Սփյուռքի ձայնը

Հայրենադարձությունն ամենօրյա աշխատանք է․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը դեկտեմբերի 13-19-ը անցկացնելու է հայրենադարձության շաբաթ: Յոթօրյա միջոցառումների շարքը նախատեսված է այն սփյուռքահայերի համար, ովքեր ցանկանում են իրենց կյանքը շարունակել Հայաստանում, ովքեր մտածում են հայրենադարձության մասին կամ պարզապես տեղեկացված չեն հայրենիք վերադարձի հնարավորությունների վերաբերյալ:

Շաբաթն անցկացվելու է առաջին անգամ և բաղակացած է օնլայն և օֆլայն միջոցառումներից, ինչպես նաև հայրենադարձների դեռևս չպատմված ֆոտո և վիդեո պատմություններից: Այս շաբաթվա ընթացքում միջոցառումները կանցկացվեն արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն և ֆրանսերեն՝ խոշոր համայնքների համար իրենց հատուկ թեմաներով:

Ի՞նչ խնդիրներ ունեն Հայաստանում հաստատված հայերը, որոնք եկել են տարբեր երկներից։ ԻՆչպե՞ս է ՀՀ-ն աջակցում հայրենադարձներին, որո՞նք են պետության կողմից տրամադրվող հիմնական արտոնությունները։

Հաջորդ շաբաթ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կազմակերպած հայրենադարձության շաբաթի շրջանակներում լսելի են դառնալու մի շարք խնդիրներ, որոնք նաև պատասխաններ են ստանալու, ասում են հանձնակատարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Կարապետյանը և հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։

Ամալյա Կարապետյանը նշում է, որ շաբաթվա ընթացքում լինելու են հանդիպումներ և՛ հայախոս, և՛ օտարախոս հայերի հետ։ «Մեր գրասենյակում աշխատում են նաև սփյուռքահայեր, որոնք լավ տիրապետում են և օտար լեզուների, և , իհարկե, արևմտահայերենի։ Բացի այդ մեր կայքէջում կարող են բոլոր տեղեկություններն ու ծրագրերը կարդալ մի քանի լեզվով»,- ասում է Ամալյան։

Ինչ վերաբերում է այն խնդիրներին, որոնք այսօր ունեն հայրենադարձ հայերը, ապա ըստ հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանի դրանք բազմաթիվ են ու տարաբնույթ։ Սակայն խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծում տալու համար պետք է նախ դրանք ներկայացնել և տեսակավորել։

«Մենք փորձում ենք դա անել և այս և նման այլ հանդիպումների ժամանակ կազմակերպում ենք պետական պաշտոնյաների և հայրենադարձների հանդիպումները։ Եվ պետք է արձանագրել, որ մի շարք հարցերի լուծումներ այդպես ստանում են»,- ասում է Հովհաննես Ալեքսանյանը։

Հետևելով հանձնակատարի գրասենյակի կայքէջին տարբեր երկրներում ապրող հայերը կարող են մասնակցել հայրենադարձության շաբաթին։ Նրանց նաև կծանուցվի ժամի , թեմայի և մասնակիցների մասին։

Back to top button