Մոռացված ֆիլմերի ստվերները

Փրկությունը բանտի պատերի ներսում ու դրանից դուրս. Կեսայանցի ֆիլմերը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցը առաջին հայ բեմադրիչն էր, որ էկրան բարձրացրեց խորհրդային բանտի հոռի բարքերը։ Նաև առաջինն էր, որ անդրադարձավ Սպիտակի ավերիչ երկրաշարժին։ Ու եթե առաջին ֆիլմում` «Անիծվածներում» փրկությունը բանտից փախուստն էր, ապա երկրորդում` փրկությունը բանտի պատերի ներսում էր։

1990 թվականին՝ մեր երկրի համար բեկումնային ժամանակաշրջանում, արձակագիր Էդուարդ Խաչիկյանի կինոսցենարով ԴմիտրիԿեսայանցը նկարահանեց «Անիծվածները» քրեական դրաման, որը մի ամբողջ դարաշրջանի նկարագրություն էր։ Գաղութային կյանքի բարքերի մասին պատմող առաջին հայկական կինոնկարն ապահովեց դրամարկղային աննախադեպ խոշոր հասույթ։

Դերասան Լևոն Ղազարյանը «Անիծվածներում» նկարահանվել է խաղամոլ Չոմբեի դերում։ Նա պատմում է, որ ազատազրկման վայրում քրեական անձանց կյանքի ճշմարտացի պատկերումը նոր բացահայտում էր հայ հանդիսատեսի համար, և դա էր պատճառը, որ «Անիծվածները» ֆիլմը մեծ աղմուկ հանեց նորանկախ Հայաստանում։

Լևոն Ղազարյան

«Անիծվածները» ֆիլմից հետո Դմիտրի Կեսայանցը մտադիր էր նկարահանել իր կյանքի ամենակարևոր ֆիլմը։ Նրա ընտանիքը ճաշակել էր ստալինյան աքսորի դառնությունը: Տասներկու տարեկան Դիման ընտանիքի հետ հինգ երկար ու ձիգ տաժանակիր տարիներ էր անցակացրել Սիբիրում, որոնց հիշողությունները տասնամյակներ անց վերածել էր սցենարի։

Խորհրդային Միության փլուզումից հետո «Հայֆիլմ» կինոստուդիան այլևս չուներ այն ֆինանսական միջոցներն, որոնք հնարավորություն կտային Կեսայանցին Հայաստանից դուրս նկարահանումներ անել։

Ռեժիսորը որոշեց նկարահանել «Անիծվածները» կինոնկարի շարունակությունը՝ հուսալով, որ այն ևս կապահովի դրամարկղային մեծ շահույթ, որի շնորհիվ կիրականանա Սիբիրում նկարահանումներ անելու իր վաղեմի երազանքը։ Բայց ինչպես վկայում է «Անիծվածները» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Տիգրան Մխոյանը, Կեսայանցի հույսերը չարդարացան։

Տիգրան Մխոյան

«Հայֆիլմ»  կինոստուդիայի ղեկավարությունը համոզեց Կեսայանցին նկարահանել «Անիծվածները» ֆիլմի շարունակությունը, որի շահույթը նրան հնարավորություն կտար նկարահանելու ինքնակենսագրական կինոնկարը: Բայց այդ ընթացքում փլուզվեց Խորհրդային Միությունը, իսկ նորանկախ Հայաստանում  էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով դադարել էին գործել կինոթատրոնները և ֆիլմը աննկատ մի կողմ դրվեց»,-ասում է Տիգրան Մխոյանը:

«Աղետ». այսպես է կոչվում Դմիտրի Կեսայանցի վերջին ֆիլմը, որտեղ նա հանդես եկավ և՛ որպես կինոռեժիսոր, և՛ որպես սցենարիստ։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիք Կարապետյանը քաջածանոթ է այդ տարիների իրադարձություններին։ Կարծում  է, որ Կեսայանցի կյանքի վերջին երկու ֆիլմերը կարծես կինոռեժիսորի բողոքի ճիչն էին։

«Դմիտրի Կեսայանցի վերջին երկու ֆիլմերը ներքին դժգոհության, բողոքի ճիչ էին։ Կյանքի վերջին տարիներին կինոռեժիսորը բավականին դեպրեսիվ հոգեվիճակում էր և դա արտահայտվել է նրա կինոնկարներում։ «Աղետ»-ը միայն երկրաշարժի մասին պատմող ֆիլմ չէ, այն մարդկությանը պատած գլոբալ, փիլիսոփայական աղետի մասին է և դրանով է այն շատ հետաքրքիր և յուրահատուկ»,-նշում է Մելիք Կարապետյանը։

Մելիք Կարապետյան

«Աղետ» ֆիլմի դերասանական կազմը հաստատելուց հետո 1992 թվականի ձմռանը նկարահանող խումբը կինոօպերատոր Լևոն Աթոյանցի և Դմիտրի Կեսայանցի գլխավորությամբ մեկնեց Վանաձոր։ Երեք ամիս նրանք նկարահանումներ էին կատարում աղետի գոտում` Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում և Գյումրիում։ Տիգրան Մխոյանը հիշում է, որ ֆիլմը նկարահանվեց բավականին ծանր պայմաններում։

«Ե՛վ նկարահանող խումբը, և՛դերասանները բարդ հոգեվիճակում էին: Արցախյան պատերազմ, էլեկտրաէներգիայի բացակայություն, այդ ամենին գումարվում էր նաև մի քանի տարի առաջ տեղի ունեցած ողբերգության նորից վերապրելը, բայց չնայած այդ ամենին մենք կարողացանք պատվով կատարել մեր առջև դրված խնդիրը»,- պատմում է Տիգրան Մխոյանը։

Դմիտրի Կեսայանց

1993 թվականին Կինոյի տանը տեղի է ունենում «Աղետ» ֆիլմի պրեմիերան, որից հետո այն կրկնում է իր հերոսների ճակատագիրը․ փակվում են դարպասները, և ֆիլմը անհասկանալի պատճառներով հայտնվում է մոռացության բանտում։ Ըստ երևույթին՝ այդ բանտում է ռեժիսորը պահպանել իր հեղինակային իրավունքը։

«Աղետ» ֆիլմի պրեմիերայից շուրջ մեկ տասնամյակ անց կինոկենտրոնի ջանքերով կազմակերպված «Կինո աշուն»  ծրագրի շրջանակում ցուցադրվող ֆիլմերից մեկը Դմիտրի Կեսայանցի «Աղետ» կինոնկարն էր։  Այդ ցուցադրությանը ներկա էր Կեսայանցի կինոարվեստի մեծ երկրպագու Մելիք Կարապետյանը։ Նրա համար մեծ անակնկալ էր ֆիլմի ցուցադրությունը:

«Կինոնկարը դիտելու ողջ ընթացքում ես մտածում էի, թե ինչու նորանկախ Հայաստանում արտադրված «Աղետը» այդպես էլ չարժանացավ պատշաճ ցուցադրության և լուսաբանման»,- ափսոսանքով նշում է Մելիք Կարապետյանը։

90-ականների էներգետիկ ճգնաժամով պայմանավորված հովհարային անջատումների հետևանքով Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին պատմող հայկական առաջին «Աղետ» ֆիլմը անծանոթ մնաց հայ հանդիսատեսին։

Էլեկտրականություն լինում էր օրը երկու ժամ, և հեռուստատեսությամբ կինոնկարը դիտելու հնարավորությունից շատերը զրկված էին։ Այդ էր պատճառը, որ նորանկախ Հայաստանում դադարել էին գործել նաև կինոթատրոնները, բայց դրանից հետո անցել են շատ տարիներ, ու թվում է՝ ֆիլմը բանտարվկել է երկրորդ անգամ և առանց հիմնավոր պատճառի։

Ցուցադրել ավելի
Back to top button