըրած, աշակերտներս եւ ուսանողներս կ՜ամբողջացնեն իբրեւ յուշ, վկայութիւն, տպաւորութիւն։ Ինչպէս որ կ՜ընեն արդէն…

Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյան․ Ամեն ուսուցիչ չէ, որ մանկավարժ է։ Ուսուցիչը կարող է գիտելիքներ ունենալ, բայց բոլորը չէ, որ կարող են սովորեցնել և բոլորից չէ, որ կարելի է սովորել։ Գևորգ Գանտահարյանը ուներ ամենաբարձր կոչումը՝ նա ուսուցիչ էր և մանկավարժ։ Հրաչյա Աճառյանն ասում էր, որ ամեն հայ մարդ երկու անուն պետք է պահի և արտասանի խորագույն հարգանքով՝ Մեսրոպ Մաշտոցի անունը և իր ուսուցչի անունը։ Եթե մենք հարգում ենք ուսումը, կրթությունը, բնականաբար պետք է խորը հարգանք ունենանք մեր ուսուցիչների հանդեպ։

Երբ ես աշխատում էի Լիբանանում՝ Հայագիտական բարձրագույն հիմնարկում և Դպրեվանքում, մեր ազատ ժամերին բավականին երկար զրուցել ենք Գևորգ Գանտահարյանի հետ, ես շատ բան եմ սովորել նրանից, նա Սփյուռքի կյանքի հանրագիտարանն էր։ Նա հրաշալի գիտեր գրաբար, հին մատենագրություն, երաժշտություն և այլն։ Սերունդներ է դաստիարակել՝ ամենատարբեր ասպարեզների մարդիկ՝ եպիսկոպոսներ, թեմակալ առաջնորդներ, մտավորականներ։

Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Մովսես Գաբուջյան ․ Գևորգ Գանտահարյան ուսուցիչը ունի համբուրելի աջ։ Պետք է համբուրես ոչ միայն հոգևորականի աջը, այլ ամեն ուսուցչի, առավել՝ այն ամենի համար, ինչ ես ստացել եմ իմ ուսուցիչ Գևորգ Գանտահարյանից, ամենօրյա խոնարհումս իր առաջ և աջհամբույր, որովհետև ինչ եմ ես այսօր՝ պարտական եմ իրեն։ Ես այսօր Հայաստանում եմ, որովհետև իմ ուսուցիչը ինձ համար իրական Հայաստան էր, հայ ժողովրդի պատմություն էր, Հայաստանի աշխարհագրություն էր, հայ երաժշտություն էր, գրաբար էր, մատենագրություն էր։ Ես բախտավոր մարդ եմ, որովհետև եղել եմ աշակերտը և ուսանողը Մուշեղ Իշխանի, Բյուզանդ Եղիայանի, Խորեն Կապիկյանի, Հարություն Գեղարդի և շատ նման անձնավորությունների։ Գևորգ Գանտահարյան ուսուցիչը առարկաներ չէր դասավանդում սոսկ, այլ դրանց մեջ ալեկոծվող ոգին էր փոխանցում։ Նա ապագան շատ լավ էր տեսնում և իր առաքելությունն էր իր աշակերտներին նախապատրաստել այդ գալիք օրվան։ Նա ինձ համար եղել է մարգարեաշունչ անձնավորություն, նա տեսնում էր գալիք Հայաստանը։ Նա կուսակցական էր, բայց բացառիկ անձ, ով երբեք խտրականություն չէր դնում, նրա համար բոլորն էլ մարդ էին, բոլորն էլ հայ էին։

Back to top button