ԿարևորՀասարակություն

Կարմիր գիծ՝ ինքնակամ կառույցների համար․ օրենքի ընդունումից հետո դրանք օրինականացնելու հնարավորություն չի տրվի

Քանդե՞լ, թե՞ օրինականացնել ինքնակամ կառույցները․ պետական ու փորձագիտական կարծիքներն այս հարցում բախվում են։ Կառավարությունում կարծում են՝ ինքնակամ կառույցների օրինականացման համար քաղաքացիներին պետք է հնարավորություն ու ժամանակ տալ, փորձագետների դիրքորոշումն ավելի կտրուկ է՝ ապօրինի կառույցները պետք է քանդվեն։ Գործադիրն այսօր հավանություն է տվել  ինքնակամ կառույցների օրինականացման  օրենսդրական փաթեթին, որտեղ հստակ մեխանիզմներ ու ժամկետեր են սահմանվում։

Ինչպե՞ս լուծել  ինքնակամ կառույցների հարցը։ Գործադիրը որոշել է գիծ քաշել մինչև այժմ կառուցված  և առաջիկայում կառուցվելիք շինությունների միջև։ Կառավարության նիստում հավանության արժանացած փաթեթով  առաջարկվում է քաղաքացիներին արդեն իսկ կառուցած ինքնակամ շինությունները օրինականացնելու հնարավորություն տալ, իսկ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո բացառել այդ հնարավորությունը։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանում է․ «Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցները այլևս չեն օրինականացվելու։ Բայց քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված ինքնակամ շինությունները, քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն ու քանդվի ամբողջը, կա մի հստակ մեխանիզմ, որով հստակեցվում է, թե  ինչպես են օրինականացվելու մինչ այս պահը կառուցված ինքնակամ շինությունները»։

Մեխանիզմը փուլային մոտեցում է ենթադրում։ Ուշադիր պետք է լինեն հատկապես այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կկառուցեն 2021 թ.-ի հունվարի 1-ից հետո մինչ օրենքի ուժի մեջ մտնելը։

«Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի Կադաստրի կոմիտեում հաշվառվեն շինությունը, ներկայացնեն համապատասխան պահանջվող փաստաթղթերը, որն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունն ավելի հստակ կսահմանի»։

Օրենսդրական նախաձեռնությունն այս պահին է օրակարգում, քանի որ Կադաստրի կոմիտեն ավարտել է Հայաստանի բնակավայրերի օդային նկարահանումները՝ հստակեցնում է վարչապետը։ ՀՀ-ում բոլոր շինությունների ընդհանուր պատկերն առաջիկայում ավելի հստակ ու ամբողջական կլինի։

«Մենք չենք կարող ասել, որ այսօրվանից ապօրինի շինությունները քանդվում են, որովհետև, հասկանալի է, որ դա չի լինի։ Պետք է որոշակի ժամանակային լադ թողնենք։ Երբ դա թողնում ենք, այդ ընթացքում մի կողմից օրինականացվում է, մյուս կողմից՝ նորից կառուցվում։ Մենք խնդիր ունեինք իքս պահի ֆիքսել, որ սրանք են ՀՀ-ում գոյություն ունեցող կառույցները, և այլևս որևէ նոր կառույցի ի հայտ գալը կարող ենք արձանագրել, որ դա ոչ թե նախկինում գոյություն ունեցած կառույց է, այլ ՝այս հնարավորությունից հետո»։

Երևանի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման   համար ժամկետ է սահմանվել  2023 թվականի հունվարի 1-ը։ Քաղաքային բնակավայրեր ունեցող համայնքների համար  վերջնաժամկետը  2024 թվականի հունվարի մեկն է, գյուղական բնակավայրերինը՝ 2025թ հունվարի 1-ը։

Արդարադատության նախարարի խոսքով՝ փաթեթում խիստ պատիժներ ու սանկցիաներ են սահմանվել այն համայնքապետերի նկատմամբ, որոնք օրենքի ընդունումից հետո չեն կատարի տեսչական մարմինների՝ ապօրինի կառույցներն ապամոնտաժելու, շինարարությունը կասեցնելու պահանջները։

Միայն 2020 թվականին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում բացահայտվել է 430 ինքնակամ կառույց, այս տարվա առաջին չորս ամիսների տվյալով այդ թիվը 107 է։

Տվյալները «Ռադիոլուր»-ին փոխանցել է տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։ Կառույցում հետաքրքիր օրինաչափություն են բացահայտել՝ նախ կառուցում են, հետո միայն օրինականացնում, երևույթը տարածված է հատկապես փոքր համայնքներում․

«Համայնքը ինքնակամ կառույցը , այսպես ասած,  վերցնում է իրեն, հետո աճուրդով օտարում։ Սա լրացուցիչ եկամուտ է ապահովում համայնքի համար։ Կան համայնքներ, որ ղեկավարը ասում է, դու սարքիր, հետո կօրինականացնենք։ Սա նաև համայնքներում բնակիչների չիրազեկվածության խնդիր է»։

Ինքնակամ կառույցներն օրինականացնելու կառավարության նախաձեռնությունը միանշանակ չեն գնահատում մասնագիտական շրջանակներում։ ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն իր դիտարկումներում ավելի կոշտ է, կարծում է, որ  եթե կառույցն ապօրինի է, ապա այն պետք է քանդվի։

«Որևէ բան չի կարելի ինքնակամ անել։ Չի կարելի։ Ինքնակամը խախտում է։ Ի ՞նչ է նշանակում դրանք օրինականացնել։ Ինչու՞։ Եթե սեփականատերը մի գիշերում որոշի հրապարակի կենտրոնում ինքնակամ կառուցի,հետո պետք է ասենք ՝ քանդելիս վնաս է կրում։ Կառուցելուց առաջ պետք է մտածի՝ ինչ է անում»։

Նման օրինակները հատկապես Երևանում շատ են։ Այս հարցում գործադիրից տարբերվող մոտեցում ունի քաղաքային իշխանությունը։  Դեռ հուլիսին Երևանի ավագանին որոշում է ընդունել, որով  մայրաքաղաքի  համայնքապատկան տարածքներում կառուցված ինքնակամ շինությունը, անկախ օրինականացման ենթակա լինել-չլինելու հանգամանքից, կարող է քանդվել քաղաքապետի որոշմամբ։ 

Որոշումը չի վերաբերում այն կառույցներին, որոնք մինչև 2021-ի հունվարի 31-ը օրինական են ճանաչվել։ Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ հունիսի 22-ից մինչև հուլիսի 13-ը 45-ից ավելի ինքնակամ շինություն է ապամոնտաժվել, դրանց մեծ մասը՝ Աջափնյակ վարչական շրջանում։

Կառավարությունը մտավախություն ունի, որ առաջիկա ամիսներին ՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը  ապօրինի շինարարությունը նոր թափ կառնի։ Այդ պատճառով էլ խորհրդարանին առաջարկում է  հարցը որպես անհետաձգելի քննարկել։ Կառավարության ղեկավարի կարծիքով՝  ԱԺ-ն այս հարցով պետք է  արտահերթ նիստ հրավիրի։

Ցուցադրել ավելի
Back to top button