ԿարևորՀասարակություն

2022–ին կհիմնանորոգվի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անկախ դիտորդները լուրջ խնդիրներ են արձանագրել․ շենքային պայմաններն անբարենպաստ են, և հրատապ հիմնանորոգման կարիք կա։ Ազատազրկման վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ խնդիրներ կան հատկապես կացարանային մասնաշենքում, որը նախատեսված է կալանավորված և փակ ռեժիմով դատապարտված անձանց համար։

«Այդ մասնաշենքը բավական հին է, յուրաքանչյուր տարի մեր խումբը արձանագրում է, որ շինությունը վերանորոգման կարիք ունի։ Տարիներ շարունակ Արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը միջոցներ են տրամադրել՝ ջրահեռացման ցանցը վերանորոգելու համար, որից էլ առաջանում են լրջագույն խնդիրներ։ Չնայած որոշակի հատկացումների, գլոբալ առումով խնդիրը չի լուծվել, և այս տարի, կապված նաև եղանակային պայմանների հետ, շենքում ջրահեռացման խնդիրներ են առաջացել»,- ասում է դիտորդական խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը։

Դիտորդական խմբի արձանագրած խնդիրներով մտահոգ է նաև Արդարադատության նախարարությունը։ Հավելում են՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներն էլ շենքային պայմանների խնդիրներ ունեն, կա հիմնանորոգման և ընթացիկ վերանորոգման անհրաժեշտություն։

Նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանն ասում է՝ 2019թ-ին հաստատված Քրեակատարողական ոլորտի ռազմավարության մեջ ամրագրված են բոլոր ՔԿՀ–ների շենքային խնդիրները։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը ընդգրկվել է առաջնահերթ վերանորոգման ենթակա կառույցների մեջ, և նախատեսված է մինչև 2023թ․ ավարտիել դրա հիմնանորոգումը։

«Նախատեսված էր թե՛ ներքին ջրահեռացման, թե՛ ջրամատակարարման, թե՛ խոհանոցային հատվածի խնդիրների լուծման հարցը։ 2019թ ունեցանք շինարարական որոշակի աշխատանքներ, ամբողջովին իրականացվեց արտաքին ջրահեռացման համակարգի վերանորոգում, բայց մնացած աշխատանքները չիրականացվեցին ֆինանսական միջոցների բացակայության պատճառով»,– ասում է Արփի Սարգսյանը։

Նախարարության ներկայացուցիչը բացատրում է՝ 2020թ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ֆինանսական միջոցների վերաբաշխումներ եղան, արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ դադարեցվեցին շինաշխատանքները, ինչի հետևանքով ակնկալվող արդյունքը ուշացավ։

«Արդեն 2022թ բյուջետային հայտով մենք ունենք կառավարության հաստատումը և ունենք բավականին մեծ ֆինանսական հատկացումներ հատկապես ՔԿՀ–ների շենքային պայմանները բարելավելու համար։ «Աբովյան» ՔԿՀ–ն թիրախային ուղղություններից է։ 2022-ին կունենանք բյուջետային հատկացումներ, և կսկսվեն նախագծանախահաշվարկային, նաև բուն շինարարական աշխատանքները»։

Դիտորդական խմբի անդամները, սակայն, հակադարձում են՝ մինչև հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը գոնե ժամանակավոր պետք է չշահագործել մասնաշենքի այն հատվածը, որտեղ խնդիրներ կան։

«Շենքում երկրորդ հարկից դեպի առաջին հարկ ջրային հոսք կա։ Առաջին հարկում են գտնվում թե՛ կարանտինային խցերը, թե՛ պատժախցերը, թե՛ աշխատակազմի ու բժշկական սենյակները։ Մենք առաջարկեցինք, որ գոնե ժամանակավորապես այդ առաջին հարկը չշահագործվի, մինչև այդ խոնավության և բորբոսային վիճակը հնարավոր կլինի փոխել»,– ասում է դիտորդական խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը։

Արդարադատության նախարարությունն ու  Քրեակատարողական ծառայությունը քննարկում են խնդրի ժամանակավոր լուծման ուղիները, բայց հարկ են համարում հիշեցնել, թե երբ է կառուցվել քրեակատարողական հիմնարկի շենքը։

«Երբ խոսքը գնում է Սովետական Միությունից ժառանգություն ստացած շինության մասին, ապա այստեղ շատ դժվար է ժամանակավոր լուծումներ գտնել։ Հատկապես երբ հիմնարկը համալրվածություն ունի, պարզապես չենք կարող մի հարկը բոլորովին չշահագործել»,– ասում է ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփի Սարգսյանը։

Քրեակատարողական ոլորտի առաջիկա տարիների ռազմավարությամբ սահմանվել է, որ շենքային պայմանների խնդիրներ ունեն նաև Նուբարաշենի, Գորիսի, Արթիկի, Վանաձորի քրեակատարողական հիմնարկները և Դատապարտյալների հիվանդանոցը։

Ամիսներ առաջ շենքային ոչ բարենպաստ պայմանների պատճառով փակվեցին Հրազդանի և Կոշի քրեակատարողական հիմնարկները։ Կառավարությունը նախատեսում է նաև նոր քրեակատարողական հիմնարկի կառուցում՝ տարիներ առաջ փակված «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տեղում։ Քրեակատարողական հիմնարկներում նոր պայմանները նկարագրելու համար Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ամիսներ առաջ կառավարության նիստում  պատկերավոր ձևակերպում էր տվել․ «օրհնություն կլինի նոր ՔԿՀ–ում լինելը»,–ասել էր նա։

Back to top button