ԿարևորՀասարակություն

Առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:                    

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում  և հարակից օրենքներում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Փաթեթով առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է սահմանել երկու ռեժիմ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար:

Այսպես՝մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման նկատմամբ տարածվում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները:  Նշյալ կարգավորումները գործելու են նաև կիսակառույց ինքնակամ կառույցների՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կառուցված հատվածի վրա:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը և վերջիններս ենթակա են լինելու քանդման: Ընդ որում, ինքնակամ կառույցների քանդման համար նույնպես նախատեսվում է երկու ռեժիմ: Առաջին դեպքը վերաբերում է հողամասի սեփականատիրոջ կողմից իր կողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդմանը (ապամոնտաժմանը):

Մասնավորապես, ըստ Քաղաքացիական օրենսգրքի նախագծով առաջարկվող իրավակարգավորման, հողամասի սեփականատերը կարող է  առանց դատարան դիմելու  քանդել իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Երկրորդ իրավիճակը վերաբերում է ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման հնարավորությանը, որը հնարավոր է իրականացնել բացառապես դատական կարգով: Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ պետական կամ համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման մասին որոշում կայացնում է համայնքի ղեկավարը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ ապօրինի կառույցների օրինականացման գործընթացում մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն  այլևս չեն օրինականացվելու։ «Բայց, քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված շինությունների սեփականատեր քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն ու ամբողջը քանդվի, կա մի հստակ մեխանիզմ, որով նախատեսվում է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,– ասել է նախարարը:

 Ըստ այդ մեխանիզմի՝ հատկապես արագ կարգով պետք է օրինականացման գործընթաց սկսեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021թ–ի հունվարի 1-ից հետո` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ՝ Կադաստրի կոմիտե դիմելու համար: Երևան քաղաքում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացումը կարող է կատարվել մինչև 2023թ–ի հունվարի 1-ը, ՀՀ այլ քաղաքային համայնքներում` մինչև 2024թ–ի հունվարի 1-ը, իսկ գյուղերում` 2025թ–ի հունվարի 1-ը։

Կարեն Անդրեասյանը նշել է, որ օրինագծով նաև խստացվում է այն համայնքների ղեկավարների նկատմամբ պատասխանատվությունը, որոնք անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկի համայնքային ու պետական հողերն ապօրինի շինություններից ազատելու ուղղությամբ։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս պահին նման օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը: «Կարծում եմ, մի նրբություն կա, որը ոչ երկրորդական նշանակություն ունի այս քայլին, այս բարեփոխմանը գնալու համար: Դա այն է, որ Կադաստրի կոմիտեն իրականացնում է Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումներ: Արդյունքում՝ կունենանք Հայաստանի Հանրապետությունում X ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ: Մենք խնդիր ունեինք, մի X պահի ֆիքսել, որ սրանք են Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող կառույցները, և այլևս որևէ նոր կառույցի ի հայտ գալը կարող ենք արձանագրել»,-ասել է վարչապետը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ  դաշտային ամբողջ աշխատանքները 100 տոկոսով ավարտված են: «Այս պահի դրությամբ տվյալների մշակման փուլում ենք գտնվում. որոշակի մասը արդեն մշակված է: Եվ, ըստ էության, մենք կարող ենք արձանգարել, որ 2021 թվականին ամբողջ հանրապետության տարածքը նկարահանված է: Այսինքն՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված բոլոր ինքնակամ շինություններն առկա են օդային նկարների վրա: 2021 թվականին կառուցված ինքնակամ շինությունները պետք է ներկայացվեն հատուկ հաշվառման, որով մենք, ընդհանուր առմամբ, փակելու ենք Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ շինությունների առկայությունը և դրա, այսպես ասած, ինվենտարիզացիան: Եվ օդային լուսանկարները մեզ մոտ պատրաստ կլինեն ամեն ինչով բաղդատված՝ պլանշետներով և այլնով: Մոտավորապես 1-2 ամսվա աշխատանք ունենք դեռևս կատարելու և վերջնական արդեն կունենանք: Բայց նկարահանումները, դաշտային աշխատաքնները 100 տոկոսով ավարտված են»,-ասել է Սուրեն Թովմասյանը: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը  կառուցված շինություններին  օրինականացնելու  իրավունք տալու հարցին՝ մտահոգություն հայտնելով, որ հնարավոր է դա կարող է մարդկանց  դրդել մինչ այդ ապօրինի շինարարություններ  անել: Քննարկման արդյունքում որոշվել է գործընթացն արագացնելու ու ժամկետներից օգտվելու հնարավորությունը կանխելու համար օրինագծերի փաթեթը ճանաչել  անհետաձգելի և ներկայացնել ԱԺ արտահերթ նիստում քննարկելու ու ընդունելու համար։ «Արտահերթ նիստ հրավիրենք, արագացված ընթացակարգով այս օրենքն ընդունենք, բայց այս ընթացքում էլ նաև նախագծի հեղինակները պետք է մեր բարձրացրած մտահոգությունները ինչ-որ ձևով հասցեագրելու, լուծելու միջոցներ գտնեն»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժշետ է ձեռնարկել բոլոր միջոցները հնարավոր ապօրինի շինությունները  կանխելու համար:

Հավանություն է տրվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է կանոնակարգել և հստակեցնել առաջացած հարցերը, վերանայել օրենսգրքի առանձին դրույթները և սահմանել նոր կարգավորումներ: Նախագծով, մասնավորապես,  առաջարկվում է հստակեցնել, որ ստուգման կամ ուսումնասիրության վաղեմության ժամկետի ընթացքը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով: Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ:

Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունմամբ կսահմանվի հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ և դրանով իսկ կապահովվի տվյալ վարչական վարույթի առավել սեղմ ժամկետում առանց բարդացնելու իրականացումը:

Ցուցադրել ավելի
Back to top button