ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական ձեռագիր՝ Բրյուսելի հանդիպումից առաջ

Հայ-ադրբեջանական շփման գծի  արևելյան հատվածում այսօր դարձյալ անհանգիստ է եղել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանի նշված ուղղությամբ։ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմը հրապարակել է մեկ զոհված զիրնծառայողի անուն։

Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային լարվածությունները, որպես կանոն, նախորդում  են կարևորագույն հանդիպումներին։ Դրանցից մեկը նախատեսվում է մեկ շաբաթ անց Բրյուսելում։  ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում դեկտեմբերի 15-ին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

ԱԺ ժամանած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նպատակահարմար չի համարում լրացուցիչ տեղեկություններ փոխանցել, թե ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղ նախօրեին փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Հարցը զգայուն է, անհարկի հարցերն ու պարզաբանումները օգուտ չեն բերելու, բայց վնասել կարող են՝ ասում է․

«Այս պահին իրադրությունը փոփոխության չի ենթարկվել և իրադրությունը բխում է այն հաղորդագրության բովանդակությունից, որը տարածվել է։ Բնականաբար, չճշտված բազմաթիվ հարցեր կան և անընդհատ փորձելու են (ադրբեջանցիները-խմբ․) այս ընթացքում օգտվել այս իրավիճակից, որովհետև խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանի անվտանգության ապահովմանը։ Կխնդրեմ դուք էլ հասկանանք որպես ՀՀ քաղաքացիներ՝ նուրբ հարցեր են և ցանկալի կլինի բավարարվել պաշտոնական լրահոսով։ Մեր սահմանները պաշտպանվում են ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ժամանակ ԶՈՒ մարտունակությունը գործողություններով ապացուցվեց, և կհորդորեմ այս հարցերի վերաբերյալ չափից ավելի տեղեկատվություն չակնկալել, որովհետև դրանով դուք չեք օգնելու»։

Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային լարվածությունները որպես կանոն նախորդում կարևորագույն հանդիպումներին։ Դրանցից մեկը նախատեսվում է մեկ շաբաթ անց ։ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում դեկտեմբերի 15-ին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Դեմ առ դեմ հանդիպման համաձայնությունը ձեռք է բերել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Թե ինչ ակնկալիքներ ունի պաշտոնական Երևանը այդ հանիդպումից, ձևակերպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին առցանց հարցազրույցում․  «Կարևոր նրբորթյունը հետևյալն է, որ մենք այնուամենայնիվ, կփորձենք տարբեր ձևաչափերում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին։ Եվ կարծում եմ, որ, այո, Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինեն հումանիտար հարցերը, այդ թվում նաև՝ գերիների հետ կապված հարցերը»։

Թեև վարչապետը հորդորել էր բանակցություններից սպասելիքները չգերագնահատել, բայց հայաստանյան վերլուծբանները  հավանական էին համարում, որ Բրյուսելից առաջ Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը կհայրենադարձվի։

Այս համատեքստում  ուշագրավ են Ռուսաստանի ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի հայտարարությունները։ «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ հայ ռազմագերիների վերադարձն ապահովելուն ուղղված աշխատանքները շարունակվում են․

«Կա դրական առաջընթաց, կա ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն այս գործը»։

Գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը Մուրադովը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտքը։

«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին թռիչքը, երբ մենք մեկնեցինք Բաքու, և վերադառնալուն պես տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն Երևանում էին՝ «Էրեբունի» օդանավակայան դրանք արցունքներ էին, չէին հավատում, որ տուն են վերադարձել»։

Ռուս զինվորականը տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում կողմերին փոխանցվել է զոհված զինծառայողների 1960 մարմին։

Ռուսաստանի պաշտոնական տեսակետները փոխանցող «ՏԱՍՍ» գործակալությունը նույն թեմայով հարցազրույց է հրապարակել նաև ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ Նրա ներկայացմամբ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործողության շրջանակում ռուս զինծառայողներն այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ մարդասիրական խնդիրների լուծման վրա։

Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված մարդասիրական մի շարք խնդիրների փաստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկայացրել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագայինին։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է՝ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ընդգծել միջազգային կառույցների համարժեք արձագանքի կարևորությունը՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովման գործում:

Նախօրեին մեկ այլ տեղեկություն էր շրջանառվում , թե Մոսկվայից Երևան է ժամանել սահմանազատման և սահմանագծման հարցերով զբաղվող հանձնաժողովը։ Այս առումով Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը պարզաբանում է․

«Մոսկվայից պարբերաբար տարբեր խմբեր կարող են գալ իրենց խնդիրները քննարկելու։ Դուք մի մոռացեք, որ այստեղ նրանք ունենք ռազմաբազա և այլն։ Բայց ձեր նշած սահմանազատման և սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ  Փարիզում քննարկումներ է ունեցել բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Ֆեյսբուքյան գրառմամբ օմբուդսմենը տեղեկացրել է, որ կոնկրետ օրինակներով ու փաստերով մանրամասն ցույց է տվել, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով  Հայաստանի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները՝ ընդգծելով  Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի ու ճանապարհների հարևանությամբ նրանց տեղակայվելը։ Թաթոյանն ընդգծել է, որ այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ դրանք չեն ապահովում  մարդկանց անվտանգությունը։ «Ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները»,-ընդգծել է օմբուդսմենը:

Միջազգային կառույցներին Թաթոյանը փոխանցել է հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցները՝ մատնանշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները:

Ցուցադրել ավելի
Back to top button